Սահմանադրական դատարանը օգոստոսի 30-ին աշխատակարգային մի շարք որոշումներ կայացրեց: Նկատենք, որ 7 անհատական դիմումներից 1-ը ՀՀ քաղաղացիական դատավարության օրենսգրքի, 4-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, 1-ը՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի եւ 1-ը ՀՀ դատական օրենսգրքի որոշակի հոդվածների սահմանադրությանը համապատասխանալու հարցով էին:
Դիմումատուներից 2-ը նախկին դատավորներ էին՝ Արուսյակ Ալեքսանյանը եւ Սուրեն Անտոնյանը, որոնց գործերով նշանակվեցին դատաքննություններ՝ համապատասխանաբար նոյեմբերի 7-ին եւ հոկտեմբերի 24-ին:
Հոկտեմբերի 24-ին նշանակվել է նաեւ ԱԱ մարմիններում ծառայության մասին գործով գրավոր ընթացակարգով նշանակված քննությունը:
Այդ 7 անհատական դիմումներից մերժվեցին երկուսը՝ Դավիթ Հարությունյանինը եւ Գարիկ Մհերյանինը:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, խնդրելով, Քրեական դատավարության օրենսգրքի ՀՕ-248, 01.07.1998. 290-րդ հոդվածի 1-ին մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել անվավեր:
Դիմողը ներկայացրել էր իր գործի դատավարական պատմությունը, հայտնել, որ ինչպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանը, առանց որեւէ հիմնավորման եւ որեւէ կերպ անդրադառնալու Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշմանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը մեկնաբանել են իր հիմնական իրավունքները սահմանափակող ձեւով եւ նույն օրենսգրքի 174.3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջի («Ծանուցագրում նշվում են՝ … հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը») խախտումը բացառել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի գործողության ոլորտից: Հարությունյանի պնդմամբ՝ նշյալ դատարանների կողմից վիճարկվող դրույթին տրված սխալ մեկնաբանությունը, ըստ որի՝ «մինչդատական վարույթում վկային ուղարկված ծանուցագրում հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը չնշելը դատական բողոքարկման ենթակա չէ», հակասում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասին: Նա նաեւ նշել էր, որ եթե անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը խախտված է, ապա այդ պայմաններում դատական արդյունավետ պաշտպանությունը բացառվում է:
Սահմանադրական դատարանը մերժեց, հիմնավորելով, որ բերված դիմումը ենթակա չէ ՍԴ-ում լսվելուն եւ որ դիմողը իրավաչափության հարց է բարձրացնում, այլ ոչ թե՝ սահմանադրականության:
Ըստ Գարիկ Մհերյանի պահանջի էլ. «Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության իրավունքին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասը՝ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով դատարանների կողմից տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ որեւէ պատշաճ պատճառաբանությամբ դատարանը կարող է չպահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկման հաջորդականությունը, այն է՝ որեւէ պատշաճ պատճառաբանությամբ դատարանը, մեղադրյալին զրկելով իր գործը քննող դատավորին բացարկ ներկայացնելու հնարավորությունից, կարող է երկարաձգել տվյալ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը եւ միայն դրանից հետո վերադառնալ օրենսդրական հաջորդականության մեջ առաջինը նշված հարցի քննարկմանը՝ քննության առնելով դատավորին ներկայացված բացարկը»: Մհերյանի գործը լսվել է հակակոռուպցիոն դատարանում: Վարույթն էլ ստանձնել էր դատավոր Ա. Գրիգորյանը: Ըստ նրա, արդար դատաքննության իրավունքի բովանդակությունն է խախտվել, այնքանով, որքանով զրկում է մեղադրյալին իր գործի՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից քննվելու եւ լուծվելու իրավունքից, եւ թույլ է տալիս, որ մեղադրյալի գործը քննի եւ տվյալ գործով որոշում կայացնի այն դատարանը, որի՝ օրենքի հիման վրա ստեղծված չլինելու մասին կասկածները քրեադատավարական պատշաճ ընթացակարգով չեն փարատվել: Դիմումը մերժվեց նույն պատճառաբանությամբ՝ իրավասու չէր ՍԴ-ն լսելու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.09.2023