Կամ պատառիկներ՝ Լառնակայից
Լառնակա քաղաքը գտնվում է Կիպրոսի արեւելյան ափին։ Այն կղզու երկրորդ առեւտրական նավահանգիստն է: Լառնակայի տեղում մ.թ.ա. 13-րդ դարում ծաղկում է ապրել Կիտիոն քաղաք-պետությունը, որի պետական լեզուներն էին հունարենն ու փյունիկերենը:
Լառնական այժմ զբոսաշրջային կարեւոր կենտրոն է, այն բավականին խաղաղ քաղաք է, չնայած զբոսաշրջիկների մեծ թվին ու անչափ մաքուր է: Այստեղ մարդիկ բարի են, հյուրընկալ ու պատրաստակամ՝ օգնելու: Լառնակայում գործող հայկական եկեղեցի կա՝ Սուրբ Ստեփանոսը, որը կառուցվել է 1900-ականների սկզբին: Մեր այցելության պահին, ցավոք, այն փակ էր: Լառնակայի այցեքարտերի թվում է Սուրբ Ղազարի եկեղեցին: Ընդհանրապես Լառնական եկեղեցիների, մզկիթների ու հնագույն շինությունների, հրաշալի սրճարանների ու ռեստորանների քաղաք է:Լառնակայի միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքից 6 կմ հեռավորության վրա եւ մեքենայով այնտեղ հասնելու համար պահանջվում է ամենաշատը 15 րոպե: Քաղաքով մեկ փոքրիկ խանութներ են՝ արծաթեղենի, հագուստի ու կոշիկի, ինչպես նաեւ հունական քաղցրավենիքի ու հուշանվերների: Սննդի եւ հրուշակեղենի որոշ խանութներ աշխատում են 24 ժամ: Դրանցից մեկում պատահաբար հանդիպեցինք ծագումով հայ աշխատակից Էլմիրային, որը առաջարկեց մեր ընկերուհու ծննդյան տորթի վրա հայերեն շնորհավորանք գրել: Ի դեպ, ցանկացած կիպրոսցի, երբ հարցնում էր, թե որ երկրից ենք ու լսում էր Հայաստան անունը, ուրախությամբ էր արձագանքում: Իթաքի ռեստորանում էլ նման արձագանքի արժանացանք, աշխատակիցներն ասացին, որ հայ ընկերներ ունեն, անգամ յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված խմիչք հյուրասիրեցին:
Լառնակայից 3 կմ հեռավորության վրա գտնվում է աղի լիճը, որը բնական արգելոց է, ֆլամինգոների հավաքատեղի: Թռչուններն այստեղ հավաքվում են գարնանը, իսկ ամռանը լիճը չորանում է ու պատվում աղի սպիտակ, փայլուն շերտով:
Կարդացեք նաև
Լառնակայի շուրջ գտնվող գյուղակներն առանձնահատուկ հմայք են հաղորդում նրան, դրանցից ամենաայցելվածը Լեֆկառան է, որը պատկերացում է տալիս իրական Կիպրոսի մասին: Այն հայտնի է իր ժանյակներով: Անգամ պատմություն կա, որ 1481թ. Լեոնարդո դա Վինչին այստեղից ժանյակ է գնել, որպեսզի օգտագործի Միլանի տաճարի ձեւավորման համար:
Լառնակայի լողափերը մարդաշատ են, բայց ոչ աղմկոտ: Աղմկոտ են դառնում երեկոյան, երբ երիտասարդները հավաքվում են ծովափին, երաժշտություն միացնում ու զվարճանում:
Կիպրոսը ջերմ երկիր է, հայ-կիպրական կապերը միշտ ամուր են եղել: Ի դեպ, Կիպրոսը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո կանգնած է եղել Արցախի կողքին, նաեւ այս երկիրը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան` միջազգայնորեն լիազորված գործող ձեւաչափերի շրջանակներում։ Կիպրոսն այն երկրների թվում է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ օրենքով քրեականացրել դրա ժխտումը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լառնակա-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
02.09.2023