Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարներում ամենաշատը մանրուքներին եմ տեղ տալիս»

Սեպտեմբեր 04,2023 12:30

Ասում է նկարիչ Արսեն Պետրոսյանը

Արսեն Պետրոսյանի արվեստանոցի գլխավոր անկյունում Սումգայիթյան ջարդերի ժամանակ հրաշքով փրկված ընտանիքի խորհրդանշական հին մագնիտոֆոնն է դրված, դրա վերեւում՝ կողք կողքի, Արցախի Տատիկ-պապիկի եւ Մայր Հայաստանի նկարները։ Արսենը խոստովանում է՝ դրանք միայն իր համար է նկարել եւ երբեք չի վաճառելու։ Մեկը մյուսին լրացնող նկարները, կահույքը, երաժշտությունը ներդաշնակորեն ներկայացնում են Արսենի աշխատանքների պատմությունը։

Ասում է՝ նկարելիս հենց երաժշտությունն է ոգեշնչում իրեն։ Հետաքրքիր զրույց ստացվեց երաժշտության ներքո, գուցե հենց դրանից ոգեւորված մեր զրուցակիցը կարողացավ անկեղծ ու անմիջական խոսել իր մասին։

Հոգուն հարազատ նկարները

Հրազդան քաղաքի բազմաբնակարան շենքերի պատերին Արցախյան պատերազմների անմահ հերոսների նկարներն են, որոնց կողքով անցնելիս միշտ կանգնում ես ու խոնարհվում, ինչպես Արսենն է ասում՝ մի տեղ հպարտանալով, մի այլ տեղ՝ ափսոսալով։ Արսենի ձեռամբ արված նկարներն այնքան խոսուն են, որ նրանց մասին պատմելու կարիք չի լինում։ Ասում է՝ ամեն ինչ սկսվեց 2016 թվականին։ Հրազդանում առաջինը ինքն է սկսել նկարել. մոտ քառասունութ նկարների հեղինակ է։ Այդ բոլորն անվճար է անում։

Արսենը գույների մեջ աշխատել չի սիրում՝ նկարի երկարակյացության պատճառով։ Հիմնականում սեւ մատիտով է նկարում։ «Առաջինը կողքի շենքի Զաքարյան Վահեին եմ նկարել։ Ուրֆանյանի, Աբաջյանի նկարները տեսա Երեւանի պետական համալսարանի շենքերի պատերին, որոշեցի ես էլ նկարել։ Հետո Սաքոյի նկարն էլ նկարեցի՝ Ռուսկին։ Մեկ անգամ եմ Հրազդանից դուրս նկարել՝ Բջնիում»,-ասում է նա։ Արսենի պապն Արցախից է՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից։ Հայրը Գրոզնիում է ծանոթացել մոր հետ. քույրն այնտեղ է ծնվել։ Ինքը՝ Արսենը, Հրազդանում է ծնվել եւ մեծացել։ Արցախում չի ապրել, բայց նրա հանդեպ անսահման սիրով է լցված, որը նաեւ իր աշխատանքներում է արտացոլել։

«Պապիկիս արհեստանոցում էր դրված մագնիտոֆոնը, բերեցի այստեղ, մաքրեցի։ Բավականին երկար պատմություն ունի, շատ երկար ճանապարհ է անցել. դա է փրկել իմ ընտանիքին Սումգայիթյան ջարդերից, երբ արտաքսվել է։ Չարյաց փոքրագույնն էր՝ ողջ-առողջ Հայաստան տեղափոխվեցին»,- պատմում է նա։ Արսենի նկարելու տաղանդը բացահայտվել է վաղ տարիքից։ Լավ հիշում է՝ հինգ տարեկան էր, երբ առաջին անգամ դեղին ճուտիկ նկարեց՝ մաթեմատիկայի՝ կապույտ տողերով բարակ տետրում։ Փոքրուց ուզում էր կարատեի պարապմունքներին մասնակցել։ Ծնողներն ասել են՝ կգնաս՝ թեւդ կջարդես։ Արսենը դպրոցում լավ էր սովորում։ Հետո ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետ ընդունվեց, իսկ ուսանելու վերջին կուրսում դադարեց սիրել մասնագիտությունը։ Նկարչությամբ էր տարվել, այն իրեն հոգեհարազատ էր։

«Միշտ նկարում էի. քննությունները շուտ վերջացնելուց հետո, դասի ժամանակ, տրանսպորտում։ Հասմիկ անունով մի աղջկա էի սիրահարված, տրանսպորտում նրան եմ նկարել։ Նկարն այդ ժամանակ նրան եմ տվել, բայց չի վերցրել»,-ժպիտով շարունակում է Արսենը։ Հարցնում եմ՝ իսկ ո՛ւր է այդ նկարը։ Ասում է՝ մնացել է իր մոտ՝ աղջկա հետ կապված լուսավոր հուշերի հետ միասին։

Արսենի դիպլոմային աշխատանքի թեման նկարչության հետ կապ ուներ։ Նա այնպես է ներկայացրել այն, որ քննող հանձնաժողովը հիացել է։ «Ոչ կարդալ եմ սիրում, ոչ՝ գրել։ Մի կերպ քառասունչորս էջ եմ գրել։ Գերազանց ներկայացրել եմ. քսան միավոր եմ ստացել»,-ասում է նա։

Պարտադիր զինվորական ծառայությունն Արսենն անցել է սկզբում Երեւանում, հետո՝ Աշտարակում, Սիսիանում։ «Մինչեւ բանակ գնալը շապիկի վրա էի նկարում՝ շորի ներկերով. Երեւանից էի գնում. այն ժամանակ այստեղ չէին վաճառում։ Ով էր այն ժամանակ իմանում՝ դա ինչ էր։ Ամբողջ Հրազդանն այդպիսի հագուստ էր կրում՝ I love Gayan, I love table: Ամեն մեկը մի բան էր սիրում, ես էլ գրել էի՝ I love my girl friends»,-ասում է նա։

Զորացրվելուց հետո Արսենը մի քանի անգամ այդ գործով է զբաղվել, հետո սկսել է հեռախոսների վրա նկարել։

Իրականության տարրերը՝ նկարներում

«Մտածում էի հյուրանոցում աշխատելու մասին։ Գնացի Ծաղկաձոր. ասացի՝ չորս լեզուների եմ տիրապետում՝ պարսկերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն, ինձ աշխատանքի ընդունեք։ Ասացին՝ մենք ձեզ կզանգենք»,-ասում է նա։

Ընկերներից մեկն Արսենին հարցրել է, թե փայլերով նկարներ անող նկարիչ գիտի՛։ Լսել էր, որ այդպիսի բաներ են անում, ինքն էլ փորձեց։ Սկսեց դիմանկարներ անել սեւ մատիտով, մեկ տարուց հետո՝ գունավոր մատիտներով։ «Հետո թավիշի վրա սկսեցի նկարել՝ ընթացքում նորամուծություններ մտցնելով։ Սրանք հիմնականում ինձ համար եմ անում, միշտ չէ, որ իմ սրտով են լինում։ Եթե այդ նկարն ինձ չի գրավում, չեմ նկարում։ Եթե սրտով չանես, հաստատ լավ չի ստացվի»,-ասում է նա։

Շնորհաշատ նկարչի արվեստանոցի պատերն ամբողջությամբ երիտասարդ աղջիկների նկարներ են՝ էրոտիկ բնույթի կամ նման սցենարներ ենթադրող։ Հետաքրքիր էր, թե ինչու հենց նրանց է շատ նկարում։ Անկեղծանում է՝ չի սիրում ռաբիս նկարներ՝ վիսկի, սիգարո, զառ։ Կարծում է՝ դրանք հին հեռախոսների էկրաններին դնելու նկարներ են, բայց՝ ոչ պատից կախելու։ Մատիտով նկարներում ամենասիրելի թեմատիկան տարազով աղջիկներն են. գույները, բնական տեսքը, անցումները կան։ Բայց դրանք էլ պետք է ճիշտ ընտրել։ «Նկարներում ամենաշատը մանրուքներին եմ տեղ տալիս։ Լույսի ու ստվերի հետ եմ խաղում, որ իմ սրտով նկար ստացվի»,-հավելում է նա։

Սիրված երգիչներ Հայկոյին եւ Մաքսիմին, Տիգրան Մեծ թագավորին վերջերս է նկարել։ Դրանք այն նկարներն են, որոնք պետք է պատկանեն միայն իրեն։ Հերոս Կարեն Ջալավյանին (Քյոխին) է նկարել։ Ասում է՝ նրա խստությունը եւ մնացած մարդկային հատկանիշներն ուժեղ մարդու, ուժեղ հրամանատարի մասին են խոսում։

Արսենը Հայաստանից դուրս էլ է նկարներ վաճառել՝ Բելգիա, Ամերիկա, Ֆրանսիա, Լեհաստան, Շվեդիա, Ռուսաստան։ Որոշել է նկարների մեծ քանակի դեպքում ցուցահանդես կազմակերպել Հրազդանում եւ Երեւանում։

Արսենն իրեն ռեալիստ նկարիչ է համարում. փորձում է նկարներում իրականության տարրերն արտացոլել։ Իր հոգուն ներդաշնակ նկարներում փորձում է իրեն բացահայտել։ Ոգեշնչման աղբյուրը երաժշտությունն է, որի ներքո եւ աշխատում է։ Ու չնայած իր գործում երբեմն հիասթափություններ են լինում, ոչ մի հարցում չի թերանում. չէ՞ որ միակ մարդն է, որին նման պատասխանատու աշխատանք են վստահել, ուրեմն պետք է ամեն ինչ անել՝ պատվով դուրս գալու համար։

Իմ հարցին՝ ինքն իրեն այս բնագավառում կայացած մարդ համարո՞ւմ է, ասում է՝ այո՛, անգամ կարող եմ ինքս ինձնով հպարտանալ։ «Անհամեստ կհնչի՝ չափազանց համեստ եմ հայտնի դառնալու հարցում։ Ձգտում եմ իմ ոճով հասարակության գորշ հատվածից տարբերվել։ Մարդիկ դիմում են ինձ, կարող են ամիսներով սպասել, միայն թե իրենց նկարը հենց ես նկարեմ»,-եզրափակում է նա։

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930