Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր կանգնել հայի՛ հայրենիքին

Սեպտեմբեր 04,2023 12:00

Հայ ժամանակակից թատերարվեստում տեղ գտած երիտասարդական ներկայցումների գրական հիմքը՝ պիեսները, բազում երեւույթների, իրադարձությունների են անդրադառնում, որոնց այս կամ այն կերպ մարդ առնչվում է կյանքում։ Ու թեեւ ոմանց կարծիքով հայրենասիրության մասին բեմից, թատրոնի լեզվով խոսելը «պաթետիկ» ու «աննպատակ» է, այսօր կան երիտասարդներ, որոնք մատուցման եղանակներ փնտրելով, գտնելով կարողանում են հուզել, հույս ու հավատ հաղորդել, մտածելու մղել մարդկանց եւ հիշեցնել, որ հայրենիքը չեն ուրանում։

Եղվարդում տեղակայված «AV» թատրոնի բացօթյա տարածքում օրերս կայացավ «Երազ իմ երկիր» ներկայացման առաջնախաղը։ Պիեսի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ, դրամատուրգ Արմեն Սանթրոսյանն է։

Երիտասարդ բեմադրիչ, դերասան Սարգիս Շողունցն այս արդիական գրական հիմքով կառուցել է կոլորիտային, վառ, դինամիկ ներկայացում՝ շեշտադրելով հայի հայրենիքին տեր կանգնելու վճռականությունը։ Իսկ հայի հայրենիքը Հայաստանն ու Արցախն են։

Բեմադրիչը նաեւ շեշտադրել է մարդկային էությունը, պատմության հերոսների բնավորությունը, կենսակերպը, մտածողությունը։ Այս ներկայացման գլխավոր նպատակներից է նաեւ մարդու հիշողությունն արթնացնելը։

Վահե-Արման Մաթեւոսյանը, Գայանե-Ռոզա Փարամազյանը, Զաքար- Հարություն Բեգ-Վանյանն այնքան բնական ու ապրված են խաղում, նրանց խաղում անմիջականությունը, ազատությունը, միեւնույն ժամանակ նաեւ զսպվածությունը միահյուսված են։ Բոլորի հոգում նույն ցավն է, նույն երազանքը, նույն ապրումներն են… Այստեղ տարբեր են այդ զգացողություններն արտահայտելու ձեւը։ Վահեն հողագործ է, Զաքարը՝ դերասան դառնալու երազանքով փոստատար, իսկ Գայանեն հայուհի է, որն ապրում է Ամերիկայում։ Նրանց երկխոսությունների ընթացքում շատ բան է պարզվում, անգամ հիասթափեցնող ու նողկալի դեպքեր են բացահայտվում։ Սակայն սա չի խանգարում, որ ներկայացման ուղերձը հասնի հանդիսատեսին։ Միակ խանգարող հանգամանքը խիտ երաժշտական ձեւավորումն է, որը վերանայման կարիք ունի։ Նաեւ կարծում ենք, որ անհրաժեշտություն է՝ բեմադրիչն ու դերասանուհին ուշադրություն դարձնեն արեւմտահայերենի բառամթերքին, հնչյունաբանությանը։

Հետեւում ես ներկայացման ընթացքին ու մտածում՝ ինչքան ենք հեռանում ինքներս մեզանից, ով էինք եւ ինչ դարձանք… Ինչպես կորցրեցինք եւ ինչպես պետք է գտնենք ճշմարտությունը…

Ճշմարտությունն, այո, թաքնված է սրբազան հայրենիքի սրտում… Մեզ մնում է՝ սրտից հեռու չգնալ…

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930