Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդային ալերգիան ու երեխաները․ 8 մթերքներ, որոնք ալերգիկ սուր ռեակցիա կարող են առաջացնել

Սեպտեմբեր 04,2023 09:30

Երեխայի հավելյալ սնուցման սկիզբը բավականին պատասխանատու շրջան է ծնողների համար, քանի որ ի թիվս այլ հարցերի, կարող է նաև սննդային ալերգիայի խնդիրն առաջանալ երեխայի մոտ։ Այս հոդվածում մենք դիտարկում ենք այն մթերքները, որոնք առավել հաճախ են սննդային ալերգիա առաջացնում մանուկների շրջանում, ինչպես նաև մատնանշում ալերգիայից խուսափելու ուղիները։

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ մի քանի մթերքների համատեղ օգտագործումն անվնաս է և կարող է օգնել երեխայի իմունային համակարգին՝ սննդային ալերգիայի առաջացման վտանգը հաղթահարելու հարցում։ Սակայն կարևոր է երեխայի սննդակարգում նոր մթերքների ներմուծումն աստիճանաբար սկսելը։ Դա թույլ կտա պարզել, թե երեխան ունի՞ արդյոք ալերգիա որևէ մթերքից և կոնկրետ որ մթերքից։ Հակառակ դեպքում եթե դուք մեկ օրում երեխային երեք տարբեր և անծանոթ մթերքով կերակրեք, ամենայն հավանականությամբ չեք կարողանա պարզել, թե դրանցից որն է խնդրահարույց երեխայի համար։

Ամեն անգամ, երբ երեխայի սննդակարգը հարստացնում եք նոր մթերքով, սպասեք 3-5 օր՝ մեկ այլ կերակրատեսակ առաջարկելուց առաջ, ընդ որում այդ ընթացքում երեխան հանգիստ կարող է ուտել բոլոր այն մթերքները, որոնց արդեն ծանոթ է և որոնք նրա մոտ սննդային ռեակցիա չեն առաջացնում։

Երեխաներն ու ալերգիան․ 8 առավել տարածված սննդային ալերգենները

Ավելի քան 160 մթերքներ կան, որոնք ալերգիկ ռեակցիա կարող են առաջացնել, սակայն դրանցից մի քանիսն ավելի ընդգծված ազդեցություն ունեն։ Այդ մթերքներն են՝

  • Կովի կաթ,
  • հավկիթ,
  • գետնանուշ,
  • ծառի ընդեղեն (օրինակ՝ նուշ, ընկույզ),
  • ձկնեղեն,
  • խեցեմորթներ,
  • սոյա,
  • ցորեն։

Երեխայի սննդակարգը պետք է լինի հարուստ և հավասարակշռված՝ ներառելով ինչպես կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը, այնպես էլ միսը, ձուկը, հավկիթը, հատիկավորները, մրգերն ու բանջարեղենը, և այն փաստը, որ հիշյալ մթերքները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել, պատճառ չէ դրանցից լիովին հրաժարվելու։ Պարզապես դրանք պետք է երեխայի սննդակարգ ներմուծել աստիճանաբար՝ 1-2 շաբաթվա միջակայքում։

Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս այս ալերգեն մթերքները ներմուծել այն ժամանակ, երբ երեխան պատրաստ է պինդ կերակուր ուտելու՝ հնարավորինս վաղ տարիքում, քանի որ չկան ապացույցներ, որ երեխայի մոտ ալերգիկ ռեակցիա չի լինի, երբ նա մեծանա։

Երեխային մինչև 6 ամսականը կրծքով կերակրելը կաթից ալերգիայի կանխարգելման լավագույն եղանակն է։
Ձուկն ու ընդեղենը խորհուրդ է տրվում ներմուծել երեխայի սննդակարգ 9 ամսականից, իսկ մինչ մեղր տալը սպասել մեկ, իսկ որոշ փորձագետների կարծիքով 2 տարի՝ մանկական բոտուլիզմի զարգացումից խուսափելու համար։

Սննդային ալերգիայի ախտանշանները, որոնց արժե ուշադրություն դարձնել

Սննդային ալերգիայի ախտանշանները, սովորաբար, սնունդն օգտագործելուց հետո բավականին վաղ են դրսևորվում՝ մի քանի րոպեից մեկ ժամվա ընթացքում։
Եթե երեխային նոր տեսակի մթերք եք տալիս, ապա ուշադրություն դարձրեք հետևյալ ախտանշաններին՝

  • եղնջատենդ,
  • մաշկի կարմրություն և ցան,
  • դեմքի, լեզվի կամ շրթունքների այտուց,
  • փսխում, փորլուծություն,
  • հազ, խզզոցներ,
  • դժվարաշնչություն,
  • գիտակցության կորուստ։

Սննդային ծանր ալերգիայի ախտանշանները

Ալերգիկ ծանր ռեակցիան կարող է շատ արագ մահվան հանգեցնել։ Անհապաղ պետք է շտապօգնություն կանչել, եթե երեխան սնվելուց հետո ունի շնչառական դժվարություններ, խռխռոց, դեմքի, շրթունքների այտուց, ուժեղ փսխում և փորլուծություն։

Ինչպես հաղթահարել ալերգիայի թեթև ախտանշանները երեխայի մոտ

Ալերգիայի թեթև ախտանշաններ, ասենք մաշկային ցան կամ եղնջացան նկատելու դեպքում դիմեք մանկաբույժին, որը ձեզ կուղղորդի հետագա հետազոտությունների համար։ Կարող է առաջանալ որոշ թեստեր անցնելու անհրաժեշտություն, օրինակ՝
մաշկային թեստ, որոշակի մթերքների նկատմամբ IgE հակամարմինների առկայությունը որոշող արյան անալիզ։

Հիշեք, որ նոր սննդատեսակի նկատմամբ ալերգիկ առաջին ռեակցիան կարող է ավելի թեթև լինել՝ բարդանալով ժամանակի ընթացքում։ Ահա թե ինչու է պետք դիմել մանկաբույժին ալերգիկ անգամ թեթև ռեակցիա նկատելու դեպքում։

Սննդային ալերգիայի որոշ տեսակներ ժամանակի ընթացքում վերանում են, օրինակ՝ կաթից ու հավկիթից ալերգիան, իսկ գետնանուշի, ընդեղենի ու խեցեմորթների պատճառով առաջացող ալերգիան, սովորաբար, պահպանվում է։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ գետնանուշից ալերգիայից ազատվելուն օգնում են գետնանուշով իմունոթերապևտիկ կաթիլները, որոնք կաթեցվում են լեզվի տակ։ Գետնանուշից ալերգիա ունենալու ավելի մեծ հավանականություն ունեն էկզեմա և հավկիթից ալերգիա ունեցող երեխաները։

Եթե ընտանիքի որևէ անդամն ունի սննդային ալերգիա, ապա մեծ է հավանականությունը, որ երեխայի մոտ ևս այն կարող է առաջանալ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930