«Գիտակցված ընտրություն արեք սեպտեմբերի 17-ին, ամենայն զգոնությամբ մասնակցեք այս ընտրություններին, սրանք ճակատագրական, բեկումնային ընտրություններ են։ Ծանոթացեք մեր կուսակցության ծրագրին և կիմանաք՝ ինչպես ենք կարողանում ընտրությունների միջոցով անցնցում իշխանափոխություն անել»,- Նոր Նորքում շրջելով բակերով, զբոսայգիներով, Նոր Նորքի փողոցներով՝ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքային և քաղաքական ընտրություններ են։
Կարդացեք նաև
Նա երևանցիներին ասաց՝ հնարավորություն ունեք սեպտեմբերի 17-ին փոփոխություն բերել Երևան․ «Գնացեք ընտրությունների և այդ ընտրություններով Երևանը դարձրեք ապրելու, հոգատար, կանաչ, երջանիկ քաղաք՝ երջանիկ մարդկանցով։ Գնացեք ընտրությունների, եթե ուզում եք՝ մեր քաղաքը դառնա առաջադեմ, ուժեղ, համայն հայությանը հարիր մայրաքաղաք»։
Մանե Թանդիլյանին պարբերաբար մոտենում էին քաղաքացիներ և տարբեր դրական խոսքեր ասում։ Նրանցից մեկն ասաց՝ «միշտ ճիշտ տեղում լինես», մյուսն էլ, թե ՝ «բարին որ լինում է, մեր ժողովուրդը շատ կարոտ է դրան»։
Մանե Թանդիլյանը, շրջելով բակ առ բակ, նաև իր խոսքում անդրադառնում էր իշխող կուսակցությանը։ Նա բնակիչներին հորդորեց․ «Սեպտեմբերի 17-ի ձեր քվեով ասեք, որ չեք հավատում նրանց և երկրորդ անգամ չեք խաբվելու։ Գնացեք ընտրությունների և ձեր քվեով հնարավորություն տվեք «Ապրելու երկրին» իրողություն փոխել»։
Հետո էլ անդրադառնալով իշխող ուժի կարգախոսին՝ Մանե Թանդիլյանը, դիմելով երևանցիներին, ասաց․ «Էդ ինչքա՞ն պիտի ասեք, որ անեն․․․ խաբում են ձեզ, որ ասում են՝ ամեն ինչ որոշված է։ Դա այսպես չէ, դա իշխանական քարոզչություն է։ Անպայման գնացեք ընտրության»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ