«Ամենակարևոր տարբերությունը, որ երևանցիներին առաջարկում ենք, քառաչափ մոդելի ծրագիրն է»,- հարցին՝ ինչո՞վ է ձեր ծրագիրը տարբերվում մյուսներից, Նոր Նորքում քարոզարշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
Նա նշեց, որ ամեն վարչական շրջանի համար առանձին առաջարկ ունեն, առաջարկ ունեն նաև տարբեր ապրելակերպ ունեցող մարդկանց համար․ «Խոսում ենք ֆունկցիոնալ, արժեքային ծրագրերի մասին, մեր մյուս ծրագիրը երազանքի Երևանն է՝ մոդելավորված, թե ինչպիսին ենք տեսնում Երևանի զարգացումը»։ Մանե Թանդիլյանն ասաց, որ ճոպանուղու մի կայարան էլ Նոր Նորքում կկառուցվի, մյուս նախագիծը Երիտասարդության պալատն է, Զվարթնոցը, կլինեն ճանապարհների բեռնաթափման նախագծեր, կկառուցվեն բուլվարներ։
Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ քառաչափ մոդելն ապահովում և ծածկում է յուրաքանչյուրի կարիք ու յուրաքանչյուր խնդրի լուծում։
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ առաջարկներ ունեք մանկապարտեզների հետ կապված, քանի որ ծնողների մեծամասնությանն այս խնդիրն է հետաքրքրում, Մանե Թանդիլյանը․ «Հազարավոր երեխաներ հերթի մեջ են, որ գնան մանկապարտեզ։ Նախ և առաջ վերականգնելու ենք հենց մսուր մանկապարտեզի գաղափարը, որ երիտասարդ մայրերն արագ վերադառնան աշխատատեղ։ Նախատեսում ենք, որ մանկապարտեզները պետք է մինչև ժամը 20։00 աշխատեն՝ երկու հերթ ժամանակով, որ ծնողները կարողանան հանգիստ ավարտել իրենց աշխատանքը, գնան իրենց երեխայի հետևից առանց լրացուցիչ սթրեսի։ Երեխաները հերթագրման պահից երկու ամսից ավելի հերթում չեն սպասելու։ Երեխաները դառնում են դպրոցի տարիքի, այդպես էլ մանկապարտեզ չեն գնում։ Մենք նախատեսում ենք դա արտապատվիրակել մասնավոր մանկապարտեզներին, որոնք առկա են, ինչպես մասնավոր հիվանդանոցներում պետպատվերի շրջանակներում մարդիկ բուժում են ստանում։ Նույն կերպ արտապատվիրակելով այդ ծառայությունը առանձին մասնավոր մանկապարտեզների, վերահսկելով դրանց որակը՝ մենք արագ մեկուկես տարվա ընթացքում կարողանալու ենք հերթերից ազատել ծնողներին, երեխաներին։ Ակնհայտ է, որ զուգահեռ նոր ենթակառուցվածքներ ենք նախատեսում և նաև ասել ենք, որ 15 րոպե քայլի վրա պետք է լինեն կարևոր ենթակառուցվածքները՝ մանկապարտեզը, դպրոցը, պոլիկլինիկան, և դա նույնպես այս ծրագրի համատեքստում է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ