Լրահոս
Օրվա լրահոսը

Նորիկ Նորիկյան․ «Ես ստիպված եմ լինում 2018-2023 թվականներին Երեւանը ղեկավարած քաղաքապետերի փոխարեն ներողություն խնդրել քաղաքացիներից»

Սեպտեմբեր 03,2023 22:17

«Ընդհանուր առմամբ քաղաքացիների շրջանում լավ ընկալում կա մեր կուսակցության, իմ անձի նկատմամբ։ Մենք փորձում ենք քաղաքական եւ մայրաքաղաքի սոցիալական խնդիրների համադրմամբ քաղաքացիներին ներկայացնել մեր, իմ կարծիքով, արդյունավետ եւ իրատեսական ծրագիրը»,- Շենգավիթ վարչական շրջանում բակային հանդիպումների ընթացքում Aravot.am-ին ասաց քաղաքապետի «Արդար Հայաստան» կուսակցության թեկնածու Նորիկ Նորիկյանը։

«Մեր այցելությունները վարչական շրջաններ ինձ շատ տխուր հետեւությունների են բերել։ Եվ հաշվի առնելով, որ 2018-2023 թվականներին Երեւանը փաստացի կառավարել են անձինք, որոնք այսօր նույնպես հավակնում են Երեւանի քաղաքապետ ընտրվելուն, ես նրանց հրավիրում եմ բանավեճի, որովհետեւ իրենք են ուղղակի պատասխանատու Երեւան քաղաքի վերջին հինգ տարվա կառավարման համար։ Հրավիրում եմ իրենց նշած վայրում, ցանկացած ձեւաչափով, լրատվամիջոցների ներկայությամբ»,-ասաց քաղաքապետի թեկնածուն։

Նրա խոսքով, երեւանցիներին տրված խոստումների 95 տոկոսը չի կատարվել։ «Մասնավորապես, չի կատարվել փողոցային առեւտուրը ամբողջովին վերացնելու խոստումը, 33-րդ թաղամասը կառուցելու, Կոնդի, Տիչինայի եւ Սարի թաղ թաղամասերը կառուցելու, մայրաքաղաքը «Զվարթնոց» օդանավակայանին կապող նոր մայրուղի կառուցելու, Հրազդանի կիրճի վրայով Արշակունյաց պողոտան Մոնթե Մելքոնյանի փողոցին կապող նոր կամուրջ, նոր ճոպանուղային ցանց, մետրոյի նոր կայարան, աղբի վերամշակման նոր համակարգ կառուցելու եւ աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծելու, նաեւ տրանսպորտային համակարգն ամբողջությամբ բարեփոխելու եւ մեկ միասնական տոմսային համակարգ ստեղծելու,  թափառող շների խնդիրը լուծելու խոստումները։ Այս ոչ ամբողջական ցուցակի համադրումը երեւանցիների մեջ գրեթե վերացրել է վստահությունը։ Բնակիչներն ինձ են ասում, որ հիասթափված են, որ ոչ մեկին այլեւս չեն հավատում։ Ու Երեւանը ղեկավարած անձանց փոխարեն ես եմ ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից։ Մինչդեռ, ես ոչ գործող, ոչ նախկին իշխանության մեջ չեմ եղել։ Մարդիկ լսել են նրանց տված խոստումները, հետո տեսել, որ մեծ առումով դեպի լավը ոչինչ չի փոխվել։ Դրա համար ես ուզում եմ, որ նրանք գան բանավեճի եւ պատասխանեն այս բոլոր հարցերին։

Բայց նրանք լսող չեն, շատերն էլ տառապում են մեծամտությամբ ու ամբարտավանությամբ։ Ասողին լսող է պետք։ Ժողովուրդը 2018-ին ասաց, վերականգնեք օրինականությունը երկրում, պատժեք հանցագործներին, վերադարձրեք ժողովրդից թալանվածը, իրականացրեք ձեր տված նախընտրական խոստումները։ Արեցի՞ն։

Հարց է առաջանում․ ինչից է, որ ժողովրդի ասածները չեն արել, բայց անում  են բաներ, որ ժողովուրդը չի ասել։ Ժողովուրդն ասե՞լ է, թքեք քաղաքացու վրա, ասե՞լ է պարտվողական գաղափարաբանությունը դարձնեք դրոշ, ասե՞լ էր Հայաստանի տարածքները դարձրեք սակարկության առարկա, ձեզ միլիարդավոր դրամների պարգեւավճարներ բաժանե՞ք։ Ժողովուրդն այդպիսի բաներ նրանց չի ասել, ինչի՞ են անում։ Ես հիացած եմ, որ մեր ժողովուրդը ասֆալտ փռելը տարբերակում է պետականաշինությունից։

Իմ պատկերացմամբ, Երեւանի քաղաքապետը իր լիազորությունների ծավալով, իր իրավասությունների շրջանակում չպիտի լինի իշխանության խամաճիկը»,-ասաց Նորիկ Նորիկյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930