Դավթաշեն վարչական շրջանում բնակիչների հետ շփումների ժամանակ Երեւանի քաղաքապետի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանին դիմեց այդ թաղամասի հնաբնակներից մեկը՝ տնտեսագետ Համլետ Ասատրյանը։ «Հուսանք, որ ընտրությունների արդյունքները ձեզ ու ձեր քաղաքական ուժին կգոհացնեն։ Ինձ հայտնի վիճակագրական տվյալներով Երեւանը կազմում է Հայաստանի բնակչության 40 տոկոսը։ Երեւանի քաղաքապետի պաշտոնը շատ լուրջ պաշտոն է։ Եվ ես համարում եմ, որ դա ոչ միայն տնտեսական, սոցիալական խնդիրներ լուծելու պաշտոն է, այլեւ գտնում եմ, որ դա առաջին հերթին քաղաքական պաշտոն է։
Ես ձեր ծրագրին ծանոթ եմ, շատ-շատ կետեր ընդունում եմ, ինձ գոհացնում են։ Օրինակ, տրանսպորտի խնդիրը Հայաստանում շատ լուրջ է։ Ասեմ, խորհրդային տարիներին Հայաստանի պետական եւ մասնավոր տրանսպորտի քանակը եղել է ընդամենը 70 հազար մեքենա։ Հիմա 12 անգամ ավել է։ Բայց ճանապարհները, ենթակառուցվածքները 12 անգամ չեն ավելացել։ Խաչմերուկների, կամրջի ծրագիրը որ ունեք, շատ լավ է։ Ակտուալ եմ համարում նաեւ համատիրության հարցը, որ ձեր ծրագրում դրել եք առաջին կոտով։ Ես համատիրությունը համարում եմ փող ծախսող։ Թե ինչի վրա, այս պահին չանդրադառնանք։
Բայց հիմա մի բան եմ ուզում ասել ու ոչ մեկին վիրավորելու կամ սովորեցնելու խնդիր չունեմ։ Իմ կարդացածով, Հին Հռոմում սենատոր ընտրվելու համար առաջինը պետք է հայրենասիրության քննություն հանձնվեր։ Մարդը հայրենասեր է, թե՞ չէ, նա իրավունք ունի՞ երկրի շահերի մասին խոսել, թե՞ չէ։ Ես գտնում եմ, որ այսօր դա ամենաակտուալ խնդիրն է։ Մեր այսօրվա իշխանական հարթության վրա զարմանալի չափով հայրենասիրության պակաս կա։ Ես չեմ ակնկալում, որ դուք հիմա ինձ պատասխանեք։ Ուղղակի ասում եմ․ կուզեի, որ ապագա քաղաքապետը դրա վրա ուշադրություն դարձներ։
44-օրյա պատերազմում ինչ կատարվեց Ղարաբաղում, անգիր գիտենք բոլորս։ Հանձնվեց 228 քաղաք եւ գյուղ։ Ես չեմ տեսել մի ամբիոնից, թեկուզ Ազգային ժողովի, որ մի օր ասեն, թե այդ 228 բնակավայրերի հայ բնակչությունը, որտե՞ղ է, ի՞նչ է կատարվում այդ մարդկանց հետ, հացի խնդիր, ապրելու տեղի խնդիր ունե՞ն, թե՞ չունեն։ 228 բնակավայր։ Ամեն անգամ այդ թիվը հիշելիս, ես փշաքաղվում եմ։
Կարդացեք նաև
Հաջորդ միտքը, որ ինձ անհանգստացնում է կապված Ղարաբաղի հետ։ Ղարաբաղի ժողովուրդը հայ ժողովրդի միակ հատվածն է, որը իր հողից չփախավ։ այսօր էլ կառչած՝ հողը պաշտպանում է։ Որտե՞ղ է Նախիջեւանի ժողովուրդը եւ մնացած հայկական այն տարածքների, որոնք լրիվ դատարկված են։ Պատմությունն ուսումնասիրած, երկու համալսարան ավարտած մարդ եմ ու իմ նմանին խաբելը շատ դժվար է։
Մենք այսօր խոսում ենք 120 հազար արցախցու, այդ թվում, 30 հազար երեխաների մասին։ Միանշանակ լուրջ խնդիր է՝ սնունդ, բուժում․․․ Դպրոցները չեն կարողանում բացել, որովհետեւ դասագիրք չունեն։ Չնայած էս մեր խեղճ հանրապետությունում էլ դպրոցները դեռ դասագիրք չունեն։
Եվ վերջինը, որ կուզեի ապագա քաղաքապետը եւ ավագանին հոգացավ լինեն։ Երեւանում է այսօր կենտրոնացված հայոց ինտելեկտուալ ուժի, տնտեսության հիմնական մասը եւ կրթական ամբողջ ներուժը։ Գիտեք չէ՞, որ դասախոսը ուսանողին տալիս է գիտելիքի 20-25 տոկոսը, իսկ ուսանողին դաստիարակում է միջավայրը։ Ուստի մի խնդրանք․եթե քաղաքապետ դառնաք, երբեք թույլ չտաք Երեւանից բուհերը հանել։ Երեւանի փողոցները, արձանները, թատրոններն են ուսանողին դաստիարակում, քաղաքացի դարձնում։ Ո՞նց կարելի է ուսանողին միջավայրից կտրել, հանել, տանել չոլի մեջտեղը ու ասել՝ մասնագետ դարձիր։ Դավիթ, երբեք թույլ չտաք։ Որպես հայ մարդ ես ձեզ այս ընտրարշավին հաջողություն եմ մաղթում։ Եվ ինչ կմտածեք, ինչ կանեք, միայն ազգի համար արեք»,-ասաց քաղաքացին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ