Հարգելի հողօգտագործողներ, հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։ Նշենք նաև, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում`պայմանավորված ստեղծված իրավիճակով, կկիրառվեն սահմանափակումներ` ամենայն հավանականությամբ մշակման չի ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։ Դա կախված է,նրանից, թե որքանով հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։ Իհարկե այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում, քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը։
Հարգելի հողօգտագործողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը վաճառել հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օր առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։ Պայքարը միայն պատերազմը չէ, սա էլ պայքար է, որտեղից հաղթանակած կարող ենք դուրս գալ միայն բոլորիս միասնականության շնորհիվ։
ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ