«15 համարի ավտոբուսը գիշերը 8-ից հետո չի աշխատում, 45 րոպե սպասում ենք, ոնց որ որբ լինենք»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին դիմեց բնակիչներից մեկը։ Տիգրան Ավինյանը հանձնարարեց իր ենթականերին․«Ինձ ուղարկել հաշվետվություն, թե երեկ-այսօր քանի րոպեն մեկ է աշխատել 15 համարի ավտոբուսը»։ Բնակիչներից մեկն էլ դժգոհեց, որ 2-րդ համարի տրոլեյբուսը ժամը 19։00-ից հետո չի աշխատում։ Ավինյանն արձանագրեց, որ դա նորմալ չէ։
«Կարեւորը խաղաղություն լինի, մեր երեխեքը նորմալ ապրեն»,- ասաց համայնքի բնակիչներից մեկը՝ Ավինյանին այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ խնդիր ունեն մարդիկ։ «Բայց այդ խաղաղության համար ամեն մեկն իր տեղում պետք է իր գործն անի, մենք պիտի շարունակենք մանկապարտեզ սարքել, որ այդ երեխեքն առաջին օրվանից լավ պայմաններում իրենց կրթությունը ստանան, որովհետեւ այդ խաղաղությունը նաեւ մեր ուժից է կախված։ Ինչքան ուժեղ լինենք՝ սկսած մանկապարտեզից, դպրոցից, համալսարանից, այդքան նաեւ մեր սահմաններն են ամուր լինելու։ Այդ միտքը հետո գնում է ռազմարդյունաբերության մեջ, զենք ենք սկսում արտադրել, ավելի գրագետ ենք ամեն ինչ կազմակերպում։ Ինչքան այս հարցերում ուժեղ լինենք, այնքան սահմանին ուժեղ ենք լինելու»,- ասաց Ավինյանը։
Բնակիչը հակադարձեց, որ լավ ղեկավարել է պետք, որպեսզի արդյունք լինի։ «Այդ ամեն ինչի մեջ կա ժամանակի գործոնը, որովհետեւ ոչ բանակն ես մեկ-երկու տարում կառուցում, ոչ ռազմարդյունաբերությունը, ոչ մանկապարտեզը, ոչ էլ դպրոցը։ Ոչ մի համակարգ միանգամից չի կառուցվում, դրա համար պետք է ժամանակ ու ջանք թափել։ Ես հիմա շատ կենտրոնացած եմ կրթության վրա, 24 մանկապարտեզ ենք հիմնանորոգում Երեւան քաղաքում, մյուս տարի՝ 33։ Երեւան քաղաքում երեխեքը պետք է ամենալավ պայմաններում մանկապարտեզ գնան։ Դա մեր վաղվա համար է նաեւ»,- հայտարարեց Ավինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ