«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Շենգավիթ վարչական շրջանում։ Շենգավիթում եւս Տիգրան Ավինյանը խոստացավ բարեկարգել բակերը, ֆուտբոլի դաշտեր կառուցել, լուծել կոյուղու հետ կապված խնդիրները։
Համայնքի երեխաների բողոքին ի պատասխան, թե ֆուտբոլի դաշտ չունեն, Տիգրան Ավինյանն ասաց․ «Երեխեքն ասում են՝ գարաժների տեղը մի հատ ֆուտբոլի դաշտ, ես իրենց դաշնակիցն եմ այդ հարցում»։ Շարուրի 29 շենքի բնակիչները դժգոհեցին, որ կոյուղաջրերը լցվում են շենքի տակ, համատիրությունը խնդիրը չի լուծում, քանի որ գլոբալ խնդիր է։ «Առհասարակ այս հատվածի կոյուղու հարցը պետք է լուծվի»,- ասաց Ավինյանը։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը խոստացավ, որ այսօրվանից գործին ընթացք կտրվի։ «Ավինյան ջան, լիքը ծառեր կան, չորացել են, ոռոգում չկա»,- ասաց բնակիչներից մեկը։ Տիգրան Ավինյանը խոստացավ լուծել նաեւ ոռոգման ցանցի կառուցման հարցը։
Բնակիչներից մեկը բողոքեց․ «Ընտրությունից ընտրություն եք գալիս մեր բակ»։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Տոնոյանը հակադարձեց․ «2019 թվականին սա ենք սարքել, անցած տարի այս բակն ենք բարեկարգել, պարոն Ավինյանն էլ մեզ հետ միասին ձեր բակի ժողովրդի հետ հանդիպել է։ Ասացիք՝ ընտրությունից ընտրություն, բայց ձեր բակում ոչ ոք այդպես չի ասում»։ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ Շենգավիթն այն բացառիկ վարչական շրջաններից, որտեղ մեծածավալ աշխատանք է արվել։ «Մենք լիքը փոփոխություն տեսել ենք, մենք հոգ ենք, շնորհակալ ենք, բայց մնացել է էշը կերել ենք, պոչը չնեղվենք»,- Ավինյանին դիմեց բնակիչներից մեկը։
Կարդացեք նաև
Բնակիչներից մեկն էլ Ավինյանին հորդորեց այցելել հանրակացարանային շենքեր․ «Պարոն Ավինյան, ներքեւի հանրակացարաններում էլ լիքը ժողովուրդ կա, էս 4 շենքը 2200 ձայն ունի»։
Բնակչուհիներից մեկն էլ հայտարարեց՝ «Ժողովուրդ ջան, Փաշինյան դավաճան չի եղել եւ չի էլ լինի»։ Ի պատասխան՝ Ավինյանին ուղեկցող անձինք ծափահարեցին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ․ Գ․ Ի դեպ, Տիգրան Ավինյանը ակնհայտ ակնարկներ արեց Հայկ Մարությանի հասցեին․ «Ընկերը, որ ամենալավ ժամանակ գալիս էր առաջին պլան, ասում էր` ես, ես, ես, ինձ պաշտոն տվեք։ Շատ լավ, էլի մեր թիմակիցն էր, արագ-արագ դիմում գրեց, կուսակցություն մտավ, հետո ասաց, թե սրանք պատեհապաշտ են։ Բայց փաստն այն է, որ պատերազմից հետո տեսավ, որ մեր վիճակը մի քիչ խարխուլ է, կարող է ծեծ ուտենք։ Ու փախավ։ Սա է փաստը։ Այլ սուտ արդարացումներ պետք չեն»։
Նաեւ անդրադարձավ սահմանային լարվածությանը՝ «Ամեն ընտրության Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում։ Բայց այս անգամ շատ կտրուկ պատասխան տվեցինք, ու մեր հայկական զենքերով, որի հանդեպ կար մեծ դիմադրություն: Ուզո՞ւմ եք քաղաքական, լսե՛ք քաղաքական՝ կար մեծ դիմադրություն և հիմա հայկական զենքերով ենք խփում ու շարունակելու ենք խփել ամեն սադրանքին»։