Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան․ «Երեւանցիներն ինձ տեսնելով ասում են՝ քաղաքապետարանի այն ակտիվ տղան»

Սեպտեմբեր 03,2023 15:57

Երեւանի քաղաքապետի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանն այսօր քարոզարշավը սկսեց Դավթաշեն վարչական շրջանում։ Բնակիչների հետ անմիջական շփումից առաջ Aravot.am-ը զրուցեց նրա հետ։

-Ինչպե՞ս է ընթանում գործերը, եւ երեւանցիներն ինչպե՞ս են դիմավորում ձեզ եւ ձեր քաղաքական ուժին։

-Քարոզարշավն ընթանում է բնականոն հունով։ Այսօր բնակիչների կանչով,  կրկին կապված խիստ նեղ բակային տարածքում բարձրահարկ շենքի կառուցման հետ Դավթաշեն վարչական շրջանում ենք։ Նման խնդիրները շատ են։ Իսկ թե ժողովուրդն ինչպես է մեզ ընդունում, ասում են․ սա քաղաքապետարանի այն ակտիվ տղան է։ Բարեբախտաբար, առայսօր որեւէ բացասական ազդակ չեմ ստացել եւ մարդիկ պատրաստակամ են ինձ կրկին գործուղելու քաղաքապետարան՝ շարունակելու այն աշխատանքը, որ կատարել եմ այսքան տարիների ընթացքում։

-Քաղաքապետարանի ակտիվ տղա լինելը շատ լավ է։ Բայց Երեւանի գալիքի համար նոր ծրագրեր ունե՞ք, որոնք առանձնանում են մրցակից ուժերի ծրագրից եւ երեւանցիները դրանք ողջունում են։

-Այո, երկու նոր ծրագիր ունենք, որոնք լայն թափով փորձում ենք լուսաբանել։ Մեկը համատիրությունների վերացումն է, որպեսզի կարողանանք լուծել բազմաբնակարան շենքերի մաշվածության հարցը։ Երկրորդը ինքնակամ սեփական տների օրինականացման հարցն է, որն առկախված է։ Հազարավոր մարդիկ իրենց սեփական տները չեն կարողանում օրինականացնել։ Եվ սա նույնպես ընդգրկված է մեր նախընտրական ծրագրում։

-Իսկ եթե մարդն ունեցել է օրինական 60 կմ տարածք, որն ապօրինի կերպով ընդլայնել է մի քանի անգա՞մ։

-Առանց բացառության պետք է օրինականացվեն բոլոր սեփական տները, քանի որ որեւէ քաղաքապետ չի փորձելու ապամոնտաժել այդ ինքնակամ կառույցները։ Իսկ եթե լինի դրա անհրաժեշտությունը, ինչը ես չեմ բացառում, դա պետք է լինի փոխհատուցման կարգով։ Մեր օրենսդրությամբ ինքնակամ շինության տիրապետումը եւս իրավունք է ենթադրում։ Բայց դա, իհարկե, վերաբերում է մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված տներին։ Դրանից հետո կառուցված որեւէ ինքնակամ կառույց չի կարող օրենքի ուժով որեւէ օրինական ուժ ստանալ։

 

Դավթաշեն վարչական շրջանում  «Լուսավոր Հայաստանը» ծաղիկներ խոնարհեց 44-օրյա պատերազմում զոհված Աժդահակ Կիրակոսյանի հիշատակին կանգնեցված խաչքարին, որից հետո շենքերի բակերում հանդիպեց քաղաքացիների հետ, լսեց նրանց խնդիրներ ու հուզող հարցերը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930