«Հանրապետություն» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Դավթաշեն վարչական շրջանում։ Կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը հանդիպեց համայնքի բնակչության հետ ու լսեց նրանց խնդիրները։
«Ես որոշել եմ ձեզ ընտրել։ Բայց եթե ձեզ ընտրենք, կարո՞ղ է Հանրապետական կուսակցությունը հետ գա իշխանության»,- Արտակ Զեյնալյանին հարցրեց համայնքի բնակչուհիներից մեկը։ «Ինչպե՞ս եք դա պատկերացնում, ինչպե՞ս է դա հնարավոր։ Գործնականում հնարավոր չէ, մենք իրար հակառակ գաղափարախոսություն ունենք, հակառակ վարք ունենք, իրարից տարբերվող անցած ճանապարհ ունենք։ Իրենք մեզ ձերբակալել են, դատապարտել են, հետապնդել են։ Դա ուղղակի հնարավոր չէ»,- արձագանքեց Արտակ Զեյնալյանը։
«Առավոտի» հետ զրույցում հարցին, թե արդյոք երեւանցիները կարողանո՞ւմ են քարոզարշավի շրջանում կողմնորոշվել, թե ինչ ընտրություն պետք է կատարեն, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Իրականում ընտրարշավը, ընտրական ժամանակաշրջանը շատ փոքր հատվածն է ընտրական կամք ձեւավորելու։ Ես կարծում եմ՝ երեւանցիներն արդեն ունեն ընտրական կամք։ Եթե ոչ առերեւույթ, ապա ենթագիտակցորեն իրենք արդեն որոշել են, ունեն որոշում։ Եվ սա ընդամենը մոբիլիզացիա է, հստակեցում է, վերջին շտրիխներն են»։
Կարդացեք նաև
Հարցին, թե անհրաժեշտության դեպքում «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կկազմե՞ն, Զեյնալյանը պատասխանեց, որ Երեւանի ավագանիում նվազագույնը պետք է լինի երեք քաղաքական ուժ։ «Եվ երեւանցին է որոշելու, թե այդ երեք ուժերը որոնք են լինելու։ Երեւանը մի ամբողջական օրգանիզմ է, մի ամբողջական անձ է, Երեւանն է որոշելու՝ ովքեր պետք է իրար հետ համագործակցեն Երեւանի համար, երեւանցիների համար։ Այդ երեք ուժերը լինելու են իշխանություն՝ քաղաքական մեծամասնություն եւ քաղաքական փոքրամասնություն։ Այս ուղերձն է, որ ես հղում եմ իմ ժողովրդին։ Եվ այն ձեւաչափը՝ փնովելու, նզովելու, ատելու միմյանց, վիրավորելու, պետք է տեղ չունենա։ Մենք դրա վրա ծախսելու ժամանակ չունենք եւ այդքան էներգիա չունենք միմյանց վարկաբեկելու համար»,- նշեց նա։
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ երեւանցիները հասկանում են, որ այն խնդիրները, որոնք կան Երեւանում, ածանցյալ են, պետք է վերացնել պատճառը, որպեսզի հետեւանքները վերանան։ «Եվ մենք այս արշավին մասնակցում ենք՝ նաեւ երեւանցու մեջ ձեւավորելու հայրենատիրոջը, ոչ թե մենք ուզում ենք, որ ուղղակի բնակատեղիում բնակվողը մեզ ընտրի, այլ ուզում ենք, որ նա դառնա տեր, հասկանա, որ ինքն իր նախնիներից ժառանգություն է ստացել Երեւանը եւ պարտականություն ունի ավանդելու իր ժառանգներին։ Եվ իրենց հարցերը, որոնք տալիս են երեւանցիները, տալիս են այս համատեքստում։ Մենք Երեւան ենք բերելու տեխնոլոգիաներ եւ ներդրումներ, իսկ դրանք Արեւմուտքում են, քաղաքակիրթ աշխարհում։ Մենք պիտի դառնանք այդ աշխարհի ակումբի անդամ։ Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, անգամ ամենամանր դետալների վերաբերյալ ունենք լուծումներ, եւ այդ լուծումները փոխկապակցված են ընդհանուր երազանքի հետ։ Մենք առանձին-առանձին խնդիրներ չենք լուծելու, ամբողջը միասին ենք լուծելու, փոխկապակցված։ Երեւանցին անհայրենիք չէ, սրտով է, խելքով է ու հասկանում է, որ պետք է ապրի ու գործի»,- հավելեց Զեյնալյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ