Լրահոս
Օրվա լրահոսը

Անտարբերությունը կհասցնի աղետի

Սեպտեմբեր 03,2023 11:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Աշխարհը բան չի անում», «Ես ի՞նչ կարող եմ անել»: Մեր օրերում սրանք տարածված նախադասություններ են, որոնք հիմնականում ասվում են մերձիշխանական շրջանակների կողմից:

Կարիք չկա բացատրելու, թե ինչպիսին է իրավիճակն այժմ Արցախում: Այնուհանդերձ, հայ հանրության մի զգալի հատվածի նույնիսկ մտքի ծայրում մտահոգություն, անհանգստություն կամ նյարդայնություն չկա արցախահայության անմարդկային կացությամբ պայմանավորված:

«Աշխարհը բան չի անում»: Դժվար աշխարհը որևէ բան ուզենա անել, եթե նախ հայ հանրությունը չի պահանջում որևէ գործուն քայլեր ձեռնարկել: Տպավորություն է, որ «վերևները» հայերին հատուկ ընկղմել են առօրյական, ճղճիմ և մանր հարցերի մեջ, որպեսզի մարդիկ ենթագիտակցաբար մտածեն, թե իբր երկրում ամեն ինչ լավ է, իսկ ԼՂ-ում կատարվողը երկրորդական հարց է, որը մեզ այդքան էլ չի հետաքրքրում:

Սա է վկայում Երևանի և Հայաստանի այլ բնակավայրերի փողոցների թեթև միջավայրը, ժամանցի մարդաշատ վայրերը, քեֆերի և առատ սեղաների նկարները սոցիալական մեդիայի հարթակներում և իկարկե Սնուփ Դոգի կայանալիք համերգը Երևանում:

Եկեք դիտարկենք միայն Սնուփ Դոգի համերգի հանգամանքը: Վստահաբար այդ համերգը անցկացվելու է երիտասարդներով լեցուն դահլիճում: Հաշվի առնելով ռեփերի ոճը, քրեական անցյալը և սերը թմրանյութերի հանդեպ՝ այդ համերգին մասնակցող անձն իրապես չտեղեկացված է և (կամ) անտարբեր է իր հայրենակիցների տառապանքի հանդեպ:

Այս արհեստականորեն առաջացած անդարդ և անտարբեր մտածողությունը, որը թուլացնում է մեր ազգային կամքը՝ տանելով աղետի, չէր լինի, եթե իշխանությունները ճիշտ գնահատական տային իրավիճակին: Կառավարության նիստերից առաջ ընթերցվող հայտարարությունները, միջազգային ատյաններ դիմելը, ԱԳՆ հայտարարությունները հիմնակնում ուղղված են միջազգային հանրությանը: Իշխանության շահերից չի բխում ԼՂ-ում ծավալվող աղետի մասին խոսել ներքին լսարանի՝ հայերի հետ, որովհետև իշխանությունների՝ իրավիճակը հարթելու անկարողությունն ակնհայտ է:

Երբ խոսքը վերաբերում է մարդկային տառապանքին, մարդու անօտարելի իրավունքների համակարգված և երկարաժամկետ խախտումներին, մոտալուտ ցեղասպանությանն ու ընթացող էթնիկ զտմանը, մնացած այլ հարցերը պետք է մղվեն երկրորդ պլան: Ո՞ւմ է պետք տնտեսական աճ, նոր ճանապարհներ, շինարարական բում և այլն, երբ 120.000 հայրենակից սեղանին հաց չի կարողանում դնել:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930