Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնորոշումն աշխարհի եւ ինքն իր վերաբերմունքի գիտակցված սահմանումն է․ «Հայացք Երևանից»

Սեպտեմբեր 03,2023 10:36

Ինքնորոշման դեմ խաղ չկա։ Ինքնորոշման պրիզմայով դիտարկելով հայ ժողովրդի քաղաքական խնդիրները՝ հանդիպում ես բազմաթիվ հարցերի, որոնք ավելի մանրամասն պարզաբանում են պահանջում այս երեւույթի ճակատագրական իմաստը հասկանալու համար։ Շատերը պարզապես չեն հավատում, որ ինքնորոշումը կարող է ինչ-որ բան փոխել ժողովրդի կյանքում, եթե այն թույլ է եւ շրջապատված ագրեսիվ միջավայրով: Ի՞նչ կարող է ինքնորոշումը տալ նման պայմաններում։ Հակիրճ բանաձեւը հետեւյալն է. ինքնորոշումը փոխում է աշխարհի վերաբերմունքը ինքնորոշված սուբյեկտի նկատմամբ եւ դրանով իսկ ստեղծում ռեսուրսներ իր գոյատեւման ու զարգացման համար:

Ինքնորոշումը բնորոշ է ինչպես անհատի, այնպես էլ մարդկային համայնքների ու ժողովուրդների համար: Ի՞նչ պետք է անի մարդը կամ անեն մարդիկ՝ դրան հասնելու համար: Նախ՝ հասկանալ, որ ինքնորոշումն աշխարհի եւ ինքն իր վերաբերմունքի գիտակցված սահմանումն է: Սա կյանքի կոնկրետ հանգամանքներում սեփական դիրքի, նպատակների եւ ինքնաիրացման միջոցների ընտրության գործընթացն ու արդյունքն է, մարդու կողմից ազատություն ձեռք բերելու եւ դրսեւորելու հիմնական մեխանիզմը։

Անմիջապես կարող է հարց առաջանալ՝ ո՞ւմ է պետք ազատությունը, եթե դրա գինը հաճախ ժողովրդի տառապանքն է։ Ավելի տրամաբանական չէ՞ երբեմն ոտնահարվի ազատությունդ՝ հանուն գոյատեւման։ Հայերը դարեր շարունակ ապրել են առանց ազատության…

Նրանք, ովքեր համոզված են, որ սեփական իրավունքներից եւ, ընդհանրապես, ցանկացած ազատությունից հրաժարվելը ճանապարհ է դեպի փրկություն եւ ապահով կյանք, կարող են այդպես մտածել։ Շատերը կան, որոնք հայ ժողովրդի բոլոր անհաջողությունները կապում են նրա ազատության ձգտումների հետ։ Ըստ այդմ՝ բոլոր անախորժությունները «անսանձ ցանկությունների» հետեւանք են։ Այսպիսով՝ հայ քաղաքական դասի կողմից բոլոր ժամանակներում ազգային ինքնորոշման իմաստի թյուրըմբռնումը բերեց ազգային ձախողումների բացատրության տարբեր պատճառների որոնման պահանջ։ Արդյունքում նման մոտեցումը հանգեցրեց ժողովրդի հավերժական ինքնախարազանման եւ ուրիշների կողմից իր դեմ կատարված ցանկացած հանցագործության արդարացման։ Եվ ոչ ոք չի ցանկանում քննարկել ձախողումների իրական պատճառը:

Օրինակ՝ 1915 թվականի Ցեղասպանության խնդիրը քննարկելիս շատ հայեր դրա մեջ տեսնում են երրորդ ուժերի խարդավանքները։ Այն, որ օսմանցիներն իրենք կարող էին դիտավորություններ ունենալ ոչնչացնելու կայսրության քրիստոնյա ժողովուրդներին՝ երկիրը յուրացնելու համար, քչերի մտքով է անցնում։ Եվ հասկանալ, որ դահիճիդ ուժը հենց ինքնորոշումն էր, որի մասին դու պատկերացում չունես, ամենին վիճակված չէ։ Որովհետեւ կա խորը վստահություն, որ միայն համաշխարհային տերություններն ունեն ուժ ու իշխանություն, եւ մեր ձախողումները գալիս են հովանավոր չունենալուց: Ուժեղներն անում են այն, ինչ ուզում են, իսկ թույլերին վիճակված է միայն ենթարկվել:

Ահա թե ինչպես ենք մենք ապրում դարերով։ Իսկ հիմա ամեն րոպե միջազգային հանրությունից մատնացույց ենք անում «խիստ քեռիներին»։ Բայց որտեղի՞ց հայ վերնախավի քաղաքական աշխարհայացքում հաստատվեց «վախը աշխարհակարգից»՝ ի դեմս «միջազգային հանրության», իսկ իրականում՝ ի դեմս ազդեցիկ ուժերի։ Եվս մեկ հանգամանք. որտեղի՞ց է վստահությունը քաղաքական սուբյեկտի կողմից՝ ազդեցիկ ուժերի դիրքի վրա ներազդելու անհնարինության նկատմամբ։ Ինչո՞ւ է իրավունքներից կամավոր հրաժարումը հօգուտ աշխարհակարգի՝ դիտվում որպես ողջամտության բարձրագույն արտահայտություն:

Ըստ երեւույթին, շատ նշանակալից մի բան պետք է բացակայի ժողովրդի աշխարհայացքի համակարգում, որպեսզի նա գնա «աշխարհակարգի» թելադրանքով հանուն փրկության իրավունքներից հրաժարվելու ճանապարհով։ Եվ ոչ միայն բացակայի, այլեւ ներկա լինի դոգմատիկ կեղծ համոզմունքների տեսքով։

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930