Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Հայկական գորգարվեստի ընտիր նմուշներից բաղկացած հավաքածուի ցուցադրությունը

Սեպտեմբեր 03,2023 10:00

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը։

Ցուցադրության կազմակերպիչը Պատմության թանգարանն է՝ «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ գործակցությամբ:
Բացման արարողությանը ներկա է եղել Ջեյմս Թուֆենկյանը:

Միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորանքով և լռության րոպեով՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին նախագծի՝ իրականություն դառնալու առթիվ: «Պետությունը մշտապես կարևորում է այսպիսի համագործակցությունները, և ես հուսով եմ, որ այս մի համագործակցությամբ մեր կապը չի ավարտվի: Հայկական գորգերի ներկայացումը կարևոր խթան է նաև զբոսաշրջության զարգացման առումով․ Հայաստան այցելող զբոսաշրջիկները շատ են հարցնում գորգերի մասին․ նրանք Հայաստան են գալիս՝ նախապես արդեն մեր երկիրը ճանաչելով որպես գորգագործության կարևոր կենտրոն ու հայտնի գորգանմուշներ ստեղծած երկիր: Այս համատեքստում սա ոչ միայն զբոսաշրջության և այցելուների համար կարևոր նախագիծ է, այլև կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական առումով: Վստահ եմ, որ շատ-շատերն են գալու այս ցուցահանդեսը դիտելու», – ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

«Ուրախ ենք, որ Հայաստանի մայր թանգարանում կարող ենք հայտարարել մի կարևորագույն համագործակցության մասին: Ցուցադրությունն ընդհանուր առմամբ հետաքրքիր հաղորդագրություն ունի իր մեջ. մշակութային ժառանգության պահպանության ներկայացման գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ է պարունակում իր մեջ այս ցուցահանդեսը: Մայր հայրենիքում առաջին անգամ կներկայացվի պարոն Թուֆենկյանի՝ երկար տարիների աշխատանքի արդյունքը: Հայկական գորգարվեստի ընտիր նմուշներից բաղկացած այս հավաքածուն մեզ համար կբացահայտի մեր հարուստ ժառանգության բազմազանությունն ու ինքնուրույն դրսևորումները», – ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Դավիթ Պողոսյանը շնորհակալանքի խոսքեր է հայտնել Ջեյմս Թուֆենկյանին, ցուցադրության համադրող Նաիրի Խաչատուրյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցադրության կազմակերպման ընթացքում ցուցաբերած աջակցության համար, թանգարանի աշխատակիցներին՝ գործադրած ջանքերի համար:

Հավաքածուում ընդգրկված են Արցախ-սյունիքյան, Լոռվա, Արևմտյան Հայաստանի և հայկական պատմա-ազգագրական տարբեր շրջանների տիպաբանական շուրջ 30 գորգանմուշներ՝ մի մասը՝ արձանագիր:

«Ես ունեի հավաքածուն, կարողացել էի հավաքել գորգերը, բայց գաղափար չունեի՝ ինչպես կարելի է դա ցուցադրել: Ցավոք սրտի, մենք ինքներս դեռ ամբողջությամբ չգիտենք՝ ինչի մասին է հայկական գորգը, ինչ տեսք ունի: Սա պետք է լինի մեր ներդրումը համաշխարհային ժառանգության մեջ: Ես շատ երջանիկ կլինեմ, եթե այստեղ գան դպրոցական երեխաները՝ դիտելու ցուցահանդեսը։
Այս գորգերն այն նույն ճակատագիրն ունեն, ինչ ունեցել են ցեղասպանության ժամանակ գողացված և թրքացած երեխաները. նրանցից ոմանք կարողացել են իմանալ իրենց ինքնությունն ու փրկվել: Այս գորգերն էլ ստեղծվել են հայ կանանց կողմից, եղել են շատ կարևոր իրենց տներում, բայց վերջին 150 տարիներին սփռվել են աշխարհով մեկ, փոխվել են դրանց անուններն ու ազգային պատկանելությունը: Եվ ինձ համար այս գորգերը գտնելն ու Հայաստան բերելը նման է այն նույն երեխաներին հայկական ինքնությանը վերադարձնելուն», – ասել է Ջեյմս Թուֆենկյանը՝ կարևորելով հայկական գորգործության գիտական ուսումնասիրությունը։

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի շրջանակում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930