«Արցախին սատարելու համար պետք է հստակ հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում Արցախում»,- այս մասին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակն առանց այն էլ բարդ էր, դրան գումարվել է բավական ծանր պայմաններում Արցախի նախագահի հրաժարականը։ «Արդյոք այդ հրաժարականը հասունացե՞լ էր։ Ես կասեի՝ շատ վաղուց։ Սակայն ակնհայտ է, որ հրաժարական տալու առավել նպատակահարմար ժամանակներն արդեն բաց ենք թողել։ Մեկ բան է, որ այս հրաժարականը տեղի ունենար 44-օրյա պատերազմից 2-3 ամիս հետո, երբ իրավիճակը հարաբերականորեն կայուն էր, լրիվ այլ բան է հիմա։ Այս օրերին շատ տեսակետներ, կարծիքներ, վարկածներ հնչեցին, թե ինչո՞ւ Արցախի նախագահը հրաժարական տվեց։ Ավելին, կոնկրետ ուժեր՝ հատկապես հայաստանյան իշխանություններից սնվող, սկսեցին տեղեկություններ տարածել տարաբնույթ խորհրդավոր ընթրիքների, երրորդ ուժերի ճնշումների կամ պարզապես պատասխանատվությունից փախուստի մասին։ Բայց փաստ է, որ Արցախում կառավարումը խաթարվել էր, պետական մեքենան կարծես կանգ էր առել, իսկ իշխանության, ավելի կոնկրետ՝ նախագահի հանդեպ հանրային վստահությունը պատմական նվազագույնի էր հասել։ Անկառավարելի իրավիճակն Արցախը քաոսի տանելու սպառնալիք է ստեղծել, իսկ նման ներքին խնդիրների խորացումն ահռելի տեմպերով մաշում է դիմադրության բոլոր ռեսուրսները՝ եւ Արցախում, եւ Հայաստանում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ կարծիքներ հնչեցին պետնախարարի պաշտոնում Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանին նշանակելու եւ առաջիկայում նրա թեկնածությունը նախագահի պաշտոնին ներկայացնելու վերաբերյալ, պետք է նշեմ, որ Շահրամանյանն այն քչերից է, ով ի սկզբանե նման ամբիցիաներ չի ունեցել, իրենց պաշտոնների համար այս կամ այն կողմ չի հրել։ Հաշվի առնելով նրա սկզբունքային կերպարը, պետական ու ուժային համակարգերում ունեցած փորձն ու հեղինակությունը, ինչպես նաեւ պետականամետ ու ազգային վարքագիծը, քաղաքական հիմնական ուժերի ու դերակատարների միջեւ քննարկումների արդյունքում քաղաքական կոնսենսուս է ձեւավորվել»,- ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ դա չի նշանակում, թե մեկ մարդն Արցախում միայնակ պայքարի առաջնորդություն ստանձնելու հնարավորություն ունի։ Նա պետք է ունենա լուրջ հենարան, իսկ այդ հենարանը ոչ միայն քաղաքական ուժերն են, այլ առհասարակ հայ ժողովուրդն է։ «Եթե ձեւակերպելու լինենք ներքին քաղաքական հարցերն Արցախում, ապա շատ կարեւոր եմ համարում Արցախի ներսում իշխանության եւ հասարակության միջեւ ազնիվ, շիտակ երկխոսության ծավալումը։ Արցախցին պետք է շատ հստակ իմանա, վստահ լինի, որ որքան էլ բարդ լինի, շարժվում է ճիշտ ուղղությամբ եւ իրեն առաջնորդում է մարդ, ով սկզբունքային է, արդար է ու քայլելու է շարքի առջեւից։ Երկրորդ, Արցախը որեւէ նպատակի չի հասնի, եթե երկրի ներսում չչեզոքացվի ներքին ցնցումների ռիսկը, որն այս պահին ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմք։ Ամեն գնով, եթե անհրաժեշտ լինի, ամենակոշտ միջոցներով պետք է ապահովել Արցախի ներքին անվտանգությունը, որի ուժեղ ֆունդամենտի վրա է միայն հնարավոր կառուցել արտաքին անվտանգության հենասյուները։ Առանց ներքին ու արտաքին անվտանգության ամուր հիմքի, ոչ Արցախի հետ բանակցող կլինի, ոչ լսող կլինի։ Կամ էլ պետք է լուռ, գլուխներս կախ գնանք բանակցությունների ու ստորագրենք մեզ դեմ տրված ցանկացած փաստաթուղթ։ Երրորդ, պաշտոնակռիվը չպետք է տեղ ունենա մեր իրականության մեջ, դա լինի Արցախում, թե Հայաստանում։ Իրար տակից աթոռ տանելու պրակտիկան պետք է արմատախիլ անել։ Պաշտոնը հատկապես ճգնաժամային Արցախում առաջին հերթին պատասխանատվություն է, որը պաշտպանելու է սեփական ժողովրդին ամենատարբեր սպառնալիքներից։ Հիմա առավել, քան երբեւէ ցանկացած նշանակումներում պետք է լինել զգույշ եւ հաշվենկատ»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցով տարվող բանակցությունների, Աբրահամյանն ասաց, որ ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից շատ է խոսվում այն մասին, թե Հայաստան կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը դատավճիռ է, ինչի հետ պետք է հաշտվել ու համակերպվել։ «Երբեք։ Չեմ կարող չխոստովանել, որ այդ հայտարարությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել բանակցային գործընթացում, կտրուկ նվազեցրել հայկական կողմերի բանակցային ճկունություն ու մանեւրելու հնարավորությունը։ Սակայն դա էլ այս իշխանությանը պետության ղեկից դուրս շպրտելուց հետո շտկելու ու կարգավորելու ենք։ Արցախի հարցը երբեք տարածքային վեճ չի եղել, այն դարերով այնտեղ ապրող հայերի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու պայքարն է։ Եվ Հայաստանի որեւէ կառավարիչ ոչ այն կարող է չեղարկել, ոչ էլ այդ գործընթացը տապալել։ «Մեր այն միջազգային գործընկերներին, ովքեր հայտարարում են, թե Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուզում եմ շատ հստակ ասել՝ ոչ, Հայաստանը չի ճանաչել, նման բան հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Իսկ այդ բանավոր հայտարարությունը որեւէ իրավական ուժ չունի։ Երկրորդ, արդյոք հավաքական հայը իրավունք է տվե՞լ հայաստանյան իշխանություններին՝ իր անունից որոշելու, թե ինչպես պետք է ապրի արցախցին ու տնօրինի սեփական ճակատագիրը։ Անշուշտ, ոչ։ Արցախցին իր բնօրրանում եւ սահմանում կանգնած՝ ամուր է, եւ մենք եւս մեկ անգամ եկել ենք այստեղ՝ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ ինչ էլ լինի, Հայաստանում ու Սփյուռքում կան հսկայական թվով մարդիկ, որոնք եղել են եւ լինելու են Արցախի պաշտպանության խրամատում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ