«Այս իշխանությունների քաղաքականության հետեւանքով մենք հայտնվել ենք ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի ճանապարհին»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողներին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ադրբեջանն այսօր հաստատուն քայլերով գնում է դեպի այն իրավիճակ, որտեղ միջազգային հանրության մոտ կարող է շատ մեծ ցանկություն առաջանալ Ադրբեջանին մտցնել սանկցիաների տակ։ Տարածաշրջանում կարող են զարգացումները լինել այնպիսին, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմաքաղաքական իմաստով վերադարձվի նպաստավոր դիրքեր։ Բացի այդ, աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ։ Այդ գլոբալ փոփոխությունների, այդ նոր աշխարհակարգի քարտեզում Հայաստանի Հանրապետությունն այսօր իսկ Արցախի հետ միասին պետք է կարողանա գտնել իր տեղը։ Ծնկաչոք խաղաղություն մուրացող եւ այդպես էլ չգտնող խունտան, այս իշխանախումբը չի կարողանալու դա անել, որովհետեւ նախ նրանք չգիտեն, թե ուր է այդ խաղաղությունը, ով է իրենց տալու, չգիտեն՝ ինչ տեսք ունի եւ չեն հասկանում, թե աշխարհի զարգացման տրամաբանությունն ուր է գնում։ Իրենց ասում են, թե ինչ անեն, ասում են՝ հայտարարեք, որ Ղարաբաղը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, թող Արցախը գնա, ինչպես ուզում է իր խնդիրը լուծի։ Իրենց թվում է, թե այդպես իրենք Հայաստանի անվտանգության հարցը լուծելու են։ Բայց մենք տեսնում ենք, որ դրանով ավելի են խորացրել, ավելի են վատացրել վիճակը։ Մենք տեսնում ենք, որ սրանց այս հիմար քաղաքականության հետեւանքով, որը մեր թշնամիներն են թելադրում, մենք հայտնվել ենք ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի ճանապարհին։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, նոր քաղաքական ուժերից կազմված հաջորդ կառավարությունը ունի մի շարք իրատեսական հնարավորություններ՝ Հայաստանի եւ Արցախի շուրջ արագ կառուցել այնպիսի քաղաքականություն, որի շնորհիվ հնարավոր կլինի ռազմաքաղաքական իմաստով վերադարձնել ուժերի հավասարակշռությունը եւ արտաքին քաղաքականության իմաստով Ադրբեջանին հրել իր մեկնարկային պայմաններ։ Եվ այդտեղից պետք է միջազգային հարթակ դուրս բերել Արցախի ինքնորոշման իրավունքի օրակարգը»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Նա նշեց, որ իշխանությունները չպետք է մանիպուլյացիաներ անեն ու հայտարարեն, թե երբ ընդդիմությունը հանրահավաքներ է անում, սահմանին կրակում են։ «Սահմանին ե՞րբ չեն կրակել։ Վերջին մի քանի տարիներին ՀՀ սահմաններն անընդհատ խոշտանգման տակ են, էլ չասենք, որ օկուպացված իրավիճակում ենք։ Դա Արցախի անկախության տոնի հավաքի հետեւանքո՞վ է եղել, թե՞ Նիկոլի տգետ ու անիրատես քաղաքականության հետեւանքով։ Եթե այս երկրում ընդդիմության գործողություններով են պայմանավորվում թշնամու գործողությունները, ասեք իմանանք, որ պատասխանատուն մենք ենք։ Մենք հենց դա ենք ասում՝ այս իշխանությունը, լինելով պատասխանատու, չի կրում այդ պատասխանատվությունը, եւ դրանից տուժում է յուրաքանչյուր հայ մարդ։ Հետեւաբար, գործողությունների ճանապարհն սկսվում է իշխանափոխությունից։ Թող իրենց չնեղվեն նրանից, որ իրենք կարող են մանդատ կորցնել, պաշտոն կորցնել, ծառայողական մեքենա կորցնել, դրա ժամանակը չէ հիմա, մենք բոլորս հայրենիք ենք կորցնում»,- ասաց Զաքարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ