«Ես վստահ եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ այս հրապարակի անվտանգությունը սկսվում է Ակնայից։ Եվ եթե մենք դա գիտակցեինք բոլորով միասին, ապա ոչ մեկին պետք չէր լինելու բացատրել մեր ազգային հերոս Ավոյի խոսքերը՝ «Կորցնելով Արցախը՝ մենք շրջելու ենք Հայաստանի պատմության վերջին էջը»»,- այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը։
Ըստ նրա՝ մենք չպահպանեցինք նաեւ ազգային միասնությունը, թույլ տվեցինք, որ տարբեր միջոցներով մեզ բաժան-բաժան անեն։ «Եվ հասանք այն կետին, որտեղ նորից պետք է սկսենք փնտրել այն ճանապարհը, որը պետք է բոլորիս միացնի։ Արցախն այսօր այդ օրինակն է մեզ համար ծառայում, Արցախն այսօր իրականում միայն արցախցու խնդիրը չէ, Արցախն այսօր 10 մլն հայության խնդիրն է։ Եվ ուրեմն պետք է գիտակցենք, որ այն բոլոր բաժանարար երեւույթները, որոնց պարզապես հօդս են ցնդում, որոնցով փորձում են մեզ բաժանել ղարաբաղցու-գյումրեցու, սին են, չկա այլեւս «ցի», կա հայ, կա հայրենիք։ Եվ այդ հայրենիքի ցանկացած տարածքի մեկ միլիմետրը չի կարող ամեն մեկն առանձին տնօրինել, դա մեր միասնական որոշումը պետք է լինի։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրա համար պայքարել»,- ասաց Պողոսյանը։
Նա դիմեց արցախցիներին, ասաց, որ այսօր Արցախը կռիվ է անում բոլորիս արժանապատվության համար։ «Այն, ինչ այդտեղ որոշեք, դա էլ պետք է դառնա մեր բոլորիս միասնական պայքարի ուղղությունները։ Մենք էլ պետք է ուս-ուսի տանք եւ ձեզ հետ միասին այդ պայքարը տանենք։ Եվ այդ ժամանակ կլինի մեր երազած միացումը, ինչով էլ սկսվել է մեր շարժումը»,- արցախցիներին դիմեց Թեւան Պողոսյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ