Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան․ «Հայաքվեի օրենքի նախագիծն ընդունելով՝ ՔՊ-ն կարող է ազատվել դավաճանի խարանից»

Սեպտեմբեր 02,2023 20:22

«Արցախցիներն իրենց անկախությունը նվաճել են հանրաքվեով, հետո մարտի դաշտում թշնամուն բազմիցս դիմագրավելով, հետ մղելով ու ջարդելով։ Նրանք այսօր իրենց իրավունքի համար շարունակում են պայքարել, մենք պետք է արժանի լինենք այդ պայքարին, արժանի լինենք Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին, մենք մեր գործողություններով պետք է կարողանանք սատար կանգնել նրանց, նեցուկ լինենք»,- Ազատության հրապարակում այսօր մեկնարկած Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման օրվանից եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, մինչեւ վերջերս այս իշխանությունը դրա մանդատը չունենալով՝ հրաժարվեց այդ երաշխավորությունից, Արցախը թողեց մենակ, պաշարման մեջ՝ չունենալով դրա իրավունքը․ «Մենք իրենց այդ իրավունքը չենք տվել, ոչ միայն նրանք, որ նրանց չեն ընտրել, այլեւ նրանք, ովքեր ընտրել են։ Արցախը մեր ինքնիշխանության հիմքում է, մեր անկախության հռչակագրի հիմքում է, մեր Սահմանադրության եւ սահմանադրական կարգի հիմքում է։ Մենք բոլորս միասին ստեղծել ենք այս հանրապետությունը, որովհետեւ մենք  հետամուտ ենք եղել մեր համազգային նպատակներին, մեր միասնական հայրենիքի ազատագրությանը, ոչ միայն այն Սովետական հանրապետության, որի մասին  խոսում է այսօրվա իշխանությունը, այլեւ մեր ամբողջ հայրենիքի, մեր հայրենիքի ցանկացած  հատվածի, որտեղ այսօր հայ մարդ է ապրում։ Ուստի, ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հանձնել Արցախը։ Ոչ ոք այդ իրավունքը չունի ո՛չ այսօր, ո՛չ ապագայում, ո՛չ մի պատրվակի տակ։ Ոչ ոք իրավունք չունի ասել՝ Արցախը հանձնում եմ, որպեսզի Հայաստանը պաշտպանեմ։ Սուտ է, չկա նման բան։ Արցախը հանձնողը վաղը Հայաստանն է հանձնելու»։

Չալաբյանի խոսքով՝ մեր երկրում վերջին շրջանում մարդկանց մի տեսակ է առաջացել, որը մի փոր հացի, մի մետր ասֆալտի, մի խղճուկ պաշտոնի կամ մի փոքր բիզնեսի համար պատրաստ է զոհաբերել մեր հայրենիքը, մեր Արցախը, մեր արժանապատվությունը, մեր պատմությունը, մեր զոհերի արյունն ու իրենց չապրած կյանքը․ «Ու իշխանությունը դրանց վրա է հենվում, դրանց է շահագործում, փորձում մանիպուլացնել։ Մենք պետք է ձերբազատվենք դրանից»։

Նրա ներկայացմամբ՝ այդ տեսակը չի հաղթելու իսկական հային։ Ապա Չալաբյանը դիմելով հրապարակում հավաքվածներին, ասաց՝ իսկական հայը դուք եք, այստեղ կանգնած մարդիկ, իսկական հայը կռվում է իր երկրի համար՝ որտեղ էլ լինի, իսկական հայը խաղաղություն չի մուրում, իսկական հայը խաղաղությունը պարտադրում է։

Նա կոչ արեց անտարբեր չլինել պայքարին։

«Այսօր պայքարը բազմաթիվ ճակատներով է գնում, եւ մենք այդ ճակատներից մեկը բացել ենք Հայաստանի ներսում՝ ձեզ հետ միասին այս ամռանն իրականացրել ենք Հայաքվեի առաջին փուլը։ Հայաքվեն ստորագրած յուրաքանչյուրը պետք է տեր կանգնի իր ստորագրությանը։ Մեկ ամիս հետո մեր օրենքի նախագիծը մտնելու է Ազգային ժողով։ Խնդրում եմ, բոլորդ միահամուռ ձեւով այդ օրը եկեք ԱԺ-ի առաջ, տեր կանգնեք ձեր ստորագրությանը։ Ասում են՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու։ ՔՊ-ն որ ձեզ տեսնի, ո՞նց է դեմ քվեարկելու։ Ամեն ինչ պիտի անենք, որ իշխող խմբակցությունը հասկանա՝ սա իրենց վերջին հնարավորությունն է, իրենք այն նախագիծն ընդունելով կարող են ազատվել դավաճանի խարանից, մաքրվել նրանից, ինչ արել են մինչեւ հիմա։ Հենց այդ օրենքը ընդունենք, սկսելու ենք Արցախի երկրորդ ազատագրումը, հասնելու ենք նրան, որ ե՛ւ դիվանագիտական ճանապարհով, ե՛ւ եթե անհրաժեշտ լինի՝ մարտի դաշտում նորից Արցախը ազատագրենք։ Չպետք է վախենանք դրանից»,-ասաց Չալաբյանը։

Հանրահավաքի կազմակերպիչները հայտնեցին, որ այսօր աշխարհի 18 երկրում, 30 քաղաքներում, Արցախի Հաթերք գյուղում մեր հայրենակիցները անհնազանդության գործողություններ, ցույցեր են անում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930