«Ըստ բոլոր հարցումների՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսն անհնար է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում։ Եվ այստեղ հավաքված մեր քույրերն ու եղբայրներն ընդամենը փոքր մասն են մեր բոլոր այն հայրենակիցների, որոնք այդ կարծիքին են»,- այս մասին Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Եթե մենք ուզում ենք շարունակել ունենալ ՀՀ զինանշանով անձնագիր, եթե ուզում ենք հետագայում մեր զավակներին օրորոցայինները երգել հայերենով, այլ ոչ թե մուղամի տեսքով, եթե ուզում ենք մեր երեխաները հայերեն ուսանեն դպրոցներում, ապա այս իշխանությունների հեռացումն այլընտրանք չունի։ Ես կասկած անգամ չունեմ, որ մոտ ժամանակներս մեր բոլոր քույրերն ու եղբայրները ոչ թե ականատես կլինեն, այլ մասնակից ու իրագործող կլինեն Հայաստանում վճռական գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխությունների»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ կասկած անգամ չունի, որ Արցախում ձեւավորվող նոր իշխանությունները տեր կլինեն ինքնորոշման իրավունքի իրացմանը, մեր նվիրական պայքարի դրսեւորումներին եւ հաղթական ավարտին։ «Ես կասկած անգամ չունեմ, որ պարոն Շահրամանյանը, պարոն Իշխանյանը եւ Արցախի մեր մյուս գործընկերները լսելի կդարձնեն Արցախի քաղաքացիների ձայնը աշխարհին եւ որ ոչ պակաս կարեւոր է այստեղ՝ հրապարակում 7 շերտ ոստիկանների բրոնեժիլետների հետեւում պախկված այսպես կոչված իշխանություններին»,- ասաց Մամիջանյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է հասարակությունը պասիվ, չի միանում իրենց ցույցերին, նա պատասխանեց․ «Ես կասկած չունեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը համարում է, որ մենք պիտի ունենանք պետություն, Արցախը պիտի շարունակի գոյություն ունենալ եւ զարգանալ ու հզորանալ։ Ձեր հարցին, թե արդյոք առկա՞ է բավարար էներգետիկա՝ փոփոխությունների հասնելու համար, թույլ տվեք պատասխանել, որ՝ միանշանակ այո եւ բոլոր թերահավատներին խոստանալ, որ մոտ ապագայում իրենք դա կկարողանա տեսնել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ