Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ինքը չի ուզում, մենք ուզում ենք, կտեսնենք ում ցանկությունը կիրականանա»։
Հարցին, թե ընդդիմության դիմադրությունն ուժեղանալո՞ւ է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Երբ որ ընթացքը կլինի, ես ձեզ խնդրում եմ, առաջարկում եմ գալ ու ընթացքը լուսաբանել»։ Հարցին, թե հնարավո՞ր է շուրջօրյա բողոքի ակցիաներ իրականացվեն, նա պատասխանեց․ «Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ»։
Հարցին, թե ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է բեկում մտցնել Արցախի հարցում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ, այո, հնարավորություններ կան։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Արցախը միշտ էլ գործոն է եղել։ Եվ կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել է։ «Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ, այո, Արցախի գործոնն էական հանգամանք է հանդիսանալու»,- ասաց նա։
Անդրադառնալով Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ Սերժ Սարգսյանն ասաց․ «Դա Արայիկ Հարությունյանի որոշումն է եղել, իրենից հարցրեք»։ Այն հայտարարություններին, որ Արցախի վերջին ընտրված նախագահի հրաժարականն այսօր հավասարազոր է պետականությունը քանդելուն, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Ոչ, ի՞նչ է նշանակում վերջին ընտրվածը։ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նոր նախագահի ընտրության հնարավորություն կա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ