«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր թիմակիցներով այսօր «Ասե՛ք, կանե՛նք» գոռալով՝ շրջեցին Դավթաշեն վարչական շրջանի տարբեր թաղամասերով: Քաղաքացիների՝ Ավինյանին ուղղված հարցերը բացառապես բակային, շենքային ու ճանապարհներին վերաբերող խնդիրներին էին վերաբերվում: Ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ արդեն 1600 վերելակ են փոխել, միայն այս տարի՝ 600: Ասաց՝ Երեւանի 15 այգիներ են վերանորոգվում՝ Օղակաձեւ այգին, Տորք Անգեղին հարակից այգին, Մերգելյանի այգին, հետո ասաց՝ հիմնանորոգվում են դպրոցներ ու պոլիկլինիկաներ. «Ձեր հանձնարարականներով ավելի շատ աշխատանք ենք արել, քան վերջին երեք տարում: Ու պարզվում է՝ դա շատ էլ հնարավոր էր»:
Ավինյանը ավտոտնակների տանիքներին կանգնած՝ բարձրաձայնեց նաեւ, որ այս վարչական շրջանում շրջայցերի արդյունքում մեծ ծավալի աշխատանքներ են կուտակել. «Ձեր այգին ամենատեսարժան այգիներից մեկն է լինելու, մեզ մոտեցավ ժողովուրդը ու ասաց՝ այս այգին պետք է թարմացվի, մի շարք այգիներ ունենք, որոնք հիմնանորոգում ենք: Այն հանձնարարականները, որ ստացել ենք ձեզնից, դարձել են մեր ծրագրերը… այն, ինչ մեզ հանձնարարեք՝ լինի այգի, տրանսպորտ, դառնալու է մեր խնդիրը»:
Այսքան խոսելուց հետո Ավինյանը նկատեց, որ այս թաղամասում պասիվ են արձագանքում, հետո հավելեց՝ ալարում են խոսել ու կոչ արեց կրկնել «Ասե՛ք, կանենք» կարգախոսը:
Մեկ այլ թաղամասում խոստացավ՝ քանի հատ ֆուտբոլի դաշտ ունեք, ռետինե հարթակի մրցույթ արեք, հետո կգաք, կասեք՝ տվեք գումարը:
Կարդացեք նաև
«Ճիշտ է բոլորս ձեր կողմից ենք, բայց ուզում ենք՝ բարեկարգվի բակը, ընկա ստեղ, մահից պրծա»,- Ավինյանին մոտեցավ մի կին ու ստացավ բարեկարգման խոստումը:
Մեկ այլ քաղաքացի նկուղների վիճակից բողոքեց, ասաց՝ ահավոր վիճակ է, 36 տարի չի մաքրվել: Ավինյանն էլ հետաքրքրվեց՝ համատիրությանն ասե՞լ եք:
Քաղաքացին տարակուսեց՝ ինչ անեն համատիրությունները ու ստացավ՝ որտեղ, ինչ թերություն կա, կմաքրվի: Մեկ այլ քաղաքացի էլ քաղաքապետի թեկնածուին խորհուրդ տվեց քայլել իրենց թաղամասի դպրոցի ճանապարհով:
«Ձեր երեխային այս ճանապարհով կտանե՞ք, մեր երեխաներն էս ճանապարհով են ամեն օր դպրոց գնում, մի հատ քայլեք, տեսեք՝ կկարողանա՞ք»,- ասաց քաղաքացին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ