«Մինչեւ Հայաստանում իշխանազավթումը եւ մինչեւ նախորդող երեք տարիները, այս օրը՝ Արցախի օրը հայկականության, հայկական հաղթանակների, կամքի, ուժի դրսեւորման եւ այդ ամենի ինչի արդյունքում ապրելու ու հույսը իրականության վերածելու մասին էր»,- այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետը ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Նախորդող երեք տարիների ընթացքում մեզ փորձում են հիպնոսացնել՝ ցույց տալով, որ դա հաղթանակ չէր, ցավ էր, իլյուզիա էր, ոչ իրականություն։ Բայց մենք երկու հայկական պետականությունների իրականության պայմաններում ապրում էինք։ Երեւի թե վերջին երեք տարիների ընթացքում միակ լավ նորությունն այն էր, որ այս տարի Արցախի տոնը մենք նշելու ենք արդեն դավաճաններից մեկի հեռացման պայմաններում։ Այսինքն՝ այն պաշտոնյան, որն Արցախում վեր էր ընկել այդ աթոռին եւ ամեն կեպ փորձում էր չպոկվել այդ աթոռից, որպեսզի շարունակեր հլու-հնազանդ կատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները, Արցախի հանձնումն ավարտին հասցնել, հայկական պետականության կործանումն ավարտին հասցնել։ Փաստացի Նիկոլի՝ Արցախը հանձնելու գործիքը հանդիսանում էր Արայիկ Հարությունյանը։ Եվ այն հազարավոր մեր հայրենակիցները, ովքեր այդ գործընթացի մեջ հույս են տեսել Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարի շարունակականության, ովքեր հույս են տեսել Հայաստանի եւ Արցախի պետականությունների վերականգնման համար, ես էլ եմ իմ հույսը միացնում այդ հազարավոր քաղաքացիների ոգեւորությանը։ Իր հրաժարականը բավարար չէ, թույլ տվեք ասել, որ այդ պայքարը նաեւ շարունակական կլինի եւ հիմք կհանդիսանա բոլոր հայկական բնակավայրերում դավաճանների հեռացման ու հայկական պետականությունների վերագործարկման համար»,- ասաց նա։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ընդդիմությունն աշնա՞նն էր սպասում, որ դուրս գար հրապարակ, Աննա Մկրտչյանն ասաց․ «Ճշմարտությունը մի տեղ է՝ երբ հայկական հասարակությունը, մարդիկ, ովքեր ուզում են ապրել Հայաստանում, ունենալ հայրենատեր իշխանություն, այն պահին, երբ կոնսոլիդացվում են եւ փորձում են իրականացնել ինչ-որ գործողություններ, այդ պահին Նիկոլը վերցնում զանգում է Ալիեւին, ասում է, որ պետք է սահմանային լարվածություն լինի։ Այս մարդիկ այս տրամաբանությամբ փորձում են ամեն մեկիս մեջ սպանել պայքարի եւ նորից պետականություն ունենալու հույսը։ Մեզ անընդհատ ուզում են համոզել, որ սա է իրականությունը։ Եթե Ալիեւը որոշում է , որ այսօր 1000 հայ պետք է սպանի, ուրեմն եկեք այդ 1000-ին սպանենք, որ այն 2000-ը կարողանան ապրել։ Եվ սրան ընդդիմացողներին բնականաբար պիտի թիրախավորեն, Նիկոլի դավաճանությունների մասին խոսողներին պիտի կալանավորեն։ Այսօրվա ազգադավների՝ դավաճան Նիկոլի եւ իր կողքը հավաքված իշխանազավթների տրամաբանությունը մեկն է, որ պետք է վախեցնել հարյուրներին, որպեսզի հազարավոր հայեր հանգիստ նստեն իրենց տեղը։ Ընդդիմությունն իր գործողությունները չի կարող համարել հաջողված այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն այստեղ գոյություն ունի։ Իսկ այդ հանցագործների խմբակը, որը փորձում է թիրախավորել հայ հասարակության պայքարի էլեմենտները՝ ջուր լցնելով Ալիեւի, թուրքերի ջրաղացին, դա արդեն տարօրինակ էլ չէ, այնքան սովորական է։ Հենց Հայաստանում փորձում է ինչ-որ հայամետ պրոցես տեղի ունենալ, հենց Արցախում կոնսոլիդացիա է տեղի ունենում, մեզ պետք է ասեն՝ չէ, դուք սովից պիտի մեռնեք, Ալիեւն այնտեղից պետք է հարձակվի, պետք է գերիներ վերցնեն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ