Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ Խնձորեսկ գյուղը բազմամարդ է․ բոլորը պատրաստվում են հատիկաընդեղենի մշակման նորաբաց արտադրամասի հանդիսավոր բացմանը։ Սյունիքում առաջին հատիկաընդեղենի վերամշակման կենտրոնի բացումը հնարավոր դարձավ Հայաստանի կառավարության, Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների «Միասնական հիմնադրամի» եւ Չինաստանի կառավարության աջակցությամբ։
Մինչեւ մեկնարկը՝ Գարուշ պապն է սաստում երեխաներին՝ չմտնել նոր կոմբայնների խցիկները։ «Մի պեն կփչանա, էլի ծեքավ պիտի լոբին ու ոսպը հնձիք»,-ասում է Գարուշ պապը։
Կարդացեք նաև
Ճիշտ է, գյուղը կոմբայն ուներ, բայց իրենց կոմբայնը լոբի, ոսպ, սիսեռ չի հնձում։ Հիմա արդեն դաշտերում աճեցրած հատիկաընդեղենու տեսակները այս տարվանից գյուղացիների փոխարեն կհավաքեն գերժամանակակից կոմբայնները, որոնք նույնպես գյուղին տրամադրվել են ծրագրի շրջանակում։
Արտադրամասը մեկ օրում հնարավորություն ունի տալու մինչեւ 10 տոննա արտադրանք։ Այստեղ կվերամշակվի Խնձորեսկում եւ Սյունիքում աճեցրած 5 տեսակի հատիկաընդեղեն՝ ոսպ, ոլոռ, լոբի, սիսեռ ու ցորեն, որոնք առայժմ հասանելի կլինեն միայն տեղական սպառողին։
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն է հիշում՝ երբ ՄԱԿ-ի Համաշխարհային ծրագրի գործընկերների հետ քննարկում էին նման գործարան կառուցելու գաղափարը, որոշվեց որ կառուցեն Գորիսի խոշոր բնակավայրներից մեկում։ Գաղափարը, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ներկայացնելուց հետո, վերջինս լրացուցիչ քննարկում չկազմակերպեց․ հանձնարարվեց անել ամեն ինչ, որպեսզի Գորիսում կարճ ժամանակամիջոցում կառուցվի ռազմավարական նշանակության այս գործարանը։
«Գյուղը պահում է սահմանը, գյուղը պահում է քաղաքը, գյուղը պահում է երկիրը։ Հետեւաբար, շատ կարեւոր է, որ գյուղացին լավ ապրի, որ գյուղացին մենակ չմնա իր խնդիրների հետ»,-ասաց Իրինա Յոլյանը։
Հատիկաընդեղենի նորաբաց արտադրամասը համալրվել է 40 ԿՎտ հզորության արեւային կայանով, մաքրման եւ տեսակավորման սարքավորումներով, փաթեթավորման հոսքագծով: Խթանելով «Դաշտից սեղան» մոտեցումը՝ Գորիս, Տեղ եւ Սիսիան համայնքների 60 ֆերմերների տրամադրվել են ոլոռի, ոսպի, լոբու եւ սիսեռի բարձրորակ սերմեր, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն՝ բարելավելու հատիկաընդեղենի մշակման տեխնոլոգիաները։ Արտադրողականությունը բարձրացնելու եւ ջրի կորուստները նվազեցնելու նպատակով Խնձորեսկում վերակառուցվել է ոռոգման ցանցը:
«Գյուղերը մեր երկրի արմատներն են, չի կարելի թույլ տալ՝ որ արմատները չորանան, հետեւաբար ցանկացած զարգացման ծրագրեր, որոնք իրականացվում են գյուղերում, դրանք կենսական նշանակություն պիտի ունենան երկրի, պետության, պետականության եւ մեզ բոլորիս համար»,-իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուին պատմել են, որ համայնքը երեք գիշեր չի քնել՝ իր թիմի հետ նախապատրաստվելով արտադրամասի բացմանը։
«Ապագան դեռ առջեւում է, այն ինչ մենք տրամադրել ենք՝ հիմք է միշտ զարգանալու համար եւ ուզում եմ աշխատանքների թափը չկոտրվի։ Հարգելի՛ համայնք, սիրելի՛ Հայաստան, սա արել ենք ձեզ համար»,-ասաց տիկին Սկաուն։ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը հայերենով ողջունեց հավաքվածներին ու խոսեց իր մայրենի լեզվով։ Ուրախ է, որ նաեւ Գորիսում է ականատես լինում հայ-չինական բարեկամության հերթական նոր ծրագրին։
Արտադրամասի մուտքն երիզող կարմիր ժապավենը կտրելուց հետո՝ ներկաներին ծանոթացնում են աշխատանքին։ Հոսքագծի աշխատանքի ընթացքում՝ լոբու հատիկներից մի քանիսը թափվում են գետնին։ Պատասխանատուները շտապում են պարզաբանել՝ հումքը զտվելուց հետո պետք է լցվի պարկերի, ոչ թե դույլերի մեջ։ «Պարզապես այսօր դույլերի մեջ ենք լցնում, որպեսզի տեսանելի լինի արտադրական ցիկլը»,-ասացին նրանք։
Արտադրամասում աշխատելու են Խնձորեսկի գյուղատնտեսական կոոպերատիվի անդամները։ Կոոպերատիվը ղեկավարում է Ներքին Խնձորեսկի նախկին վարչական ղեկավար Երվանդ Մալունցը, որը հրաժարականի դիմում էր ներկայացրել այս տարվա հուլիսին։
«Շնորհակալություն, որ ապրում եք սահմանին շատ մոտ, չեք լքում ու պայքարում եք հայրենի գյուղի համար, իսկ հայրենիքից հեռու ապրողներին, որ չեք մոռանում ծննդավայրը եւ կանգնած եք գյուղի կողքին: Ես՝ որպես Երվանդ, շարունակելու եմ իմ՝ Խնձորեսկասեր եւ Խնձորեսկանպաստ գործունեությունը»,-հայտարարել էր նա:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ