Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհուսալի պարտավորություններ ունեցող երեւանցիների համար համաներում պետք է կիրառվի»․ Տիգրան Ավինյանի քարոզարշավը Դավթաշենում

Սեպտեմբեր 02,2023 17:52

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Դավթաշեն վարչական շրջանում։

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, թե ինչ խնդիրներ են բարձրաձայնում երեւանցիները քարոզարշավի շրջանում։ «Շատ հարցեր կան, որոնք երեւանի քաղաքապետարանի ու ավագանու լիազորությունների հետ ուղղակի կապ չունեն, նման հարցերից մեկը, օրինակ, ջրի հետ կապված հարցն է։ Մենք խոստացանք, որ դա էլ կլուծենք, իրականում արդեն սկսել ենք, խնդիրը կվերանա, որովհետեւ խնայողությունների հաշվին հնարավոր է լինելու Գառնու ջրից ավելի մեծ քանակով թողունակություն ապահովել դեպի Երեւան, եւ դրանով հարցը կլուծվի։ Երկրորդ հարցը, որը շատ են բարձրաձայնում, տաքսիստներն են բարձրաձայնում, ովքեր շատ խնդիրներ են ունենում, երբ պատվերի ժամանակ կանգնած են լինում երկրորդ գծի վրա, երբ կայանատեղիի հնարավորություն չեն ունենում։ Մեկ րոպեից ավելի կանգնելու պարագայում, եթե հաճախորդը չի մոտենում, իրենք տուգանվում են։ ԱԺ մեր գործընկերների հետ արդեն սկսել ենք քննարկումներն այդ մասով, եւ այդտեղ էլ որոշակի մեղմացումներ հենց տաքսիների համար կարող ենք նախատեսել, այդ 1 րոպե ժամանակը մի փոքր ավելացնել»,- ասաց նա։

Երրորդ հարցը, ըստ Ավինյանի, անհուսալի պարտավորություններ ունեցող երեւանցիներին է վերաբերվում, որոնց թիվը 150 հազար է։ «Դիմել են իրենց հարցով, եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ մենք քննարկել ենք հենց այդ հարցը՝ որոշակի համաներման տրամաբանությամբ նախագիծ ունենալ, որպեսզի բոլորը կարողանան բեռից թոթափվել ու զրոյական էջից սկսել իրենց կյանքը։ Նրանք հիմա ունեն եւ ֆինանսական խնդիրներ, հարկադիրի հետ կապված խնդիրներ, կարծում եմ՝ այդ մարդկանց պետք է հնարավորություն տրվի իրենց կյանքը նորից սկսելու»,- ասաց նա։

Հարցին, թե վարչական շրջանների ղեկավարների աշխատանքից գո՞հ է, Ավինյանը պատասխանեց, որ եթե համեմատական կարգով նայենք, վերջին մեկ տարում ահռելի մեծ ծավալի աշխատանք է արվել եւ արվում։ Եվ դա նաեւ վարչական շրջանների ղեկավարների աշխատանքի արդյունքն է։ «Կան դեպքեր, որոնք մեր ուշադրությանը պետք է արժանանան, որոնք կուտակվել են ոչ հիմա, տասնամյակների ընթացքում։ Մեր թիմը կարողացել է ապահովել ավելի մեծ արդյունքներ, քան վերջին 3-4 տարիները իրար գումարած»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930