Այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի, համանախագահ Մեսրոպ Առաքելյանի եւ թիմակիցների շնորհավորանքները՝ Արցախի անկախության հռչակման 32-ամյակի կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Թանդիլյանն ասաց, որ երեւանցիները պետք է Արցախի նկատմամբ պահանջատիրության տեր լինեն. «Փողոցում մարդկանց անհանգստությունը, որ տեսնում ենք, ինձ հույս է տալիս, որ մենք գտնելու ենք լուծման ձեւը»: Սերգեյ Ղազարյանն արձագանքեց. «Այլ տարբերակ չունենք»:
Կարդացեք նաև
Արցախի ներկայացուցչությունում Մանե Թանդիլյանին ներկայացրեցին արցախցի նկարիչների փրկված կտավները:
Լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանը շնորհավորելով՝ ասաց. «Մենք բոլորս հանձնառու ենք, ուզում եմ պատասխանատվություն զգանք իրավիճակը փոխելու: Ինչպես, երբ, ովքերով՝ այլ հարց է, բայց մենք պետք է սա ուզենանք միասնական: Միայն միասնական ձգտումն է բերելու իրավիճակի փոփոխմանը: Ես համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը իր փայ անելիքը, իր բաժին անելիքն այսօր Արցախում անում է լիարժեք եւ մենք պարտավոր ենք այս կամքի իրացնողը դառնալու»:
Դիտարկմանը, որ տեսակետ կա, որ իրավիճակը կարելի է բեկել, եթե ՀՀ իշխանություններն էլ փոխվեն, կամ գոնե Փաշինյանը արցախյան բանակցությունների մասին ոչինչ չասի՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Չի կարող ոչինչ չասի պաշտոնից ելնելով ու դրա համար ճիշտն այն է, որ փոփոխություն տեղի ունենա իշխող ուժի, փոփոխություններ լինեն բանակցողի: Այդ ուժի օրոք պարտություն է կրել Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը, այլեւս դա հնարավորություն չի տալիս տվյալ անձին բանակցել որակով ու արժանապատիվ: Սա պիտի արվեր: Մարդիկ համարել են, որ այդպես չի, դրա համար Հայաստանն ու Արցախը ամեն օր պարտությունների եւ զիջումների են գնում ստիպված: Բանակցողը պիտի փոխվի, որովհետեւ իրավիճակը պահանջում է դա: Այլ բանակցող պիտի կարողանա իր առաջարկները բերել, քննարկել ու լուծումներ գտնել: Շատ բան է կախված այսօր դիվանագիտական կորպուսից ու բանակցողից, հետեւաբար պիտի փոխվի»:
Թանդիլյանը նշեց, որ Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է իր օրակարգը, իսկ մենք իբր ոչ տեսնում ենք, ոչ էլ լսում. «Մենք պիտի հասկանանք, որ նրանք ավելիին են գնալու: Արցախի՝ այս իրավիճակում հայտնվելը վտանգ է ՀՀ-ի համար: Մոտեցել են Երեւանին, մարդիկ բացահայտ իրենց քարտեզները Հայաստանի տարածքով են նկարում, մենք դրանից ի՞նչ ենք եզրակացնում: Պիտի վերջապես սթափվենք ու հասկանանք, այդ մարդիկ երբեւէ ո՛չ խաղաղության օրակարգ են ունեցել, ո՛չ էլ ունենալու են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ