ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանն այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում էր: Շնորհավորելով Արցախի Հանրապետության հռչակման 32-ամյակը՝ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ես միշտ հպարտացել եմ արցախցիներով, երջանիկ եմ եղել, որ օգնել եմ այդ պայքարում: Գիտեմ, որ արցախցին երբեք չի պոկվելու իր հողից: Արցախցին արժանացել է իր ինքնորոշմանը, որեւէ արհեստածին երեւույթ չի կարող խանգարել դրան»:
Մեր հարցին՝ այն, որ ՀՀ այսօրվա իշխանությունները հայտարարել են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, դա կարո՞ղ է անդառնալի հետք թողնել, թե՞ հնարավոր է ջնջել՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Ինչ-որ մարդկանց, արարածների տարբեր պահվածքներ եւ երեւույթներ չեն կարող ունենալ վճռորոշ կամ հիմնական ազդեցություն մի ժողովրդի վրա, որը դրան համաձայն չի: Եթե ես ինչ-որ բանի հետ համաձայն չեմ, ես մինչեւ վերջ կանգնած եմ իմ մտքին, ինձ կա՛մ պետք է ֆիզիկապես ոչնչացնեն, կա՛մ էլ չի ստացվելու էդ ցանկությունն իրականություն դարձնել»:
Կարդացեք նաև
Սահմանային լարվածությանն անդրադառնալով՝ Տիրան Խաչատրյանն ասաց. «Ես դա կապում եմ նրա հետ, ինչ այսօր կատարվում է Արցախի եւ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իմ պատկերացմամբ, ուզում են ասեն՝ մի շեղվեք, այն, ինչ մենք ուզում ենք, այդպես պետք է լինի, այն, ինչ թելադրում ենք, դուք պարտավոր եք կատարել»:
Հարցին՝ 86.600 քկմ-ն ճանաչելով՝ մենք կարո՞ղ ենք երաշխավորել, որ պիտի պահենք 29.800 քկմ-ն՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Ինչո՞վ է դա երաշխավորվելու եւ կամ ո՞վ է դա երաշխավորելու: Եթե կա մոտեցում, որով պահանջներ են ներկայացնում՝ անընդհատ իրենց պահանջները առաջ տանելու առանց հաշվի առնելու դիմացի նստածի, բանակցողի կարծիքը, բնականաբար, այդ պահանջները շարունակական են լինելու այնքան ժամանակ, մինչեւ այլեւս բան չլինի պահանջելու: Երբեք էլ չեն թաքցրել, թե հայկական տարածքներ գոյություն չեն ունեցել, դրանք պատմականորեն իրենցն են, թքած են ունեցել ամեն ինչի վրա»:
Խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին՝ Տիրան Խաչատրյանն ասաց. «Իր հայտարարության մեջ ներկայացրեց, այն, որ նոր մարդիկ, նոր լուծումներ ու մոտեցումներ են պետք, ես դրան համաձայն եմ, բայց այն, որ դա շատ վաղուց էր պետք անել, իմ համար անհասկանալի է ինչի՞ հենց շատ վաղուց դա չի արվել»:
Հարցին՝ շատերը գտնում են, որ առանց ուժի գործադրման, իրավիճակի հանգուցալուծում հնարավոր չէ, Հայաստանն ու Արցախն ունե՞ն այդքան ներուժ, մեզ վախեցնում են՝ իսկ եթե պարտվե՞նք՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, ունենք ներուժ: Իսկ եթե մեռնե՞նք, իսկ եթե ոչնչանանք, դրանով չե՞ն վախեցնում: Իսկ եթե դա ասողները, եթե իգական սեռի են, իրեն բռնաբարեն, արական սեռի ամենասուրբ մասունքները ոչնչացնեն, դա իրենց համար ո՞նց է: Իսկ եթե-ները արդարացումներ են անհիմն, որոնք ընդամենը մարդկանց վախի մեջ պահելու տրամադրվածություն են ստեղծում թույլ չտալու պայքարել հանուն վեհ գաղափարների եւ հանուն մեր վաղվա օրվա: Իսկ եթե-ներից պետք է հրաժարվել: Իսկ եթե-ն վաղը լավ ապրելն է, իսկ չպայքարելով դա անհնար է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ