Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ականատես ենք լինելու հետաքրքիր զարգացումների թե՛ Հայաստանի ներսում, թե՛ մեգամակարդակով». Աբրահամ Գասպարյան

Սեպտեմբեր 02,2023 14:42

Այսօր Արցախը, ճիշտ է, տոնական հանդերձանք չունի, բայց այս պայմաններում 3 խնդիր կա, որ պետք է լուծել: Տոնակատարությունները նախկինում կատարած գործունեության եւ պատասխանատու հաշվետվության առիթ են եւ եթե փորձենք հասկանալ՝ վերջին մեկ տարվա ընթացում մենք ի՞նչ ենք արել՝ որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես ազգ եւ նժարի վրա փորձենք դնել՝ հասկանալու՝ մենք արդարացրե՞լ ենք այն ակնկալիքները կամ այն հայտարարությունները, որոնցով զբաղված ենք եղել հատկապես պատերազմից հետո, ապա կարող ենք ասել՝ ոչ: ՀՀ անվտանգությունն է դրված նժարի վրա եւ դա գալիս է Արցախից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվեի» անդամ Աբրահամ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության հռչակման 32-ամյակին Հայաստանում Արցախի ներկայացուցչություն էին այցելել «Հայաքվե» նախաձեռնության անդամները:

Աբրահամ Գասպարյանն ընդգծեց, որ Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները փորձում են ցոփ ու շվայտ կյանքի պատրանք ստեղծել ու շեղել մարդկանց ուշադրությունը կարեւորագույն խնդրից՝ հայ ժողովրդի գոյութենական եւ անվտանգության խնդրից. «Հայաստանի իշխանությունը լավագույնս կանի, եթե որեւէ հայտարարությամբ հանդես չգա՝ ի վնաս արցախյան պրոցեսի: Մենք տեսել ենք, թե ՀՀ իշխանությունն ինչ է արել ու մենք ինչ վիճակում ենք հայտնվել, շատ լավ կանի, եթե որեւէ կերպ չխոչընդոտի, չմիջամտի, հակաարցախյան հայտարարություններ չանի ու այդ նարատիվը չձեւավորի: Թող աշխարհում տպավորություն չստեղծի, թե հայ ժողովուրդը կիսում է այն մոտեցումները, ինչ պաշտոնական Երեւանի իշխանություններն ունեն: Արցախում շատ լավ գիտեն ճգնաժամային իրավիճակներում գործելու, պարտվողական քաղաքականությունն արգելակելու եւ առաջ շարժվելու բոլոր տեխնոլոգիաները, ինչի ականատեսը քայլ առ քայլ տեսնում ենք»:

Ըստ նրա, ներարցախյան կենսենսուս է ձեւավորվում եւ չպետք է խոչընդոտել դրան. «Արցախը մեզ համար միայն առանձին բաժին չէ, հայրենիքի ամբողջականության գաղափարի առանցքն է: Եթե մենք Արցախը տանուլ տվեցինք, մի քանի սերունդ նզովյալ ենք լինելու, ոչ ոք իրավունք չի ունենալու ո՛չ խոսել Արեւմտյան Հայաստանի, ո՛չ Նախիջեւանի մասին: Եթե սա մենք չկասեցնենք, որեւէ բարոյական իրավունք չենք ունենալու ընդհանրապես հայկական իրավունքների մասին խոսելու»:

Աբրահամ Գասպարյանը կանխատեսեց. «Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում մենք ականատես ենք լինելու բավական հետաքրքիր զարգացումների թե՛ Հայաստանի ներսում, թե՛ մեգամակարդակով, նաեւ ռեգիոնի մակարդակով: Աշխարհի անվտանգության ճարտարապետությունը վիճարկող պետությունները իրենց խնդիրները այս տարածաշրջանում փորձելու են լուծել եւ մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից եւ կասեցնել հայկական պետականության մայրամուտն ազդարարող գործող իշխանության քաղաքականությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930