Այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման 32-ամյակին Հայաստանում Արցախի ներկայացուցչություն էին այցելել «Հայաքվե» նախաձեռնության անդամները: Մարդիկ միմյանց գրկում էին ու շնորհավորում:
Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց. «Արցախը 9 ամիս է՝ գտնվում է դաժան շրջափակման, պաշարման մեջ՝ լքված ՀՀ իշխանությունների կողմից՝ ըստ էության համարյա միայնակ պայքարելով Արցախը պաշարած թշնամու դեմ: Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներկայությամբ նախ զորավիգ կանգնենք Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին, հստակ ուղերձ հղենք, որ ՀՀ-ն միայն ժամանակավոր եւ մոտ ապագայում հեռացող իշխանությունները չեն, այլ հայ ժողովուրդն է, որը մշտապես տեր է լինելու մեր Արցախին, տեր է լինելու մեր հայրենիքի արցախյան հատվածին: Եթե նույնիսկ այսօր Արցախը դեռեւս ՀՀ-ի հետ չի միավորվել, դա այն ապագայի խնդիրն է, որը մեր սերունդը պետք է լուծի: Ցավոք, նախորդ սերունդները չկարողացան մինչեւ վերջ անել այդ գործը, բայց ապագա սերունդները պետք է այդ խնդիրը լուծեն որպեսզի մենք ապրենք միասնական հայրենիքում, մեր կյանքի, մեր սեփականության, ազատ ստեղծագործելու իրավունքը մեր ամբողջ հայրենիքի տարածքում պաշտպանված լինի: Այսօր հերոսաբար պայքարում են Արցախի մեր քույրերն ու եղբայրները, մենք պետք է արժանի լինենք այդ պայքարին, գիտակցենք, որ այսօր Երեւանում անհոգ կյանքով ապրելով, ռեստորաններ այցելելով, Սնուփ Դոգերի համերգներով մենք չենք կարող արժանի լինել այն պայքարին, որն այսօր մղում են Արցախի մեր 120 հազար քույրերն ու եղբայրները: Մենք պետք է կանգնենք նրանց կողքին, գործով ապացուցենք, որ մենք բոլորս մի ժողովուրդ ենք, պայքարում ենք միասնական հայրենիքի համար»:
Կարդացեք նաև
Չալաբյանն ասաց, որ «Հայաքվեի» քվեարկության արդյունքները երկու օր առաջ ներկայացրել են ԿԸՀ եւ հետամուտ են լինելու, որ ԱԺ-ին ներկայացվող օրենքի նախագիծն ընդունվի եւ օրենքի ուժով արգելվի Արցախի հանձնումը որեւէ պետության:
Ավետիք Չալաբյանը, «Հայաքվեի» այլ անդամներ եւս շնորհավորական գրառում արեցին Արցախի ներկայացուցչությունում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ