Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար տրանսպո՞րտ, թե՞ ով կարող է՝ թող վճարի․ «Առերեսում»

Սեպտեմբեր 02,2023 13:33

«Հասարակական տրանսպորտը Երևանում պետք է լինի անվճար»,– ազդարարել է «Հաղթանակ» կուսակցությունը։ Այս պնդումը քննադատվեց, թե անվճար ոչինչ չի լինում։ Եվ մասնավորապես ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էր նշել, որ «Եթե հայտարարվում է, որ այսինչ ծառայությունն անվճար է, դա պարզապես նշանակում է այդ ծառայության համար վճարում են ոչ թե այդ ծառայություններից օգտվողները, այլ բոլորը, իրենց վճարած հարկերով»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Հաղթանակ» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն այս առնչությամբ պարզաբանեց․ «Մենք չենք անում ֆինանսական ռեֆորմ։ Մենք անում ենք տրանսպորտի ռեֆորմ»։ Ավելի վաղ նա հարցադրում էր արել՝ իսկ ո՞վ է ասել, որ դա անպայման պետք է բյուջեի հաշվին անել․ «Երևանը տարբեր չօգտագործվող և կորցրած ֆինանսներ և վնասներ ունի»։ Ըստ նրա՝ օրինակ՝ ճիշտ չեն հավաքագրվում Երևանի ավտոկայանատեղիների գումարները․ «Մայրաքաղաքի շատ հատվածներում պետք է սարքել անվճար ավտոկայանատեղիներ, անգամ ստորգետնյա, բայց փոքր Կենտրոնի հատկապես ռեստորանային մասում ոչ Կենտրոնի բնակիչների համար կարելի է ավտոկայանատեղիները թանկացնել»։

Վիկտոր Մնացականյան

Այժմ հարցին՝ կարծում է բավարա՞ր կլինի՝ Վիկտոր Մնացականյանը պատասխանեց․ «Թեկուզ։ Լրիվ։ Մենք հաշվարկ ունենք։ Ցավոք, այսօր Ազգային ժողովում եւ Երեւանի քաղաքապետարանում չկան համապատասխան մասնագետներ, անգամ չկան սրտացավ երեւանցիներ, որոնք հետաքրքրված կլինեին Երեւանի ավտոկայանատեղիների խնդիրներով, քանի որ դա պոպուլյար չի։ Մարդիկ պատրաստվում են ընտրության եւ չեն ուզում երեւանցիներին նեղության տալ»։

Ըստ նրա՝ Երեւանի փոքր Կենտրոնում այսօր կա մոտ 6 հազար ավտոկանգառ, որոնց մեծ մասը շատ էժան է․ «35 դրամը ծիծաղելի է։ Մենք կարող ենք գինը բարձրացնել, դարձնել 2 հազար դրամ․․․ Կարող ենք հեծանվուղիներ կառուցել եւ մայթերը լայնացնել, որն էլ իր հերթին կբերի շատ ավելի մեծ տնտեսական էֆեկտ»։

Երվանդ Թարվերդյան

Հաղորդման մյուս հյուրը՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանն առարկեց․ «Մի քիչ համաձայն չեմ այն դիրքորոշմանը, թե հեծանվաուղիները կամ մայթերը լայնացնելու համար միայն գումար է պետք։ Դրա համար տարածք է պետք»։ Ավելի ուշ Վիկտոր Մնացականյանն արձագանքեց, որ համաշխարհային միտում կա մայթերը լայնացնելու հենց փողոցի հաշվին։

Ըստ Երվանդ Թարվերդյանի՝ իրենց մոտեցումն այլ է․ «Սոցիալական որոշ խմբերի կտրամադրվեն հասարակական անվճար տրանսպորտից օգտվելու արտոնություններ՝ ուսանողներին, դպրոցականներին, թոշակառուներին։ Իսկ այն քաղաքացին, որն աշխատունակ է եւ ի վիճակի է վճարել՝ թող վճարի»։

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում դրույթ կա, որ ծանրաբեռնված երթևեկությամբ փողոցներում ավտոմեքենաների կայանումը պետք է արգելվի։ «Եթե այդ ավտոմեքենաները չկանգնեն այդտեղ՝ երթեւեկություն առնվազն 50-60 տոկոսով ավելի արագ կլինի»,– ասաց Երվանդ Թարվերդյանը։ Հավելեց, թե որոշ ժամերի պետք է ընդհանրապես արգելված լինի ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն։

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930