ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցը ANSA գործակալությանը
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել իտալական առաջատար ANSA գործակալությանը, որում, մասնավորապես, ընդգծել է, որ «այն, ինչ իրականացվում է մեր նկատմամբ, ցեղասպանական քաղաքականություն է. Բաքվի նպատակն է բնիկ հայ բնակչությանը վերացնել սեփական հայրենիքից: Ադրբեջանի նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) «հայաթափում»:
«Մեր վիճակն այս պահին շատ կրիտիկական է, մենք մոտ ենք հումանիտար աղետի. այս պահին շուրջ 120 հազար մարդու կյանք վտանգված է», – շարունակել է Ղազարյանը Երևանում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ։
«2020թ. հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի անվտանգությունն անհրաժեշտ է ոչ միայն մարդասիրական օգնություն հասցնելու համար. այն առաջնային տարր է մեր ժողովրդի անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման համար», – ասել է Արցախի ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ «միջանցքի անվտանգությունը հիմնարար տարր է կայուն խաղաղության հասնելու առումով»:
Կարդացեք նաև
Արցախի ԱԳ նախարարը նաև քննադատությամբ է հանդես եկել ԵՄ որոշ պաշտոնյաների հասցեին՝ մեղադրելով վերջիններիս «Ադրբեջանի հետ կանոնավոր փոխգործակցության մեջ՝ չնայած Բաքվի կողմից մեր դեմ իրականացվող ցեղասպան գործողություններին»։ Ղազարյանը կոչ է անում «պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ», և դժգոհում է Ադրբեջանի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշման հարցում ԵՄ-ի դանդաղկոտությունից՝ ընդգծելով, որ «այս պահվածքը Ադրբեջանին վստահություն է տալիս սեփական անպատժելիության առումով»: