Հարգելի ՛ հայրենակիցներ
Արցախի նորագույն պատմության մեջ սեպտեմբերի 2-ը` Արցախի Հանրապետության հռչակման օրն է:
Անկախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական բարդ իրադրությունից ու պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակից, այս օրը արցախահայության երազանքի օրն է, որն ամրագրվեց 1991 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցած մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում:
Ուստի, արդեն 32 տարի է, ինչ մեր ժողովրդի դարավոր երազանքը իրականություն է:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետությունը հռչակվեց մեր երկրի համար բարդ ու անհուսալի թվացող ժամանակաշրջանում: Հայրենիք ունենալու ցանկությունը մեծ էր, նրա անկախությունը պահելու գինը՝ թանկ:
Այսօր էլ անվերջանալի թվացող այս դժվարին ժամանակահատվածը՝ խոսուն վկան է մեր անբեկանելի երազանքի:
Փա՜ռք և խոնարհում Արցախի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակին, փա՜ռք ու պատիվ հայրենիքի անվտանգությունը և մեր ժողովրդի իրավունքները պաշտպանող նվիրյալներին:
32 տարի առաջ մենք հավատում էինք անկախության գաղափարին, որի ճանապարհը լի էր բազմաթիվ խոչընդոտներով: Այսօր էլ, մեզ պատուհասած այս փորձությունը՝ զրկանքներն ու աղետալի իրավիճակը, մեզ այլ ելք չի թողել, քան շարունակել պայքարը՝ հանուն Արցախի Հանրապետության, հանուն նրա անկախության և ինքնորոշման:
Ուժ, տոկունություն և ամուր կամք մեր ժողովրդին:
Հարգանքով՝ Ներքին գործերի նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ