Լրահոս
Օրվա լրահոսը

Բենիամին Մաթևոսյան․ Հույս ունենանք, որ Արցախի քաղաքական ուժերը թույլ չեն տա, որ Արցախի պետականության փշրանքները ոչնչանան․ «Փաստ»

Սեպտեմբեր 02,2023 09:30

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ընդգծում է՝ ակնկալիքը մեկն է. «Հույս ունենանք, որ Արցախի քաղաքական ուժերը, անկախ իրենց խմբակային շահերից, անձնական խնդիրներից, թույլ չեն տա, որ Արցախի պետականության փշրանքները ոչնչանան, կհանգեն կոմպրոմիսային մոդելի, որ կարողանան պահպանել պետականության հիմքերը: Չմոռանանք, որ Ադրբեջանի պահանջներից է ոչ միայն պաշտպանության բանակի լուծարումը, այլև այն, որ Արցախի Հանրապետությունը չպետք է ունենա նախագահ, խորհրդարան, նախարարներ: Ուստի, ամեն ինչ պետք է անեն, որ Ադրբեջանի այդ պահանջն ինքնըստինքյան կյանքի չկոչվի»,-նշում է քաղաքագետը:

Հավելում է՝ կա ևս մեկ հանգամանք, որի մասին հանրային դաշտում քիչ է խոսվում, իսկ հասարակության որոշակի շրջանակներ սա շատ ագրեսիվ են ընկալում: «Արցախի Հանրապետության նոր ղեկավարությունը պետք է հասկանալի, կանխատեսելի և ընդունելի լինի պաշտոնական Մոսկվայի համար: Նոր Արայիկ Հարությունյան այնտեղ չպետք է լինի, այսինքն՝ մինչև Արցախի նախագահի ընտրությունները գնալ Մոսկվա, մի պարտավորություն վերցնել, վերադառնալ Արցախ և լրիվ այլ բան իրականացնել: Արցախի նոր ղեկավարությունը պետք է կանխատեսելի և վստահելի գործընկերային հարաբերություններ ունենա Մոսկվայի հետ: Արցախն անվտանգության երկու երաշխիք ունի՝ բանակը և ռուս խաղաղապահները: Վստահ չեմ, որ եթե այդ գործոններից մեկը մնա, Արցախը կկարողանա լիարժեքորեն անվտանգություն ապահովել»,ասում է մեր զրուցակիցը:

Արցախ տանող ճանապարհներին՝ Ակնայում և Լաչինի միջանցքում հումանիտար բեռներով մեքենաներ են: Առաջինի ընդունումը մերժում է արցախցին, իսկ երկրորդի, այդ թվում՝ ֆրանսիական բեռների մուտքն արգելում է Ադրբեջանը: Մաթևոսյանն ասում է՝ այս հարցի մասին խոսելիս քննարկվում է ոչ թե խնդրի էությունը, այլ դրանից բխող հետևանքները: «Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս: Ադրբեջանն ասում է՝ այս մարդը ճանաչել է, որ դա մեր տարածքն է, հետևաբար կարող ենք որոշել՝ բեռնափոխադրումներ լինելու են, թե ոչ և որ ճանապարհով են լինելու: Կամ ասում են՝ օդային միջանցք պետք է լինի, և Արցախ պետք է ապրանք տեղափոխվի:

Արցախը Նիկոլ Փաշինյանի կողմից ստացել է նույն կարգավիճակը Ադրբեջանի կազմում, որն, օրինակ՝ ունի Արմավիրի մարզը Հայաստանի կազմում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, որ հումանիտար օգնություն է ցանկանում տեղափոխել Արմավիրի մարզի այն համայնքներ, որտեղ մեր մոլոկան եղբայրներն են ապրում: Եթե այս ամենը համաձայնեցված չլինի ՀՀ իշխանությունների հետ, համաձայն ենք, չէ՞, որ նրանք ունեն լեգիտիմ հնարավորություն ոչնչացնել այդ ինքնաթիռը: Այո, ունեն»։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930