Այս տարվա սեպտեմբերի 2-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը, յուրահատուկ է իր կարեւորությամբ: Եվ պատճառն այն չէ, որ մենք պարտվել ենք պատերազմում՝ այսօր պարտվել ենք, վաղը, վստահ եմ, կհաղթենք: Յուրահատկությունը կայանում է նրանում, որ 32 տարվա ընթացքում մենք առաջին անգամ ունենք Հայաստանի ղեկավար, որը սեպտեմբերի 2-ը, այսինքն՝ ԼՂՀ հռչակման օրը, չի ընդունում: Նա հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, եւ, հետեւաբար, Արցախի Հանրապետություն գոյություն չունի:
Իհարկե, կարելի է մարդկանց խաբել եւ ասել, որ, օրինակ, Ալմա-Աթայի հռչակագրում նման բան է գրված: Ո՞վ է իրականում կարդալու, թե ինչ է գրված այս կամ այն փաստաթղթում: Բայց սովորական տրամաբանությունը հուշում է հետեւյալը. քանի որ այս հռչակագրի ստորագրումից հետո ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի գործառույթներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելն էր, դա ենթադրում է, որ մինչ այդ կարգավիճակը որոշված չէր:
Սակայն այդ բոլոր նրբությունները՝ մի կողմ: Կա անբեկանելի փաստ. մինչեւ 2022 թվականի հոկտեմբերը Հայաստանի ոչ մի ղեկավար, որքան էլ նա լավը կամ վատը լիներ, չի հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Ադրբեջանին, Թուրքիային, ինչպես նաեւ Ռուսաստանին հենց դա՛ էր պետք, եւ նրանք օրը մեջ այդ հայտարարությունը մեզ հիշեցնում են: Ընդունո՞ւմ եք, որ Ղարաբաղն Ադրբեջան է, ուրեմն, չենք կարող բացել Լաչինի միջանցքը: Եվ ավելին՝ եթե, ընդունում եք, ուրեմն նպաստե՛ք, որ այնտեղ ապրող հայերն ինտեգրվեն Ադրբեջանի մեջ: «Ինտեգրում» բառը պարզապես ազգային զտման այլասացությունն է (էվֆեմիզմը), եւ մարդ չկա, որը դա չի հասկանում:
Այս բոլոր հանգամանքները էապես փոխում են սեպտեմբերի 2-ի իմաստը: Դա յուրահատուկ անջրպետ է: Կան մարդիկ, որոնք հարգում են արցախցիների կամարտահայտությունը, նրանց ինքնորոշման եւ, հետեւաբար, պետություն ունենալու իրավունքը: Կան մարդիկ, որոնք չեն հարգում: Այդ երկրորդ խումբը ես չեմ համարում «թշնամի», «անհայրենիք» կամ, առավել եւս, «պողոս»: Սա պիտակների եւ վիրավորանքների ասպարեզ չի: Պարզապես, եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը մերժում է Արցախի Հանրապետության գոյությունը, ուրեմն՝ մերժում են նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Սա բոլորի համար պետք է պարզ լինի:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարզ և հստակ պատասխան ձեր տեսակետին.
https://news.am/arm/news/778343.html
Այսինքն՝ Արցախը «տարածքային միավոր» է, ոչ թե հանրապետություն, որը ձեւավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրագործմամբ:
Համենայնդեպս, միջազգային հանրությունը սրանից է ելնում, և դեռ չի փոխել իր տեսակետը։ Չի կարելի բացառել, որ նա շատ հիմնավոր պատճառներ ունի նման տեսակետ ունենալու համար։ Իսկ մեր երկիրը չի կարող ինքնուրույն գոյատևել մեզ հարմար երևակայական իրականության մեջ, դրա համար շատ քիչ ռեսուրսներ ու հնարավորություններ ունի։ Եվ, հետևաբար, նա ստիպված կլինի իր ինքնիշխանությունը զիջել ՌԴ-ին կամ մեկ այլ երկրի։ Այսինքն՝ կլինեն երկու ձախողված պետություն՝ մեկը պաշտոնապես ճանաչված բանանային հանրապետություն, երկրորդը՝ ընդհանրապես չճանաչված։ Իմ կարծիքով՝ փորձեր են արվում խուսափել նման սցենարից։ Թե որքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը, բայց ցանկությունն ընդհանուր առմամբ ճիշտ է։
«մեր երկիրը չի կարող ինքնուրույն գոյատևել մեզ հարմար երևակայական իրականության մեջ»
ճիշդ ու յստակատես հաստատում մըն է, ձեր երկրի մասին
տարօրինակը – ու նաեւ անհանդուրժելին – այն է որ, սակայն, նոյն այն անձերը որոնք երևակայական իրականութիւններու շնորհիւ տիրացան իշխանութեան, ապա երեք տարի՝ ամենասաստիկ ու անպատասխանատու կերպով քարոզեցին երևակայական իրականութիւններ, ցանեցին անպարագիծ երազներ, ցնորական յոյսեր եւ եթերային դատարկաբանութիւն, հիմա յանկարծ կծկուած են միւս ծայրայեղութեան մէջ՝ ամենագետնաքարշ աստիճանի *իրատեսութիւն*
ընթացքում՝ Հայոց նոր Աղէտ մը արտադրելէ ետք
եթէ այս նոյն անձերը բնական ընթացքով հասած ըլլային իշխանութեան – ինչ որ հնարաւոր էր, նկատի ունենալով Ելք-ի մուտքը՝ ԱԺ, շանս մը կար որ յաջողէին իրենց ողջունելի նպատակների գոնէ մի մասը. սակայն այն կերպով որ տիրացան իշխանութեան, անկարելի էր որ որեւէ բան յաջողէին. քանզի անկարելի էր որ իրենց շուրջ տեղի ունենար տարրական, կենսական չափի իսկ, ներազգային համախմբում
Տարօրինակ ոչինչ չկա. քանի կա Քաջ Նազար, պիտի լինեն նաև «հարբած հարսանքավորներ», որ տարածեն Նազարի փառքը՝ ինչ ավերածություն էլ նա անի: Ու պիտի լինեն «գյադեք», որ որ կողմ ցույց տա, այն կողմ էլ անցնեն:
Նորմալ քոչվորը եղջերու, այծ ու ոչխար է արածեցնում կանաչ խոտի հանդերում, իսկ այլասերված քոչվորը մարդուն է որպես եղջերու, այծ ու ոչխար ընկալում կանաչ դոլարի հանդերում: Մարդուն անասունի տեղ դնելը պետք է դաժանորեն պատժվի, մարդուն անասունի տեղ դնողները մարդկության դեմ հանցագործություն են իրագործում:
Ճանապարհը փակելով իսկական հայերը ցույց են տալիս իրենց մարդ եւ քաղաքական սուբյեկտ լինելը, փա՛ռք իսկական հայերին:
. Անձ մը որ *մերժում է Արցախի Հանրապետության գոյությունը, եւ ուրեմն՝ մերժում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը*, հայի մը համար, թշնամի չէ՞…
. Իսկ որ՝ *մինչեւ 2022 թվականի հոկտեմբերը Հայաստանի ոչ մի ղեկավար, որքան էլ նա լավը կամ վատը լիներ, չի հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի մաս է*, ըսենք որ՝ լաւ: Իսկ նախկին ղեկավարները կրնան բացատրել թէ ինչո՞ւ չճանաչեցին Արցախի պետութիւնը:
Քսան-երեք տարիներ շարունակ, Արցախը չճանաչելը որպէս պետութիւն, բառացիօրէն կը նշանակէ ուրանալ այդ պետութեան գոյութիւնը:
Ի դէպ, ամենապատեհ պահը այդ ճանաչումին, առաջին պատերազմի յաղթական զինադադարէն անմիջապէս ետք էր: Յաջորդող շաբաթներուն: Երբ Ադրբեջանի ռազմական ուժը խորտակուած էր, եւ դեռ Փութին չկար: Ոչ ալ Էրտողան:
Իսկ անկէ ետք, Երկրորդ եւ Երրորդ նախագահները շարունակեցին այդպէս տեւաբար օդին մէջ պահել Արցախի կարգավիճակը, չհաստատել – ուրեմն գոնէ՝ հարցականի ենթարկել – դրա պետական գոյութիւնը: Պատճառը՝ պատերազմի վա՞խն էր: Էհ, հիմա էլ ճիշդ նոյնն է պատճառը, Փաշինյանի խնդրոյ առարկայ յայտարարութիւններին: Եւ հիմա դա աւելի իրաւացի վախ մըն է:
Այս խնդրին լուծումը հայերուն ձեռքը չէ: Եւ աւելի լաւ: Քանզի լիովին փաստեցինք որ մենք անկարող ենք զայն լուծելու, տնօրինելու: Իրօք հրաշք մըն էր, արտասովոր պատահար մը, որ կարողացած էինք Ազատագրումը իրականացնել:
Վերը տեղ չմնաց, այստեղ պատասխանեմ:
Յարգելի Սարգիս, այս վարչակարգի քաջնազարութեան, տեւական հարսանիքին, գինովութեան եւ հարբանքին ժամանակը, Արցախի եւ բազմահազար կեանքերի կորուստէն առաջ էր: Եւ հենց այդ եղաւ պատճառը՝ այդ կորուստին, տակաւին ընթացիկ Հայոց Աղէտին:
Հիմա սակայն, նոյն գետնի վրայ, ուղեղային հակառակ խանգարումին մէջ են, նոյն իշխանաւորները:
Ըսածս այն է որ, եթէ այդ քաջնազարական հարբեցողութեան տեղ, էն վախտ սրանք լինէին ինչպէս որ դարձան հիմա, խնդիրը ջանային լուծել այժմու իրենց մօտեցումով, գոնէ այդ դժոխային պատերազմը տեղի չէր ունենար: Նաեւ սրանք լուրջ շանս մը ունէին – վստահաբար աւելի լուրջ, քան այժմ -, թերեւս խնդիրը լուծելու առանց պատերազմի: Կամ գոնէ, առանց այսքան մարդկային կորուստների:
Բոլոր բանակցութիւնները չեղարկել, ու լրիւ նոր բանակցութիւններ պահանջել, էական նոր պահանջով մը – Արցախի պետութեան մասնակցութիւնը – որ անկարելի էր որ թուրքերը ընդունէին. տաքցած աքլորի նման *Արցախը՝ Հայաստան է ու վերջ* գոռգոռալ, խոշոր զէնքի ետեւ կամ ռազմական օդանաւի մէջ նկարուիլ, եւայլն., միաժամանակ՝ բացարձակ ինքնիշխանութեան խելացնոր ըմբռնողութեամբ մը, անտեսելով աշխարհաքաղաքական ամենահիմնական տուեալները, գլուխ բռնելով Ռուսաստանին եւ սիրաբանելով դրա թշնամիների հետ. այս ամէնը ի՞նչ էին, եթէ ոչ Nimarի մատնանշած *երևակայական իրականության մէջ* երկիր մը կերտելու հիւանդագին երազանքին ամենացայտուն ախտանշանները. որոնք նախապէս երբեք չէինք տեսած ու լսած, գոնէ բարձրաստիճան իշխանաւորներու մօտ:
Ուրեմն, որպէսզի իրենք իրենց այդ ցնորքէն դուրս գան, դարմանուին, խելքերնին գլուխնին հաւաքեն, անհրաժեշտ էր որ տեղի ունենար Աղէտը:
Եւ ուրեմն հիմա իրենց, նոյներո՛ւն, առիթը պէտք է տալ որ հիմա ալ իրենց նախնական ամենածանր սխալներուն հակառակ ուղղութեամբ ամենածանր սխալները գործեն, եւ… տենանք… սպասենք… *ցույց կտա ժամանակը* ասենք… չէ՞ որ, դարձեալ, *ցանկութիւնը ճիշդ է*, միտումները լաւն են ու նպատակները բարի… դարձեալ թողնենք, որ աշխատեն… քանի որ փառաւոր կերպով փաստեցին թէ ինչ հոյակապ արդիւնքներ կու տան իրենց ճիշդ ցանկութիւնը, ինքնատիպ ծրագիրներն ու բարի միտումները…
Հարգելի Հայդուկ, ասածներիդ հետ համաձայն եմ, սակայն «եթե»-ները, «լինեին»-ը, «ջանային»-ը, «ունեին»-ը չեն համոզում: Եղել է ճիշտ այն, ինչ-որ պիտի լիներ այսպիսի քաջնազարական իշխանության դեպքում: Իզուր եք կարծում, որ քաջնազարության ժամանակն անցել է: Քանի տականքը թագավոր է, մենք այդ ժամանակներում ենք, ինչպես ասում եք, «ընթացիկ աղետի» վիճակում: Ի՞նչ պիտի փոխվի Նազարի մեջ, ինչպե՞ս պիտի վերանա խեղված մանկությունից իր մեջ մնացած ատելությունը, որ, ասելն էլ սարսափելի է, մեր պետության ընթացքն է կանխորոշում… Սպասենք Ուստիանին:
2 սեպտեմբերի, 1991 թ – դա իսկապես ջրբաժան էր։ Այդ պահից պարզ դարձավ, որ Արցախի իշխանությունները վերջնականապես հրաժարվեցին Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափարից։ Ամբողջ շարժման հիմքում ընկած գաղափարից, ինչի համար պայքարում էին Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, պայքարում էին աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերը։
Այն օրվանից, երբ Հայաստանը չճանաչեց Արցախի Հանրապետության գոյությունը, հայկական զինված ուժերի ներկայությունը սեփական երկրի
սահմաններից դուրս դարձավ մեր երկրի Սահմանադրության բացահայտ խախտում, ես նույնիսկ կասեի՝ հանցագործություն։
«Արցախը Հայաստան է և վերջ» ասվածը, ես դա հասկանում եմ որպես այս անօրինությունն արդարացնելու վերջին հնարավորություն։
Իսկ հանրահավաքում ասված այս արտահայտությունը ներկաների կողմից ընկալվեց որպես Արցախի համար պայքարելու Հայաստանի
պատրաստակամություն։ Եվ այդպես էլ եղավ։
Այնուամենայնիվ արցախցիների համար Արցախն ամենևին էլ Հայաստան չէ, այլ, թեկուզ բարեկամ, բայց այլ երկիր է։ Լավ եմ հիշում 2018 թվականին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, երբ ինչ-որ մեկը Բակո Սահակյանին ներկայացրեց որպես Արցախի մարզպետ և ինչ դեմարշ էր դրանից հետո։
Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց անձամբ ինձ համար երկու հայկական պետությունների գաղափարը անընդունելի է։
Կամ մենք միասին ենք, կամ թող ամեն մեկն իր ճանապարհով գնա։