«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի եւ Հայաuտանի կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման հավելվածի 231-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասության համաձայն` պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, նամակագրություն վարելը… Հեռախոսակապից օգտվելը կարող է տույժի պատճառ դառնալ նաեւ պարզապես խցում օգտվելիս:
Հունիսի 19-ին «Առավոտում» անդրադարձա դրոնների միջոցով քրեակատարողական հիմնարկներ նետվող արգելված իրերի պատմություններին, որոնց մասին տեղեկացել էի ՔԿՀ պաշտոնական կայքէջից: Օգոստոս ամսվա դիտարկումներս հետեւյալն էին. ինչ են հիմնականում ստանում, փոխանցվում կալանավորներին, ամենապահանջված իրը որն է: Որքան էլ զարմանալի է, հիմնականում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ: Ուշադրությունս գրավեց այն, թե ինչպես են դրանք պահվել, որտեղ, որոնք հետագայում օպերատիվ աշխատակիցների կողմից հայտնաբերվել են:
Մեկ ամիս առաջ «Սեւան» ՔԿՀ-ի ջեռուցման մարտկոցի միջնամասից հայտնաբերվում է 12 բջջային հեռախոս, 9 լիցքավորման սարք, 3 զույգ անլար ականջակալ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ում թաքստոցը հիվանդասենյակի հատակն էր, որտեղից նույնպես հայտնաբերվել էր բջջային հեռախոս եւ լիցքավորման սարք: «Վարդաշենում» սմբուկի տարայի մեջ դրվել էր «համով» հեռախոսը: Օգոստոսի 28-ին «Նուբարաշենում» հայտնաբերվեց բջջային հեռախոս՝ գրքի մեջ: Իսկ «Գորիսում» սպորտային կոշիկի մեջ էր դրվել բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը, որպեսզի փոխանցվեր դատապատյալին:
Եթե նկատեցիք, միայն հեռախոսների, հաղորդակցության կարիքը լավ օրից չէ, որ ունեն, եւ գուցե ժամանակն է օրենքում որոշակի փոփոխություններ մտցնել, «անազատներն իրավունք ունեն օգտվել կապի միջոցներից»-ը «բացել», ավելացնելով՝ «իրավունք ունեն որոշակի ժամանակահատվածով օգտվել նաեւ բջջային հեռախոսներից կամ՝ առցանց»: Աշխարհը փոխվել է, մարդիկ առցանց են աշխատում, հեռավար ցուցմունք տալիս, իսկ մենք դեռ նույն հին «թաքստոցի» առաջ ենք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
01.09.2023