Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Ոսկանյանն ու «Պատարագը»

Սեպտեմբեր 02,2023 12:00

Երաժշտարվեստում անփոխարինելի են խմբային կատարումները, քանի որ անսամբլների, երգչախմբերի, նվագախմբերի մասնակիցները մեկտեղում են իրենց ձայները, որը ունկնդրին է հասնում իբրեւ մեկ ամբողջականություն։ Արդյունքը հեռու կլիներ երաժշտություն կամ ստեղծագործություն կոչվելուց, եթե հիշատակված խմբերի առջեւ կանգնած չլիներ դիրիժորը կամ խմբավարը՝ նյութի իր  գիտությամբ, զգացողությամբ ու կատարյալին հասնող ներդաշնակության ապահովմամբ։

Տաղանդավոր մի երաժշտի ենք ուզում ներկայացնել, ով վերը շարադրվածի փայլուն ներկայացուցիչն է այսօր։

Այսպես. 1981թ. Լիտվայում՝ Վիլնյուսի հայտնի սրահներից մեկում ելույթ էր ունենում Հայաստանից ժամանած «Խորոտիկ» մանկական անսամբլը։ Հանդիսատեսին հատկապես հիացրեց 3-ամյա աղջնակի՝ Մարգարիտ Ոսկանյանի  ականջահաճո տեմբրով մատուցած երգն ու հեզաճկուն պարը։


Լինելով ճանաչված կոմպոզիտոր-երգիչ Արզաս Ոսկանյանի եւ դաշնակահարուհի Քնարիկ Տեր-Սիմոնյանի դուստրը, բնականաբար, փոքրիկ Մարգարիտը իրենց տուն-արվեստանոցի ամենօրյա ստեղծագործական մթնոլորտի ականտեսն էր, ուր հյուրընկալվում էին կոմպոզիտորներ, երաժիշտներ, դիրիժորներ, խմբավարներ, երգիչներ, բանաստեղծներ, դերասաններ, մի խոսքով՝ համբավավոր արվեստագետներ։ Այստեղ հանպատրաստից անցկացվում էին ստեղծագործական, կատարողական երեկոներ, որոնք փոքրիկ Մարգարիտի համար, կարելի է ենթադրել, թե ի՜նչ ուսուցողական էին։

Հետո՝ միջնակարգ դպրոց, զուգահեռ՝ երաժշտական դպրոց, դաշնամուրային բաժին եւ այստեղ ուսանելու առաջին տարիներին արդեն նշմարելի էին աղջնակի հաջողությունները։ Բայց պատանի դաշնակահարուհուն ավելի սրտամոտ էր խմբական երգեցողության խմբավարի մասնագիտությունը։

Դպրոցը դեռ չավարտած՝ խմբավարական մասնագիտությանն անհրաժեշտ նախնական գիտելիքներով Մարգարիտը գերազանց գնահատականներով ընդունվում է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ Այստեղ, ուղիղ ասած՝ նրա բախտը բերում է. երաժշտի ուսումնառությունը սկսվում է երիտասարդ, բանիմաց, եռանդուն ու հոգատար մանկավարժ, խմբավար Սոնա Հովհաննիսյանի դասարանում, ով այդ տարիներին հիմնել ու ղեկավարում էր այսօր արդեն միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «Հովեր» երգչախումբը։ Քառամյա ուսուցման երրորդ տարվա ավարտին Սոնա Հովհաննիսյանը գտնում է, որ Մարգարիտի տաղանդը լիիրավ հնարավորություն է տալիս նրան սովորել կոնսերվատորիայում։ Մարգարիտը բարձր գնահատականներով ընդունվում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժին։

Ակնառու հաջողությունների շնորհիվ ուսանողը հրավիրվում է ղեկավարելու նորաստեղծ «Պատարագ» երգչախումբը։ Ի դեպ, Մարգարիտն առայսօր ղեկավարում է այդ երգչախումբը։ Հատկանշական է, որ երգչախումբը չունի մշտական կազմ, այն բաղկացած է բացառապես երաժիշտ ուսանողներից։

Եվ այսպես Մարգարիտ Ոսկանյանի առավելությունը դարձավ երգչախմբի ուսանող երգիչներին ծանոթացնել համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններին, ինչպես նաեւ բացահայտել նրանց համար կատարողական արվեստի նրբերանգները։

Խմբավարը մեծ տեղ է հատկացնում երգչախմբի հաճախակի ելույթներին, հատկապես միջնադարյան հոգեւոր եւ աշխարհիկ երգ-երաժշտություն հնչեցնելուն, որոնց երգչախմբի երիտասարդ կատարողները անծանոթ են լինում։

Մի հատկանշական փաստ. խմբերգային ստեղծագործությունները՝ Մարգարիտ Ոսկանյանի ինքնատիպ մեկնաբանման շնորհիվ, անցնում են լեցուն դահլիճներում։ Ականատեսն ենք եղել համերգների, որտեղ ինքնատիպ լեզվով ստեղծագործող կոմպոզիտորների բարդ ստեղծագործությունները Մարգարիտ Ոսկանյանի ղեկավարությամբ երգչախումբը հնչեցրել է՝ հանդիսատեսի բրավոներին արժանանալով. անհավատալի է, որ դրանք մատուցում են կատարողական արվեստում նոր-նոր քայլեր անող երիտասարդ ուսանողները։ Սա հենց խոսուն փաստ է Մարգարիտ Ոսկանյանի տաղանդի մասին, ով անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների հետ կարճ ժամանակահատվածում կարողանում է ներդաշնակեցնել բարդ ստեղծագործությունները՝ ցուցաբերելով կատարողական բարձր հմտություններ։ Եվ դա կրկնվում է տարեցտարի,  քանի որ ուսանողներն ավարտելով բուհը, այլեւս չեն մասնակցում երգչախմբի աշխատանքներին, նրանց փոխարինելու են գալիս նոր՝ ավելի անփորձ ուսանողներ։ Եվ այդ շրջապտույտը որեւէ կերպ չի ազդում «Պատարագ» երգչախմբի որակի վրա։ Թվում է, թե այն բազմամյա, անփոփոխ կազմ ունի, սակայն դա միայն թվում է։ «Պատարագ» երգչախումբն այսօր էլ ծրագրում է համերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, ուր միշտ սպասված է, սպասված իր ուրույն, բարձր կատարողական որակով եւ հայտնի ու անհայտ ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանությամբ։ Երգչախումբը, ինչպես միշտ, կղեկավարի մերօրյա տաղանդավոր խմբավարներից մեկը՝ Մարգարիտ Ոսկանյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930