Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ապրանքային նշանը, ինչպե՞ս են գրանցում, ի՞նչ փուլեր, ժամկետներ, պետտուրքեր կան

Սեպտեմբեր 02,2023 13:00

2007-ին ՀՀ տնտեսական դատարանում քննվում էր «Բի Լայն»-ն ընդդեմ «ԱրմենՏել» եւ «Վիմպելկոմ» ընկերությունների գործը: Ըստ հայցվոր ընկերության, այդ երկու ընկերությունները օգտագործել էին իրենց ապրանքային նշանին ու ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ապրանքային նշան, ինչը օրենքի խախտում էր… «Միջազգայիններից», թերեւս, հնչեղություն ստացավ «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» հիմնադիրներից մեկի՝ Մուրատովի հարազատների դատը ՈՒՀԱ ընկերության եւ Մասլյակով կրտսերի դեմ՝ ապրանքային նշանը յուրացնելու համար…

Վերջին տարիներին ապրանքային նշանի գրանցումը լայն թափ է առել, հավանաբար, գործարարները գիտակցում են, թե որքան ռիսկային կարող է դառնալ դրա բացակայությունը: «Առավոտի» հետ զրույցում «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Սոսե Չանդոյանը նշում է, որ գործարար ոլորտում լուրջ հաջողություններ գրանցելու եւ բարի համբավ ձեռք բերելու դեպքում կարող են հայտնվել անձինք, ովքեր կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը, հետեւաբար խորհուրդ է տալիս չխուսանավել գործընթացից:

– Ի՞նչ է ապրանքային նշանը (լոգոտիպ), ի՞նչ ձեւով կարող է արտահայտվել եւ ինչո՞ւ է կարեւոր դրա գրանցումը:

– Ապրանքային նշանները ստեղծել են ընկերության ճանաչելիության բարձրացման, մրցակցային` այդ թվում համաշխարհային շուկայում վաճառվող ապրանքը կամ ծառայության ոլորտը տարբերակելու, ինչպես նաեւ սպառողի հիշողության մեջ մտապահելու համար: Մերօրյա իրականությունում լոգոտիպը, նույնն է թե` տարբերանշան կամ պատկերանիշ, համարվում է նաեւ որակի չափանիշ: Այս համատեքստում իրավական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանել ապրանքային նշանը` այն գրանցելով: ՀՀ-ում դրա գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա, որը հանձնվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից «Մտավոր սեփականության գործակալություն»։

Ապրանքային նշանի գրանցմամբ, դրա իրավատերը` ում անունով գրանցվել է լոգոտիպը, ունի բացառիկ իրավունք` այլ անձանց արգելելու տարբերանշանի օգտագործումն իրենց ընկերության գործունեության մեջ։ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես` բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները, տառերը կամ թվերը, նկարները, պատկերները կամ խորհրդանշանները, եռաչափ պատկերները, մասնավորապես՝ ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը, հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները, ձայնային ազդանշանները եւ թվարկված նիշերի ցանկացած համակցություն։

– Ի՞նչ ընթացակարգերով են գրանցում ապրանքային նշանը, ի՞նչ փուլեր, ժամկետներ, պետական տուրքեր կան:

– Ինչպես արդեն նշեցի, հայտը ներկայացվում է Մտավոր սեփականության գործակալություն, անմիջապես հայտատուի կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով: «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն՝ հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի եւ ներկայացվի հայերեն, հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են հայտի հետ ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:

Հայտերը գործակալություն հնարավոր է ներկայացնել ինչպես թղթային տարբերակով, այնպես էլ` փոստով կամ էլեկտրոնային եղանակով, ինչն էլ ավելի է հեշտացնում գործընթացը: Հայտի, ընտրված դասերից յուրաքանչյուրի եւ նախնական փորձաքննության համար վճարվում են պետական տուրքեր:

Հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նախնական փորձաքննություն, որի արդյունքում կայացվում է որոշում՝ հայտի հրապարակման եւ ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին: Հրապարակումն իրականացվում է հայտի հրապարակման եւ ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա, դրա կայացման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում: Իսկ ըստ էության փորձաքննությունն անցկացվում է հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում, որի ընթացքում ստուգվում է հայտի հիմքերի առկայությունը:

Ըստ էության փորձաքննության դրական արդյունքների հիման վրա կայացվում է ապրանքային նշանը գրանցելու կամ մասնակի գրանցելու մասին որոշում, որը ստանալուց հետո «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժա» ենթակետի համաձայն՝ անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճար, որը «Ապրանքային նշանների մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անհրաժեշտ է կատարել եռամսյա ժամկետում, որից հետո միայն ապրանքային նշանը գրանցվում է եւ տրվում է վկայական: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաեւ սահմանված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, որի պարագայում վճարման չափը կավելանա 20 տոկոսի չափ: Նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված։

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի անգամ երկարաձգվել բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով։ Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգվում է դրա իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է պետական լիազոր մարմին եւ քննարկվում է մեկամսյա ժամկետում։ Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաեւ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում: Տվյալ պարագայում ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։

– Հայաստանում որքանո՞վ է արդիական եւ տարածված ապրանքային նշանի գրանցումը, ի՞նչ է դա տալիս ապրանքային նշանի տիրոջը:

– Վերջին տարիներին ապրանքային նշանի գրանցումը լայն թափ է առել, հավանաբար դա հետեւանքն է այն բանի, որ գործարարները գիտակցում են, թե որքան ռիսկային կարող է դառնալ դրա բացակայությունը: Թեեւ ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, ոչ թե պարտավորություն, այնուամենայնիվ, խորհուրդ կտայի չխուսանավել գործընթացից, քանի որ գործարար ոլորտում լուրջ հաջողություններ գրանցելու եւ բարի համբավ ձեռք բերելու դեպքում կարող են հայտնվել անձինք, ովքեր կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը: Հարկ է հիշել, որ ՀՀ օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ ապրանքային նշանը պահպանվում է այն պետության տարածքում, որտեղ այն գրանցված է: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանն ունի իրավական պահպանություն միայն մեր երկրում, ինչը նշանակում է, որ տվյալ ապրանքային նշանը կարող է օգտագործվել եւ նույնիսկ գրանցվել ցանկացած այլ անձի կողմից օտար երկրներում:

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձինք իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցելու օտարերկրյա պետություններում` հայտ ներկայացնելով անմիջապես այն երկրի համապատասխան գրասենյակ, որտեղ հայտատուն ցանկանում է իրավական պահպանություն ստանալ կամ կատարել դրա միջազգային գրանցում։

– Որո՞նք են ապրանքային նշանի գրանցումը մերժելու ամենատարածված հիմքերը:

– Ապրանքային նշանների գրանցումը մերժելու ամենատարածված հիմքերից մեկը ապրանքային նշանի նույնական կամ նման լինելն է արդեն իսկ գրանցված ապրանքային նշանին:

Այս մասով ՀՀ Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշումներ, որոնցից մեկով (ՎԴ/4241/05/11 վարչական գործով 18.07.2014թ. որոշմամբ) արձանագրել է հետեւյալը. «….ապրանքային նշանի նմանակման փաստն արձանագրելու համար պարտադիր է նաեւ սուբյեկտիվ տարրի առկայությունը, այն է` սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգի առկայությունը: Շփոթության վտանգն առկա է այն դեպքում, երբ նմանակումը սպառողին մղում է այն մտքին, որ այդ նշանով անհատականացված ապրանքն իրեն նախկինում հայտնի արտադրողի ապրանքն է, ինչը նրան ստիպում է կամ կարող է ստիպել ընտրելու ոչ այն ապրանքը, որը նա փնտրում է: Ընդ որում, իրավախախտման փաստն արձանագրելու համար բավարար է «շփոթության իրական հավանականությունը», այլ ոչ «փաստացի շփոթությունը»:

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ խորհուրդ կտայի լինել յուրատիպ, փորձել ստեղծել այնպիսի տարբերակիչ նշաններով ապրանքային նշան, որը չի նմանակի մեկ այլ ապրանքային նշանի:

Հարցազրույցը՝

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
01.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930