Սոթքի դիրքերում զոհվածներից մեկը՝ 19-ամյա Վաչագան Սարոյի Վարդանյանն Անի խոշորացված համայնքի Լանջիկ համայնքից է։ Նա ժամկետային զինծառայող էր․ բանակ էր զորակոչվել այս տարվա հունվար ամսին։
Անի խոշորացված համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Աբաջյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նա տան ավագ որդին է, իրենց փոքր քույր ու եղբայր ունի։ Ծնողները՝ թե՛ հայրը և թե՛ մայրը հաշմանդամություն ունեն։
«Իրենց քրտինքով աշխատող մարդիկ են, Վաչագանը գյուղի լուսավոր տղաներից էր, սարսափելի էր նրա մահվան լուրն իմանալը։ Նրա բանակը գնալը մի պահ ժամանակավորապես հետաձգվել էր։
Նրան կհուղարկավորեն ընտանեկան գերեզմանոցում, հարազատներ ունի Ռուսաստանի Դաշնությունում, երևի կգան, նոր կհուղարակվորենք։ Մեր գյուղը 44-օրյա պատերազմի ժամանակ ևս մեկ զոհ էր տվել, մեկ ամիս անհետ կորած էր, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հուղարկավորված 9 զոհերից մեկն էր։ Շատ ծանր է, շատ», -ասում է գյուղապետը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ