Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ուտեն իրենց հրապարակած թվերը». Արտակ Զեյնալյանը մեջբերեց Լևոն Տեր-Պետրոսյանին

Սեպտեմբեր 01,2023 20:50

Այդ կազմակերպության հրապարակած արդյունքները կարողացել ենք գնահատել դեռևս 2008 թվականին և դրա պատասխանը լավագույնս տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որին նրանք չեն հակադարձել: Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց «թող ուտեն իրենց հրապարակած թվերը»:

Aravot.am-ին նման պատասխան տվեց «Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել «GALLUP International Association»-ը հրապարակած հարցման արդյունքները, համաձայն որի Երևանի բնակիչների շրջանում հարցված 805 քաղաքացիներից  3.0%-ն է միայն  պատրաստվում քվեարկել «Հանրապետություն» կուսակցության և Արտակ Զեյնալյանի օգտին:

«Իրենք Լևոն Տեր-Պետրոսյանի համար կանխատեսել էին 4 տոկոս, ու նույնիսկ  Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմների աննախադեպ կեղծումներից հետո, ռեժիմի ներկայացուցիչները Լևոն Տեր-Պետրոսյանի համար տասնապատիկ անգամ ավելի շատ ցուցանիշ ցույց տվեցին: Այնպես որ նրանց այդ տվյալները որակազրկված են 2008 թվականի ընտրություններով և դրանից հետո նրանք չեն վերականգնել իրենց  հեղինակությունն ու համբավը»,-ասաց Արտակ Զեյնալյանը: Հիմա, երբ վաղուց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իշխանության չեն՝ դուք նորից  կրկնու՞մ եք Լևոն Տեր-Պետրոսյանին, իմ ճշտող հարցը զայրացրեց  Զեյնալյանին. «Ես ձեր տեսակետների հետ համաձայն չեմ, ես չեմ կիսում ձեր տեսակետը», թեպետ ես առհասարակ տեսակետ չէի հայտնել ու ընդամենը ճշտող հարց էի տվել:

Իմ հաջորդ «Լուրեր են շրջանառվում, թե ընտրությունների արդյունքում ՔՊ-ն, «Հանրապետություն» և , «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կոալիցիա են կազմելու, որքանո՞վ են իրատեսական այս լուրերը՝ մանավանդ որ  ձեր կուսակցության առաջնորդը միակ մրցակից տեսնում է ՔՊ-ին: Առհասարակ որևէ ուժի հետ կոալիցիա կկազմե՞ք» հարցը Արտակ Զեյնալյանի կողմից «պրովոկացիա» որակմանն արժանացավ:

«Պրովոկցիոն հարցեր են, ես հասկանում եմ , հարկավոր է պրովոկացիան պոկելու համար անել այն ինչ անհրաժեշտ է, բայց մենք դրա պատասխանը տվել ենք, մեր մրցակիցը, քաղաքական հակառակորդը այսօրվա իշխող քաղաքական մեծամասնությունն է, որ տիրապետում է ավագանու մեծամասնությանն ու քաղաքի կառավարման ղեկին: Երբ ժողովուրդը կորոշի, թե ով է լինելու ավագանու անդամ,  և եթե մեծամասնությունը մենք լինենք, կարծում եմ մեզ հետ բոլորը կհամագործակցեն»,-ասաց «Հանրապետության» քաղաքապետը:

Նրանից փորձեցինք ճշտել նաև քարոզչության 10-րդ օրը, իր  տպավորությամբ երևանցիները Կազանի՞, թե Միլանի օգտին են, ընտրություն կատարելու: «Ինտելեկտուալ երևանցին ընտրություն է կատարելու Միլանի օգտին, իսկ այդպիսիք բավականին շատ են»-ասաց նա:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930