Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօրվա դատական նիստում շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով գրավոր ապացույցների հետազոտումը։ Դատախազ Գեւորգյանը ներկայացրեց մեղադրանքի հիմքում դրված մեղադրական եզրակացությամբ վկայակոչված եւ մեղադրող կողմի տեսանկյունից մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի գրավոր ապացույցները, որի վերաբերյալ պաշտպանության կողմը նախորդիվ բազմաթիվ դատավարական դիրքորոշումներ էր արտահայտել։
Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը Aravot.am-ին ասաց, որ հաջորդ դատական նիստում, որը կկայանա սեպտեմբերի 6-ին ժամը 14։00-ին, կանխատեսում է, որ պաշտպանության կողմն արդեն իր առարկությունները, անհամաձայնությունները կհայտնի, որոնք իր գնահատմամբ՝ կհերքեն մեղադրյալներին առաջադրված մեղադրանքում ընկած փաստերը, այլ խոսքով ասած, մեղադրանքի հիմնավորվածությունը խիստ կասկածի տակ կդնեն։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեց, որպեսզի հարգելի պատճառով իրեն կարճ ժամանակահատվածով երկրից բացակայել թույլատրվի։ Այս հարցին դատարանը կանդրադառնա հաջորդ նիստում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ