«Երևանում այլևս այն խայտառակությունը, որ ճկույթիս հաստությամբ շիվեր էին տնկում, և դրանք այդպես էլ ծառ չդարձան, գոյություն չունի։ Երևանն այսօր գնում է 10 տարեկան հասուն, կայացած, հաստ ծառեր։ Երևանում սահմանվել է նոր նշաձող․ անցյալում են քաղաքային այգիներում ու պուրակներում տնկվող շիվերը, դրանք օգտագործվում են միայն անտառների հիմնման համար»,- «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Բեգոյանը։
Խոսելով մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքի հատկացման մասին՝ Արմեն Բեգոյանն ասաց․ «Մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքը 17 քառակուսի մետրի պետք է հասցվի, դա ևս բավականին քիչ է։ Խորհրդային Միության ժամանակահատվածում էլ Երևանում հասանելիք մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների մակերեսը նվազագույն էր, դրան գումարվեց ճգնաժամ, տասնյակ հեկտարներով ոչնչացված անտառներ։ Փոշու՝ օդում առկայության դեմ հիմնական գործիք են հանդիսանում քաղաքային անտառները։ Մեր ծրագրում ունենք Նոր Նորքի երբեմնի այգիներ կոչվածի մի մասում, որը չի սեփականաշնորհվել, անտառի հիմնում։ Կլրացվեն Փարոս կոչվող բլրի անտառները և ամենամեծ պրոյեկտը 200 հեկտարի վրա կհիմնվի քաղաքային նոր անտառ տնկարկ կամ անտառ այգի Դալմայի այգիներում»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ նշեց․ «Վերջին մեկ-մեկուկես տարիներին կատարվել են ոչ միայն մեծ ծավալի աշխատանքներ, այլև փոփոխվել են կանաչապատման սկզբունքները։ Շատ աչք ծակող ոչ պոպուլյար քայլեր՝ կենսունակությունը սպառած ծառերի փոփոխությունը, օրինակ, այլընտրանք չուներ։ Շատ ենք ստանում քաղաքացիների բողոքներ, երբ իրենց շենքի դիմաց եղած ծառերը սպառել են իրենց կենսունակությունը, ասում են եկեք, սրսկեք, էտեք։ Մասնագետներն ասում են, որ դրանք պիտի փոխարինվեն, այլևս ոչինչ այդ ծառին փրկել չի կարող»։
Ըստ Դավիթ Խաժակյանի՝ թեև իրականացվեցին բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ, բայց շարունակում է խնդիր մնալ խնամված կանաչապատ բակային տարածքների հարցը․ «Մեծ ծավալով անտառային տարածքներ են հիմնվում, դա կարևոր է, քանի որ քաղաքի թոքերն են, բայց կարևորում եմ նաև բակային տարածքների ներսում այդ աշխատանքների իրականացումը»։
Կարդացեք նաև
«Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյանը փաստեց՝ Երևանը խիտ կառուցապատված է, և ուղղահայաց կանաչապատման հնարավորությունները պետք է օգտագործել․ «Դա հնարավորություն է տալիս փոքր հողային մակերեսների վրա ստեղծել կանաչ մակերեսներ։ Աշխարհում դրա իրականացման տարբեր մեխանիզմներ կան։ Կան նաև տանիքների կանաչապատման տարբերակները։ Շինթույլտվությամբ կարելի է ներառել կառուցապատողների համար հավելյալ գործողություն՝ կանաչապատում։ Կիսում եմ բակային տարածքների մասով անհանգստությունը։ Մեր քաղաքացուն առաջին հերթին հետաքրքրում է իր բակը։ Քովիդից հետո այս հարցը դրված է ամբողջ աշխարհում։ ԱՀԿ-ն սահմանել է, որ քայլքով 300, 600, 900 մետր հասանելիությամբ մարդիկ պիտի ունենան կանաչ գոտի։ Կարծում ենք ՝ ճիշտ կլինի բակային տարածքների կանաչապատումը վերապահված լինի վարչական շրջաններին։ Այդ դեպքում վարչական շրջանների ղեկավարներն ավելի մոտ կլինեն համայնքին։ Նաև այդ կանաչապատման գործընթացը կամ կվերապահեն կանաչապատում ՀՈԱԿ-ին, կամ այլ կառույցի, որը կիրականացնի կանաչապատման գործընթացները»։
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ