Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Գուտերեշ, նմանվեք Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարին եւ հայտարարեք, որ Ադրբեջանը պետություն չէ, որ Արցախը չի պատկանում Ադրբեջանին»․ Ալեքսանդր Մանասյան

Սեպտեմբեր 01,2023 19:35

«ՄԱԿ-ն իր պարտականությունները չի կատարում»,- այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ Ի պաշտպանություն Արցախի՝ քաղաքացիներն այսօր բողոքի ցույց անցկացրեցին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ։ «Մենք այսօր հավաքվել ենք ՄԱԿ-ի շենքի առաջ եւ այդ ճշմարտությունը պետք է ասենք։ ՄԱԿ-ը չի կատարում իր անմիջական պարտականությունները, որոնք նախատեսված են հենց կանոնադրության առաջին կետերով։ Ես ուզում եմ այսօր բարձրացնել մի հարց, թե ինչո՞ւ ՄԱԿ-ն իր շարքերից դուրս չի հանում ցեղասպան մի պետության, որը ցեղասպանության ու վայրագությունների սերմեր է ցանում հենց ՄԱԿ-ում ու աշխարհում։ Ուղիղ 102 տարի առաջ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետություն կոչվածը, որը հիմնել էր Թուրքիան, դիմել էր Ազգերի լիգա ընդունվելու համար։ Հինգերորդ կոմիտեն, ընդունելով դիմումը եւ քննարկելով այն, եկել էր այն եզրակացության, որ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն արժանի չէ Ազգերի լիգայի անդամ լինելու համար, մերժել էր նրանց խնդրանքը։ Ի դեպ, մերժել էր այնպիսի հիմնավորումներով, որոնք այսօր էլ վճռական դեր ունեն մերօրյա Ադրբեջանի կերպարը հասկանալու համար։ Գլխավոր քարտուղարը, առաջ ընկնելով հինգերորդ կոմիտեից, նոյեմբերի 24-ին արդեն հայտարարել էր, որ՝ այս տարածքում, որին նրանք հավակնում են, երբեւիցե այդպիսի պետություն չի եղել։ Այսինքն՝ գլխավոր քարտուղարը հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե իրենք այստեղ պատմական ներկայություն ունեն»,- հայտարարեց Մանասյանը։

Նա նշեց, որ Ազգերի լիգայի հինգերորդ կոմիտեն նշել է նաեւ, որ այդ երկիրը հավակնում է հարեւան պետությունների տարածքներին։ Հետեւաբար, ըստ նրա, Ազգերի լիգայի նյութերը հսկայական նյութեր են տրամադրում մերօրյա ՄԱԿ-ին՝ հասկանալու համար, թե ինչ երկիր է իրենց դիմել 1992 թվականին՝ ՄԱԿ ընդունվելու համար։ «Արդյոք այսօրվա ՄԱԿ-ը քննարկե՞լ է այն դիմումը, որը մերօրյա Ադրբեջանը ներկայացրել է՝ ՄԱԿ ընդունվելու համար։ Արդյոք Ազգերի Լիգայի նման մի հինգերորդ կոմիտե քննարկե՞լ է այդ հարցը։ Եթե քննարկել է, ապա մենք իրավունք ունենք պահանջելու ՄԱԿ-ից՝ մեզ տալ այդ նյութերը, որ տեսնենք, թե իրենք ինչպե՞ս են որակել Ադրբեջանի հանրապետությունը, երբ այնտեղ դեռ շարունակվում էր ցեղասպանությունը։ Ազգերի լիգան որակել էր, որ Ադրբեջանն այս տարածքներում պետություն չէ, իսկ 1991 թվականին դա նույն Ադրբեջանն է եղել, ինչո՞ւ է ընդունվել ՄԱԿ։ Այս հարցը սկզբունքային է, եւ եթե ՄԱԿ-ը քննարկել է, մենք իրավունք ունենք իրազեկված լինել ու պահանջել քննարկումների վերաբերյալ փաստաթղթերը»,- հայտարարեց Ալեքսանդր Մանասյանը։

Նա նշեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը, ինչպես 102 տարի առաջ, այնպես էլ այսօր, Ադրբեջանի մաս չէ։ «Հիմքերը պարզ են՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը Սովետական միության ընդունած օրենքների եւ միջազգային օրենքի համաձայն՝ Արցախը հռչակել է անկախ պետություն։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս Եվրոպան դա չնկատեց։ Եվրոպան դա պետք է իմանար, բայց իմանալով հանդերձ՝ որոշեց Ադրբեջանական հանրապետությունը՝ Արցախով հանդերձ, ճանաչել։ Հայտնի չէ այն իրավական սուբյեկտը, որը ներկայացել է Ալմա-Աթա, բայց Եվրոպան աչք է փակել դրա առաջ։ Եթե Եվրոպան քննարկել է այդ հարցը, ապա մենք՝ որպես քաղաքացիներ, իրավունք ունենք իրազեկված լինելու, թե ի՞նչ է քննարկվել կոնկրետ այդ նիստում, ինչպե՞ս են որակել Ադրբեջանի վարքը։ Չեն տեսե՞լ, որ Սումգայիթի հայկական կոտորածների հեղինակ պետությունն է հայտ ներկայանում՝ ՄԱԿ անդամ դառնալու համար։ Պարոն Գուտերեշ, նմանվեք Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարին։ Նա պահանջել է փաստաթղթերը, հատուկ հուշագիր է գրել, որտեղ ասել է, որ Ադրբեջանը պետություն չէ։ Պարոն Գուտերեշ, հիմա ունեք ՄԱԿ-ում ունեք վեցերորդ կոմիտե, որն իրավական հարցերով է զբաղված։ Հանձնարարեք նրանց փաստաթղթեր հանել եւ ցույց տալ՝ արդյոք Արցախը պատկանո՞ւմ է Ադրբեջանին։ Ես ավելի քան համոզված եմ, որ ազնիվ իրավաբաններն ասելու են՝ չի պատկանում։ Եվ այդ դեպքում, պարոն Գուտերեշ, հանդես եկեք մի հայտարարությամբ եւ ասեք ճշմարտությունը Արցախի մասին, այն ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից չի պատկանում մերօրյա Ադրբեջանական հանրապետությանը։ Այս կոչը մենք պետք է միասին տարածենք ու պահանջենք ՄԱԿ-ից ու Եվրոպայից։ Ինչպե՞ս են նրանք Եվրոպայի շարքերն ու ՄԱԿ ընդունել մի պետություն, որը ցեղասպանությունից ու ծավալապաշտությունից բացի ոչինչ չգիտի»,- հայտարարեց Մանասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930