Ի աջակցություն Արցախի՝ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց տեղի ունեցավ այսօր։ Ցույցի մասնակիցները նախ ասացին, որ ՄԱԿ-ի գրասենյակից պահանջում են գործուն միջոցներ ձեռնարկել Արցախի երեխաների իրավունքների անհապաղ վերականգնման ուղղությամբ։ Նաեւ պահանջեցին օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությունների հիման վրա ընդունել Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձեւ։ Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ Արցախի շրջափակման հետեւանքով ծանրագույն հումանիտար իրավիճակի, սննդի և վառելիքի բացակայության պատճառով Արցախում 30 000 երեխաներ զրկված են իրենց հիմնարար իրավունքներից և ազատություններից, այդ թվում՝ կրթության իրավունքից։ «Մենք խնդրում ու պահանջում ենք ձեզանից, այնպես մի արեք, որ մենք եւ դուք, որ միջազգային կազմակերպություն եք կոչվում ու առաքելություն ունեք, չամաչենք այդ երեխաներից՝ Երեւանում եւ Արցախում»,- ասաց կազմակերպիչներից Նարե Սիմոնյանը։
Կազմակերպիչներից Արեգա Հովսեփյանը անգլերեն ելույթով դիմեց ՄԱԿ-ի գրասենյակին։ «Մենք այստեղից մեր աջակցությունը, սրտի խոսքն ենք ուղղում արցախցի երեխաներին, ովքեր այսօր առաջին օրը գնում են դպրոց։ Մենք շատ լավ ենք հասկանում, որ սա ամենեւին էլ այն սեպտեմբերի մեկը չէ, որը դուք պատկերացրել եք, բայց հավատացեք, Աստված չի մոռացել Արցախը։ Կարող է ամբողջ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը մոռանան մեզ, բայց մենք չենք թողնելու դա, անընդհատ պայքարելու ու հիշեցնելու ենք, որ Արցախի երեխաները գոյություն ունեն, որ Արցախի մայրերը տառապում են, բայց պայքարում են՝ հանուն նրա, որ ապրեն իրենց հայրենիքում»,- ասաց նա։
Գրող-հրապարակախոս Ռուզան Ասատրյանը հայտարարեց․ «Այն ժողովուրդը, որն օրինակ չի վերցնում իր սխալներից, այդ սխալները կրկնվում են նրա կյանքում։ Հայերս մշտապես վստահեցինք աշխարհում բոլորին, բացի մեզանից։ Մինչդեռ, մեր բազուկներում, մեր ձեռքերում է մեր հաղթանակը։ Աշխարհի ոչ մի երկրում չկա մի ազգ, որը մի քանի անգամ գենոցիդ ապրի, սա ի՞նչ բան է։ Ուրեմն եկեք սխալը մեր մեջ որոնենք ու շտկենք մեզ։ Ես այս ամբիոնից կոչ եմ անում վայր իջեցնել կուսակցական դրոշները, միավորվել, բռունցք դառնալ՝ հանուն Արցախի ու Հայաստանի փրկության, որովհետեւ եթե վտանգվեց Արցախը, կվտանգվի նաեւ Հայաստանը։ Այս ինչպե՞ս ենք մտածում, այս ի՞նչ ենք անում հայեր, թողնում ենք, որ Արցախը կուլ գնա՞»։ Նա նշեց, որ Ալիեւն արհամարհեց եւ Հաագայի դատարանի որոշումը, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչերը։ Ըստ նրա՝ այսօր միջազգային հանրությունը պետք է բանաձեւ ընդունի, որ Ալիեւը եղեռն է իրականացնում, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունենում, հազարամյակներով իր հողի վրա ապրող էթնիկ բնակչությունը ոչնչանում է։
Ռուզան Ասատրյանը նաեւ ասաց, որ գրավոր դիմումով պետք է ՄԱԿ-ից պահանջել, որ Ալիեւին զրկեն իր դրամական միջոցներից։ Պետք է նաեւ պահանջել, որ Ալիեւին զրկեն զենքի մատակարարումից։ «Եթե ոչ մի քայլ չարվի, ապա հետագայում ես իմ բոլոր ձեռագրերում վարկաբեկելու եւ ՄԱԿ-ին, եւ միջազգային կազմակերպություններին՝ համարելով, որ նրանք մասնակից են նոր եղեռնին՝ արցախյան եղեռնին»,- հայտարարեց նա։
Կարդացեք նաև
Ռուզան Ասատրյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանի տարածքը 200 անգամ փոքրացել է․ 400 հազար քառակուսի կմ Հայաստանից այսօր մնացել է 29․8 հազար քկմ-ն, ինչի մասին հայտարարել է իշխանությունը։ Դա էլ հարցական է։
Հանրահավաքի կազմակերպիչները նամակներ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ