Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Ո՛չ, պարոն Հարությունյան, ձեր կողմից պաշտոնին մնալը ոչ թե պատասխանատվություն էր, այլ հակառակը՝ անպատասխանատվություն». Ավետիք Իշխանյան

Սեպտեմբեր 01,2023 18:10
avetiq ishxanyan

«Սեպտեմբերի 2-ը պետք է ունենա շարունակություն, մինչև Հայաստանում նույնպես կատարվի իշխանափոխություն։ Հայաստանում իշխանափոխությամբ է որոշվելու, թե կմնա՞ն երկու հայկական պետությունները, հետագայում միավորվելու հեռանկարով, թե՞ կդառնանք պետականազուրկ, անհայրենիք, թափառական ժողովուրդ». Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

-Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ այսօր պատրաստվում է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, այսօր արդեն հրաժարականի դիմումը ներկայացրել է խորհրդարանին. 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո Արայիկ Հարությունյանն ամեն կերպ և ամեն գնով շարունակում էր կառչած մնալ Արցախի նախագահի պաշտոնից։ Վերջին օրերին, սակայն, գործընթացներն ակտիվ հուն մտան, ինչի արդյունքում Արայիկ Հարությունյանը հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։ Ձեր կարծիքով ի՞նչ է կատարվում Արցախում, ինչ հանգրվանի ենք հասել։

-Երկար ժամանակ ձեռնպահ եմ մնացել Արցախի իշխանություններին քննադատելուց, հաշվի առնելով այնտեղ տիրող ծանր իրավիճակը։ Ինչ վերաբերվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա նրա պահվածքը մինչ պատերազմը, ինձ համար ընդունելի չէր, բայց պայմանականորեն՝ հասկանալի, քանի որ Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը և դժվար էր հակադրվել Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Սակայն, այսօրվա հայացքով, երբ նայում եմ, ապա ճիշտ կլիներ, որ մինչև պատերազմն արդեն Արցախի ղեկավարությունը հակադրվեր այն ամենին, ինչի մասին վարչապետ կոչեցյալը խոսում էր. նկատի ունեմ, Արցախի հարցով իրար հակասող հայտարարությունները։ Արցախում միակ քաղաքական գործիչը, որ հակադրվում էր վարչապետ կոչեցյալին՝ Վիտալի Բալասանյանն էր։

Ինչևէ, խայտառակ պարտությունից հետո, ինչպես վարչապետ կոչեցյալն, այնպես էլ Արայիկ Հարությունյանն առանց անհարմար զգալու, մնաց իր պաշտոնին։ Այսպիսով, մենք ունեցանք կրկնակի խայտառակություն երկու հայկական պետություններում։ Իր սպասվելիք հրաժարականի խոսքում, Արայիկ Հարությունյանը, պարտությունից հետո պաշտոնին մնալը բացատրում է որպես պատասխանատվության զգացում։ Ո՛չ, պարոն Հարությունյան, ձեր կողմից պաշտոնին մնալը, ոչ թե պատասխանատվություն էր, այլ հակառակը՝ անպատասխանատվություն։

Եթե Արայիկ Հարությունյանն իսկապես Արցախի հարցում ունենար պատասխանատվության զգացում, ապա չէր հրահանգի դատարկել Բերձորը, Աղավնոն, Սուսը, կատարելով Հայաստանի վարչապետ կոչեցյալ-Ադրբեջանի նախագահ զույգի պահանջը, որն էլ հետագայում բերեց Արցախի շրջափակմանը։ Նույն զույգի պահանջով, Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնից ազատեց Ռուբեն Վարդանյանին։ Ավելին, 2022թ․ հոկտեմբերին, երբ վարչապետ կոչեցյալը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է, որպես Ադրբեջանի տարածք, ապա Արայիկ Հարությունյանը պետք է կոշտ արձագանքեր և կապերը խզեր նրա հետ։

Կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը կապված է ադրբեջանական ապօրինի անցակետում երեք երիտասարդների առևանգման հետ։ Սա արդեն լցրել է արցախահայության համբերության բաժակը և Ստեփանակերտի հրապարակում հավաքված ժողովուրդը պահանջել է նրա հրաժարականը։

-Արցախյան զարգացումներն ի՞նչ անդրադարձ կունենան երևանյան գործընթացների վրա։

-Կարծում եմ, ոգևորություն կառաջացնի Արցախի ապագայով մտահոգված հայաստանցիների շրջանում։ Այս տեսակետից` անչափ կարևոր է, սեպտեմբերի 2-ի հանրահավաքը։ Այս հանրահավաքին պետք է մասնակցեն բոլոր նրանք, ում համար կարևոր է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ ողջ հայ ժողովրդի ճակատագիրը։ Հուսանք, որ հանրահավաքը կմիավորի ողջ ընդդիմադիր ուժերին, այն համատեղ անցկացնելու համար։ Սեպտեմբերի 2-ը պետք է ունենա շարունակություն, մինչև Հայաստանում նույնպես կատարվի իշխանափոխություն։ Հայաստանում իշխանափոխությամբ է որոշվելու, թե կմնա՞ն երկու հայկական պետությունները, հետագայում միավորվելու հեռանկարով, թե՞ կդառնանք պետականազուրկ, անհայրենիք, թափառական ժողովուրդ։

-ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ պետք չէ մեղադրել ռուսական կողմին Արցախում կատարվողի համար, քանի որ Հայաստանի ղեկավարն է հայտարարել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. Տպավորություն է, որ ռուսական կողմը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով շագանակներ է հանում կրակից։

-Նախ, խոսենք ընդհանրապես խաղաղապահ ուժերի մասին։ Պատմության մեջ դեռևս որևէ դեպք չկա, որ խաղաղապահ ուժերն արդարացնեն իրեն առաքելությունը։ ՄԱԿ-ի զեկույցն արձանագրում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի արդյունավետությունն ընդամենը 20% է:

Խաղաղապահ ուժերը պետք է չեզոքություն պահպանեն կողմերի միջև։ Երբ կողմերից մեկը դիմում է սադրանքների, խաղաղապահ ուժերի առաքելությունը ձախողվում է։ Օրինակները բազմաթիվ են՝ Ռուանդայով սկսած, վերջերս Կիպրոսով վերջացրած։ Այդ տեսակետից՝ մինչ պատերազմը, երբ խոսվում էր խաղաղապահ ուժեր Արցախում տեղադրելու մասին, անկախ թե որ երկրների, կամ միջազգային կառույցների հովանու ներքո կլինեին դրանք, ինքս միշտ դեմ եմ եղել դրան։

Մեր դեպքում, իրավիճակն ավելի բարդ է, երբ հաշվի ենք առնում տարածաշրջանում Ռուսաստանի շահերը։ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, նաև ռազմական բաղադրիչով։ Ռուսաստանը՝ խրված լինելով պատերազմի մեջ, չի ցանկանում թշնամանալ նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ռուս խաղաղապահների կողմից ուժի ցանկացած կիրառման դեպքում ադրբեջանցիների նկատմամբ, Ադրբեջանի կողմից կհայտարարվի որպես կողմնակալության դրսևորում և կպահանջեն խաղաղապահների դուրս բերում։ Հակառակ դեպքում, կկատարվի հավաքական Արևմուտքի ցանկությունը՝ Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացումը։

Այս տեսակետից, Մարիա Զախարովան, ուղղակի օգտագործեց Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից Արցախն ուրանալու փաստը։ Եվ եթե այդ փաստը չլիներ, ապա Մարիա Զախարովան, այլ պատրվակ կգտներ։

Բայց եկեք անկեղծ խոսենք, եթե իսկապես, Հայաստանի վարչապետ կոչեցյալն Արցախը չուրանար, նրա հրահանգով չդատարկվեին Բերձորը, Աղավնոն, Սուսը, ապա գուցե և շրջափակում նույնպես չէր լինի։

-Երեկ նաև ՌԴ ԱԳ նախարարն է ուշագրավ հայտարարություն արել. մասնավորաբար, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հանդես է գալիս Անդրկովկասում Թուրքիայի հետ գործակցության խորացման օգտին։ Ինչի՞ կհանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի այս քաղաքականությունը, սրա հետևանքով ի՞նչ է սպասում հայկական պետություններին։

-Ինչպես վերը նշեցի, Ռուսաստանի համար շատ կարևոր է չթշնամանալ Թուրքիայի հետ և Թուրքիան հմտորեն օգտվում է ստեղծված իրավիճակից։ Մյուս կողմից, Սերգեյ Լավրովի խոսքը չի հակասում և արտահայտում է Հայաստանի պաշտոնական տեսակետը՝ բարեկամանալ Թուրքիայի հետ՝ բացելով բոլոր ճանապարհները, Հայաստանը դարձնելով խաչմերուկ։ Ինչ-որ չափով իրավիճակը հիշեցնում է 1920 թվականը, երբ Հայաստանի ղեկավարությունն ուներ արևմտյան կողմնորոշում՝ Անտանտին համարելով իր դաշնակիցը՝ մերժելով Ռուսաստանին։ Արդյունքում, եղավ ռուս-թուրքական համագործակցություն և 60 000 քառ․ կմ-ից մնաց փոքր տարածք Հայաստան։ Սակայն չեմ կարծում, որ Սերգեյ Լավրովն անկեղծ է։ Ամեն դեպքում, Ռուսաստանը չի ցանկանում հեռանալ ոչ Արցախից, ոչ Հայաստանից, այդ է վկայում նաև Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելը։ Սակայն, պետք չէ հանգիստ սպասել, թե ի՞նչ են որոշում մեր փոխարեն, վաղը կարող է նոր իրավիճակ ստեղծվել և ինչպես 1920թ․, նորից հայտնվենք զոհի կարգավիճակում։ Այս տեսակետից, ուղղակի անհրաժեշտություն է Հայաստանում շուտափույթ իշխանափոխություն իրականացնել։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930