Քաղաքական- հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին, ասաց, որ ինքը դրա մեջ եւ հնարավորություններ եւ ռիսկեր է տեսնում:
«Եթե նրա գնալու արդյունքում Արցախում կլինեն քաղաքական ուժեր, որոնք իրավիճակը կվերցնեն վերահսկողության տակ, իրենց առջեւ դրված խնդիրների լուծման հարցում կցուցաբերեն համերաշխություն, դա ցանկալին է: Բայց վտանգ էլ կա: Իլհամ Ալիեւն ի՞նչ է ասել: Ասել է. նախագահը պետք է իր պաշտոնից հրաժարվի, կառավարության անդամները, պատգամավորները պետք է իրենց պաշտոններից հրաժարվեն, բոլոր պետական ինստիտուտները պետք է լուծարեք, որպեսզի ես ձեզ համաներում կիրառեմ: Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ Արայիկ Հարությունյանը դա Ալիեւի պահանջով չի արել:
Հիշեք, թե վերջերս Արայիկ Հարությունյանն Արցախում ի՞նչ հրահրեց: Աշխարհազորայինների բանդա, որն ինքն է ղեկավարում չէ՞: Այնտեղ կան նաեւ այլ խմբավորումներ: Հիմա իր հրաժարականից հետո ռիսկեր չկա՞ն, որ ինքը կարող է նրանց միջոցով ներքին լարվածություն հրահրի: Արայիկ Հարությունյանը հիմա պասիվ դերակատարությո՞ւն է ունենալու, գնալու է՝ երեխաներին տանի մանկապարտե՞զ: Նա խնդիր ունի չէ՞… Ես փորձում եմ հասկանալ, թե այդ խնդիրը որն է: Իմ կարծիքով խնդիրն այն է, որ ինքը հրաժարականից հետո ոչ թե պասիվ կեցվածք է ընդունելու: Վտանգ կա՞, որ հրահրվեն, չեմ ասում, թե կլինի, ասում եմ՝ վտանգ կա, հնարավոր է հրահրվեն զինված բախումներ Արցախի ներսում, կրակոցներ իրար վրա եւ այլն, ինչը Ալիեւին առիթ կտա ասելու, թե այնտեղ ահաբեկչական ապօրինի զինված խմբավորումները խուլիգանություններ են անում: Դա Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածք է եւ ես պիտի զորք մտցնեմ՝ այնտեղ հասարակական կարգ հաստատելու համար: Ու երեք հատ ուղղաթիռ իջեցնի Ստեփանակերտի ստադիոն եւ Ադրբեջանի դրոշ կանգնեցնի նախագահականի գլխին:
Դրա համար եմ ասում. սա հնարավորություններ տալիս Արցախում իրավիճակի փոփոխության, իշխանության կենտրոնացման, ժողովրդի, հասարակության համախմբման, եւ մեծ ռիսկեր է պարունակում»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ