Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Հայկ Մարությանը պիտի աշխատանքի գար, որ մի բան էլ ստեղծեր կամ չստեղծեր»․ բանավեճ ՔՊ-ական և «Ազգային առաջընթաց»-ի ավագանու թեկնածուների միջև

Սեպտեմբեր 01,2023 17:28

«Միայն վերջին տարում Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 33-35 հեկտարի չափով»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Երևանն այդպես էլ չի կարողանում ավելացնել իր կանաչ տարածքները։

Նա ասաց, որ Եռաբլուր տանող ճանապարհին, Համալիրին հարող լանջում, դրա հետնամասում հիմնվել են անտառային տնկարկներ, նաև հիմնվել են անտառային գոտիներ Սարալանջում, Հաղթանակի զբոսայգու ներքևի տարածքում, դեպի Ագրարային համալսարան հասնող տարածքում։ Երևանում հիմնվել են մի շարք պուրակներ ու այգիներ, անցկացվել է 40 կիլոմետրից ավելի ջրագիծ և այլն։

«Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյանն ասաց, որ երբ նշվում էր վերջին մեկ տարում, ուզում է այդ կապակցությամբ հուշել, որ 2020-ին իրականացվել է Ծիծեռնակաբերդի տարածքում հողային հսկայական աշխատանք, ոռոգման ցանցի աշխատանք․ «Այն, որ հետագայում կարողացանք ծառատունկ իրականացնել, դրան նախորդել են հիմնարար աշխատանքներ։ 2021-ին Եռաբլուր տանող ճանապարհի 4,5 հեկտար տարածք կանաչապատվեց մշտադալար բույսերով»։

Քրիստինա Վարդանյանն ասաց, որ 2019-ի հուլիս-օգոստոսին Երևանի՝ այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանն իրեն հրավիրեց մեծ քննարկման Երևանի կանաչապատման խնդիրների հետ կապված․ «Հարց էր բարձրացվել՝ հարմա՞ր է արդյոք այս համակարգը։ Մասնավոր 12 կազմակերպություններ իրենց ճաշակով մատուցում էին կանաչապատման ծառայություն, չկար միասնական համակարգ։ Մի քանի տարբերակներ առաջարկեցի։ Հայկ Մարությանն ընտրեց հենց այս՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարբերակը։ Եվ դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանին ընդունեց այն։ Այսօր մենք ունենք լուրջ կառույց։ Սա լուրջ միջամտություն է, նոր համակարգ է։ Սա 2018-ի ծրագրում էլ չի եղել, եղել է հետո»։

Արմեն Բեգոյանն արձագանքեց․ «Տիկին Վարդանյանը գլխավորել է փոխտնօրենի պաշտոնը այս ՀՈԱԿ-ի 2020-2021-ին, որի ընթացքում իր ենթակայության տակ է եղել ջերմոցատնկարանային տնտեսությունը։ Ես սկզբում հանդիսանում էի այդ ՀՈԱԿ-ի տնօրենը, և Հայկ Մարությանի ապիկար ղեկավարության պատճառով լքել եմ պաշտոնս: Դրանից հետո աշխատանքի է ընդունվել նաև տիկին Վարդանյանը, որի անմիջական ղեկավարության տակ էր ոլորտը։ 2020-2021-ին ջերմոցատնկարանային տարածքը չի ավելացվել ոչ մի սանտիմետրով։ Պետք չէ այստեղ հեծանիվ հայտնագործել։ Գործակարգավարականներին էլ է հայտարարվել, գործընթացը սկսված է, ջերմոցատնտեսությունն ընդլայնվում է՝ դառնալով 15 հեկտար առնվազն։ Ես կուզեմ բանավեճի մեջ մտնել տիկին Վարդանյանի հետ այն մասով, թե պարոն Մարությանը կանչեց, երկնեց և ստեղծեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Ճիշտ է՝ Մարությանը Երևանի քաղաքապետն էր, բայց այդ ՀՈԱԿ-ի ստեղծման ժամանակ մեծ աշխատանք եմ կատարել ես, ներկայիս գլխավոր դենդրոլոգը և մի շարք այլ մասնագետներ։ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ստեղծման աշխատանքները համակարգում էր այն ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Եթե ներդրում հաշվենք, ամենամեծ աշխատանքը կատարվել է իր կողմից։ Հայկ Մարությանը պիտի աշխատանքի գար, որ մի բան էլ ստեղծեր կամ չստեղծեր»։

Այնուհետև նա Քրիստինա Վարդանյանին հարցրեց․ «Դուք 2022-ի փետրվարին հեռացաք կազմակերպությունից, 2020-2021-ի ընթացքում Երևանի կանաչապատ տարածքները Ձեր ղեկավարության խմբի կողմից ավելացվել են 2,6 հեկտարով։ Մեր դեպքում՝ մեկ տարվա ընթացքում 30-ից ավելի հեկտարով։ Սրանք տվյալներ են, որոնք մանիպուլացնել չի հաջողվի։ Դուք հեռացաք ծառատունկի շեմին, ինչո՞ւ ծառատունկին ընդառաջ Դուք հեռացաք կազմակերպությունից»։

Քրիստինա Վարդանյանն արձագանքեց․ «Եթե Ձեր հիշողությունը Ձեզ չի դավաճանում, ՀՈԱԿ-ում աշխատում էիք հունվար -փետրվար, մարտին։ Ապրիլին մրցույթ հայտարարվեց, ու Դուք գնացիք։ Այդ ընթացքում ստեղծվեց տնկարանային տնտեսություն, որտեղ հազարավոր բույսեր կան։ Ես երեկոյան կներբեռնեմ նկարներն իմ էջում։ Ավելացրել ենք զանգվածներով մշտադալարները։ Երբ Ծիծեռնակաբերդի  8,5 հեկտարը կանաչապատվեց, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ շատ շնորհակալ է, քանի որ սա հսկա թիմային աշխատանք է, և ծառերը, որոնք տնկվեցին Ծիծեռնակաբերդում, ծնվել ու մեծացել էին քաղաքային տնկարանում»։

Քրիստինա Վարդանյանն ասաց, որ ինքն աշխատել սկսել է Երևանի կանաչապատման հետ կապված Հրաչյա Սարգսյանի հրավերով՝ որպես անկախ փորձագետ։ Առաջարկ էր արվել, որ կստեղծվի քաղաքապետին կից բնապահպանական խորհուրդ, և կլինեմ այդ խորհրդում․ «Հետո ստացվեց այնպես, որ ես մտա ՀՈԱԿ աշխատելու 2020-ի հուլիսին։ Ունեի մեկ պայմանավորվածություն, որ կմտնեմ այն պարագայում, որ մասնագիտական որևէ ցուցում չլինի․․․․Հրաչյա Սարգսյանը խնդիր էր դրել, որ 8,5 հեկտար հենց հիմա պիտի կանաչապատենք։ Գրեցի զեկուցագիր ու նշեցի, որ մինչև չլինի ոռոգման ցանց, ուղղահայաց պլանավորում, հողի հարթեցում, ես գեթ մեկ ծառ չեմ տնկի։ Ասացին՝ ինչո՞ւ եք բարդացնում՝ փոսը փորում, ծառ ենք տնկում։ Ասացի՝ նման կանաչապատում ես  չգիտեմ։ Դրա համար դիմումս գրեցի, որովհետև ուղղակի փոս փորելու և ծառ տնկելու համար մենք ունենք բանվորներ, իսկ կանաչապատումը լրիվ այլ գործընթաց է։ Այդ ժամանակ Ծիծեռնակաբերդի կանաչապատման նախագիծն ամբողջությամբ արել էինք։ Հիմա, երբ ասում են 2,6 հեկտար, տարօրինակ է։ Միայն Եռաբլուրը 4,5 հեկտար է, Սարալանջի վերևի հատվածը՝ 5 հեկտար, Սիրո և երիտասարդների այգին, որը վերականգնվել է, 2 հեկտար, Քանաքեռ ՀԷԿ-ի այգին՝ 1,7 հեկտար, գումարած փողոցների կանաչապատումը, ծառերի փոխարինման ծրագիրը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930