Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բուժհիմնարկները ավագանու վերահսկման տակ, բուժկենտրոն՝ սոցանապահովների համար, բժիշկների համար գրավիչ պոլիկլինիկաներ․«Հաղթանակ»-ի նախընտրական առաջարկները

Սեպտեմբեր 01,2023 17:00

Երեւան քաղաքում գործող բոլոր բուժհիմնարկները պետք է վերահսկվեն ավագանու կողմից, պետք է բարձրացնել բուժաշխատողների սոցիալական երաշխիքները, պոլիկլինիկաները պետք է գրավիչ դարձնել թե՛ բժիշկների, թե՛ բուժառուների համար։ Սրանք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթներն են։

Կուսակցությունը չի հրապարակել ծրագիրը, սակայն «Հաղթանակի» ավագանու թեկնածու Լիլիթ Կուջոյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ իրենց ծրագրի առողջապահության հատվածն էականորեն տարբերվում է մյուս ուժերի ծրագրերից։

«Տասնամյակներ շարունակ առողջապահական ոլորտը դուրս է մնացել ավագանու վերահսկողությունից, դա շատ վատ է։ Ավագանին պետք է վերահսկողություն իրականացնի Երեւանի պոլիկլինիկաներում, քաղաքի բոլոր բուժհիմնարկներում, այդ թվում՝ մասնավոր, որպեսզի հնարավոր լինի ապահովել, մեր կարգախոսով ասած՝ մարդամոտ մոտեցում պացիենտներին։ Պացիենտներն ուզում են հասանելի բժշկություն, իսկ դա միայն ֆինանսական հարցը չէ, այլ այն է, որ պացիենտը կարողանա նույն իր պոլիկլինիկայում ստանալ ամբողջական ծառայություններ, եւ ոչ թե մի ծառայություն ստանա մի պոլիկլինիկայում, մյուսի համար հասնի քաղաքի մյուս ծայրը»,-ասում է Կուջոյանը։

Մեր դիտարկմանը՝ առողջապահության նախարարությունը քաղաքականությունն է մշակում, պետպատվեր տեղադրում հիվանդանոցներում՝ ըստ չափորոշիչների, ինչի հիման վրա էլ վերահսկվում է տվյալ բուժկենտրոնի որակը, Երեւանի ավագանին ինչպե՞ս է մասնավոր հիվանդանոցներում, կլինիկաներում վերահսկողություն իրականացնելու, Կուջոյանը պատասխանում է․ «Ես մի քանի մասնավոր կլինիկաների ղեկավար եմ եղել, պետական բուժհիմնարկներում բաժանմունքի վարիչ, իմ փորձից գիտեմ, որ երբ վերահսկողությունից դուրս են մնում, անհնար է ապահովել լիարժեք սպասարկում։ Երբ ավագանու դերը մեծ կլինի, Երեւանի բուժհիմնարկներում վերահսկողություն լինի, իրավիճակն էականորեն կփոխվի։ Նախարարությունը տարին մեկ փաստաթղթերն է ստուգում, բժիշկների վերապատրաստման առկայությունն է ստուգում, դա բավարար չէ, որպեսզի բուժհիմնարկները համապատասխանեն այն որակին, որն անհրաժեշտ է մեր պացիենտներին»։

Արդյոք շուկայական հարաբերություններում ճիշտ է, որ պետական լայն միջամտություն լինի մասնավոր բուժհիմնարկներում, եւ հենց ավագանին այն իրականացնի, մեր այս հարցին ի պատասխան էլ ավագանու թեկնածուն ասում է՝ մասնավոր հիմնարկ չի նշանակում, թե՝ իմն է, ինչ կուզեմ՝ կանեմ․ «Առողջապահությունը պետական ծառայություն է։ Մասնավորը գումար է ներդնում, որպեսզի զարգացնի այն, բայց դա չի նշանակում առողջապահական ծառայության որակի ապահովումը պետք է վերահսկողությունից դուրս լինի։ Նախարարությունը չունի ո՛չ այդքան ժամանակ, ո՛չ հնարավորություն այդ վերահսկողությունն ապահովելու համար, ինչը շատ լավ կարող է անել ավագանին, որպեսզի մասնավոր ոլորտը մի քիչ ավելի ձիգ լինի։ Իսկ թե ինչպես պետք է վերահսկի, սա տեխնիկական հարց է, որը պետք է մշակվի»։

Թեկնածուն ասում է՝ պոլիկլինիկաների բարեփոխումները միայն շենքային պայմանները չեն, կամ սարքավորումների հագեցվածությունը չէ, մասնագետների խնդիր կա։ Նկատում է՝ պոլիկլինիկաները պետք է բժիշկների համար լինեն այնքան գրավիչ, որպեսզի նրանք մասնագիտական աճի ընթացքում չձգտեն դեպի ստացիոնար՝ հիվանդանոցներ․ «Դրա համար բժիշկներին սոցիալական երաշխիքներ են պետք։ Բժիշկները չեն օգտվում ո՛չ սոցփաթեթներից, ո՛չ բժշկական ապահովագրությունից»։

Բժշկական ապահովագրությունը տվյալ հիմնարկի աշխատանքային հարաբերությունների դաշտում է, իսկ շատ հիվանդանոցներում բուժանձնակազմը ունի այդ ապահովագրությունը։ Բացի այդ՝ նախատեսվում է պարտադիր բժշկական ապահովագրություն, որը բոլորի վրա է տարածվելու։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Կուջոյանն ասում է՝ այդ առանձին դեպքերն այն չէ, ինչ պետք է։ Նրա ներկայացմամբ՝ բժիշկները պետք է պաշտպանված զգան իրենց․ «Մենք կարծում ենք, որ կկարողանանք որոշակի գումարներով ապահովել բժիշկների սոցիալական երաշխիքները, քաղաքի բյուջեն էլ կարող է ապահովել, ճիշտ հաշվարկներ են պետք»։

Կուսակցության առողջապահական ոլորտում առաջարկվող մեկ այլ դրույթ էլ կրկին պոլիկլինիկաների զարգացմանն ու բժիշկների ներգրավմանն է վերաբերում։ Նախընտրական ծրագրով «Հաղթանակը», ինչպես Լիլիթ Կուջոյանն է ներկայացնում, առաջարկում է՝ կոնսերվատիվ բուժում իրականացնող բժիշկներին հիվանդանոցներից դեպի պոլիկլինիկաներ տեղափոխել։ Ինչպե՞ս։ Կրկնում է՝ նախ՝ պոլիկլինիկայում աշխատանքն այնքան գրավիչ դարձնել, որպեսզի այդ բժիշկների հոսքն ապահովվի։

«Հնարավոր չէ բժիշկը, որն ասենք՝ ծնունդն է ընդունում, վիրահատություններ է անում, նաեւ որակյալ կոնսերվատիվ բուժում անի։ Նա պարզապես ժամանակ չունի։ Այսինքն՝ այն բոլոր բժիշկները, որոնք վիրահատական հատվածից ուզում են հեռու մնալ, նրանց համար պոլիկլինիկաներում լավ պայմաններ պետք է ապահովվեն, այդ թվում՝ աշխատավարձը, որպեսզի պացիենտները կոնսերվատիվ բուժման համար չգնան հիվանդանոցներ ու ժամերով հերթ կանգնեն, հետո բժիշկը վիրահատությունից դուրս գա, ոտքի վրա խորհրդատվություն անի ու բուժում նշանակի։ Այս դեպքում պոլիկլինիկաներն էլ համաչափ կզարգանան»,-ասում է Կուջոյանը։

Կուսակցությունն առաջարկում է Երեւան քաղաքում ստեղծել գոնե մեկ բուժհիմնարկ, որտեղ լիարժեք կսպասարկվեն սոցիալապես անապահովները։

Շտապօգնության վերաբերյալ էլ Կուջոյանն ասում է՝ այս ոլորտում բարեփոխումներ իրականացվել են, սակայն շտապօգնության բժիշկների համար էլ պետք է այդ ոլորտը գրավիչ դարձնել, ոչ թե այն լինի բժիշկների պրոֆեսիոնալ աճի համար միջանկյալ փուլ։

Հանրային առողջության վերաբերյալ էլ թեկնածուն գտնում է՝ առողջ ապրելակերպը պետք է սկսել մանկապարտեզներից եւ դպրոցներից․ «Բուժկետեր կամ չկան կամ նորմալ չեն գործում։ Նախկինում, երբ պարբերաբար բուժզննում էր իրականացվում, օրինակ ճարպակալումով երեխաների ծնողներին կանչում էին ու խորհուրդներ տալիս։ Երեխաներին սխալ ենք կերակրում, նրանք ճարպակալում են։ Օրինակ Ճապոնիայում ընդմիջման ժամերին մարզասրահում ասենք տասը րոպե վազքուղու վրա պարտադիր պարապում են։ Նման բաներ պետք է անպայման արվեն»։

Լիլիթ Կուջոյանի կարծիքով՝ ծրագիրն իրականացնելու եւ առողջապահության ոլորտը բարեփոխելու համար համակարգային փոփոխություն պետք է արվի, այլ ոչ թե կիսատ՝ մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ․ «Պետք է խնդիրը դրվի հիմքից եւ մինչեւ վերջ տարվի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930