Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության միջանցքում անգիտակից պառկած վիճակում տեսա վստահորդիս. փաստաբան

Սեպտեմբեր 01,2023 16:30

Շենգավիթի Ոստիկանության բաժնում ենթադրյալ խոշտանգման ենթարկված Արայիկ Ավագյանը այսօր լուսադեմին քիչ քանակի ալկոհոլի ազդեցության տակ ձերբակալվել էր մեկ այլ քաղաքացու ահազանգով՝ սպանության սպառնալիքի համար:

«Վստահորդիս ձերբակալել են քաղաքացու բանավոր դիմումի հիման վրա, որ վստահորդս իբր իրեն սպանության սպառնալիքներ է հասցրել: Այնուհետեւ, ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո վստահորդիս նկատմամբ գործադրվել են հոգեբանական ու ֆիզիկական բռնություն, որի արդյունքում վստահորդս ստացել է բազմաթիվ վնասվածքներ: Նրան խոշտանգելու գործընթացը տեւել է ավելի քան մեկ ժամ, որովհետեւ իմ՝ ոստիկանության վարչական շենք հասնելու պահին դեռեւս շարունակվում էին այդ գործողությունները, եւ ինձ մոտավորապես կես ժամ չեն թույլատրել մուտք գործեմ ներս, տեսնեմ վստահորդիս: Կատարված բազմաթիվ ահազանգերից հետո նոր ոստիկանությունը որոշել է թույլատրել իմ մուտքը Ոստիկանության վարչական շենք: Երբ արդեն ներս մտա, այնտեղ պարեկային ծառայության հատվածի միջանցքում պառկած անգիտակից վիճակում տեսա վստահորդիս: Նա գտնվում էր արնաշաղախ վիճակում, արնաշաղախ վիճակում էր գտնվում նաեւ այդ միջանցքի հատակն ամբողջությամբ: Դրանից արդեն հասկանալի էր, որ վստահորդիս նկատմամբ առանձնակի դաժանությամբ խոշտանգման դեպք է տեղի ունեցել»,- Aravot.am-ին ասաց Ավագյանի ներկայացուցիչ Գեւորգ Մխիթարյանը (գլխավոր լուսանկարում):

Փաստաբանը հավանական վարկած չի համարում իր վստահորդի ինքնավնասում կատարելը, քանի որնա  պնդել է, որ ինքը միջանցքի ապակիներին հարվածել է պարեկային ծառայության աշխատակիցների՝ իրեն հրելու հետևանքով. «Այսինքն՝ դա ինքնավնասում չէ, պարեկների կողմից կոնկրետ գործողությունների հետեւանք է»:

Փաստաբանի տեղեկություններով՝ կատարվածը քաղաքական զարգացումների հետ կապ չունի, իր վստահորդը անցած տարի է վերադարձել ՌԴ-ից ու երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Նրա խոսքով՝ տեղի ունեցածը (սպանության սպառնալիքը) քաղաքացիների փոխհարաբերությունների ձեւաչափում է:

«Իմ վստահորդը տվյալ պահին ձերբակալված է, ստացվում է, որ այն անձը, որը խոշտանգման է ենթարկվել, գտնվում է ձերբակալվածների պահման վայրում այն բանի համար, որ բռնություն է գործադրել իրեն ձերբակալած ու ազատ տեղաշարժը սահմանափակող պարեկների նկատմամբ: Այն դեպքում, երբ պարեկները իր նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն»:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (խուլիգանություն, սպանության սպառնալիք, պաշտոնատար անձի օրինական գործունեության միջամտում, ), որով նշված արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 1978թ ծնված մի քաղաքացի։

Ավելի ուշ՝ վերջինս և նրա պաշտպանը համապատասխանաբար հաղորդում և ահազանգ են տվել այն մասին, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնություններ են կիրառվել նշված քաղաքացու նկատմամբ։ Այդ առթիվ ևս ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ ազդեցությունը չարաշահելը ու բռնություն գործադրելը):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930